HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչի կարևոր դրսևորումներից էին Երևանում և Բուդապեշտում ռեզիդենտ դեսպանությունների բացման որոշումները: Նախարարները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:

Քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները շեշտել են հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը և դրանով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործման միջոցով: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիյարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter