
Գագիկ Ադամյան. «Իմ երազանքը Գյումրին կանաչ քաղաքի վերածելն է»
Քաղաքական գովազդ
Զրուցում ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող ավագանու թեկնածու Գագիկ Ադամյանի հետ:
Ծնվել է 1960թ.-ի հոկտեմբերի 20-ին, Լենինականում, ծառայողի ընտանիքում: 1967-77թթ.-ին սովորել է Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 1 դպրոցում: 1979-81թթ.-ին ծառայել է ՌԴ Օրյոլ քաղաքում, խորհրդային բանակում: 1981-83թթ.-ին սովորել է Օրյոլ քաղաքի Առևտրի ինստիտուտում: 1984թ.-ին նշանակվել է Լենինականի հեծանիվի գործարանի ճաշարանի վարիչ և աշխատել մինչև 1988թ.-ի երկրաշարժը: Աղետից հետո 2 տարի ղեկավարել է Լենինականում շինարարություն իրականացնող «Կազախստրոյ» կազմակերպության աշխատակիցների համար ձևավորված ճաշարանի աշխատանքները: 1996-2009թթ. ընդունվել և ավարտել է մենեջմենթի համալսարանի տնտեսագիտության բաժինը: 2009թ.-ին Գյումրիում հիմնել է «Ապավեն» ախտորոշիչ կենտրոնը, որի տնօրենն է մինչև օրս: 2014-15թթ.-ին հիմնել է «Կանաչ կիրճ» հանգստի գոտին: 10 տարի եղել է Գյումրու ավագանու անդամ՝ հասցնելով աշխատել նախկին քաղաքապետերից Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի հետ:
Ամուսնացած է, ունի 3 զավակ և 8 թոռ: Անկուսակցական է:
-Պարոն Ադամյան, գյումրեցիները և ընդհանրապես հայերս սիրում ենք խոսել մեր արմատներից, որտեղից ենք եկել, ինչ նշանավոր նախնիներ ենք ունեցել և այլն: Եկեք զրույցը սկսենք հենց այդ կետից:
Եթե ավելի հետ պիտի գնանք, ուրեմն ասեմ, որ իմ նախնիները եկել են Կարսի նահանգի գյուղերից մեկից, որի անունը չեմ հիշում: Հասարակ, ռանչպար մարդիկ են եղել: Եկել-հաստատվել են սկզբում Արթիկի շրջանի Սարալանջ գյուղում: Իրենք, քանի որ Արևմտյան Հայաստանում անասնապահությամբ են զբաղվել, գաղթելուց հետո էլ ընտրել են վայր, որը համար կլիներ, արոտավայրեր կունենար ու էդ առումով Արագածի լանջերն իրենց գրավել են: Ես ծնվել եմ Լենինականում: Հայրս ներքին գործերի ծառայող էր, մայրս՝ տնային տնտեսուհի: Մենք 5 երեխա ենք՝ չորս եղբայր և մեկ քույր: Ես տան կրտսերն եմ եղել, բայց մերոնք երես չեն տվել: Մեծացել եմ ավանդական, պահպանողական ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել եմ խորհրդային բանակ, ծառայել եմ Օրյոլ քաղաքում՝ 1979-81թթ․-ին: Գիտեք, տղաներ կան, որ դժգոհությամբ են հիշում իրենց ծառայության տարիները, բայց ինձ համար էդ երկու տարին հա՛մ դրական էին, հա՛մ հետաքրքիր: Մեր չաստում կար մի պրապորշչիկ, որ շատ ազդեցիկ անձնավորություն էր: Ինքը հարգում էր հայերին, ու էնպես էր ստացվել, որ էդ չաստի պահեստը մի 10 տարի լենինականցիների ձեռքն է եղել:
Զուգադիպություն էր, թե ինչ, բայց երկու տարին մեկ, ամեն հերթափոխին, էդ չաստը միշտ մի լեննագանցի գալիս էր ու պահեստը պապական տան նման փոխանցվում էր մեկը մյուսին,-Գագիկ Ադամյանը ժպտում է,- դե ես էլ, բնականաբար, չէի կարող բացառություն լինել, իմ ծառայած տարիներին էլ պահեստը վստահվել էր ինձ: Մեր պրապորշչիկը զորացրվելուց հետո դասավանդում էր Օրյոլի առևտրի ինստիտուտում: Ես բանակից հետո վերադարձա Լենինական, երևի մի ամիս մնացի ու նորից հետ գնացի Օրյոլ, որ սովորեմ էդ ինստիտուտում: Ափսոս երկու տարի մնացի, կռիվների մեջ ընկա ռուսների հետ, ու ուսումս կիսատ թողնելով՝ վերադարձա Հայաստան:
-Սերը տնտեսագիտության, մենեջմենթի հանդեպ փաստորեն ծառայության տարիներից է ամրապնդվել Ձեր մեջ:
-Հնարավոր է: Ամեն դեպքում, իմ հետագա գործունեության մեծ մասը կապ է ունեցել սննդի ոլորտի կառավարման հետ, նաև ուսումնառությունը: Օրյոլից հետ գալուց մեկ տարի անց՝ 1984թ․-ին, նշանակվել եմ Լենինականի հեծանիվի գործարանի ճաշարանի վարիչ: Հետո մի 6 տարի աշխատել եմ այլ օբյեկտներում: Երկրաշարժից հետո ԽՍՀՄ տարբեր երկրներից Լենինական շինարարական կազմակերպություններ էին եկել: Ինձ կանչեցին, առաջարկեցին, որ «Կազախստրոյ»-ի շինարարների համար ճաշարան ձևավորեմ: Երկու տարի էլ էդտեղ եմ աշխատել: Հետո որոշեցի սեփական մի շինություն ձեռք բերել ու այնտեղ իմ պատկերացրած ռեստորանը հիմնեմ: Գյումրեցիք, ովքեր որ հաց են կերել այդտեղ, պիտի որ լավ հիշեն «Թոնրատունը»: Ութ տարի աշխատեցնելուց հետո վաճառեցի:
Ասեմ, որ 90-ականներին, ավելի հստակ 1996-2001թթ.-ին, հասցրի եւս մեկ բուհական կրթություն ստանալ: 38 տարեկան էի, որ դիմեցի մենեջմենթի համալսարանի տնտեսագիտության բաժինը: Այսինքն անընդհատ կարիք էի զգում բարելավելու գիտելիքներս այդ ոլորտում: Ավարտելու տարին էր, հիշում եմ, զանգ ստացա Սոցապ նախարարությունից: Իմացել էին, որ լավ կապեր ունեմ ռուս բարձրաստիճան զինվորականների հետ, խնդրեցին իրենց օգնել մի շինության հետ կապված, որը հետագայում դարձավ հայտնի Թռչունյան տունը: Սոցապ նախարարն էդ ժամանակ Աշոտ Եսայանն էր՝ ծնունդով լենինականցի, ինքն է ինձ դիմել, ծանոթացրել Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանի հետ, ով պատասխանատուն էր Ամերկոմի որբանոցի սան Վահան Թռչունյանի վերջին կամքի՝ գտնել 20-րդ դարասկզբին որբանոց ծառայած շինություններից մեկը և վերածել անապահով երեխաների համար խնամքի կենտրոնի:
Այդ ժամանակ ստեղծեցինք «Գյումրու ապագա» ՀԿ-ն, որ կարողանանք շենքը վերցնել մեր բալանսին ու աշխատանքներն իրականացնել: 2004թ․-ին ավարտեցինք, հանձնեցինք, այդ ժամանակահատվածում էր, որ առաջարկ ստացա ֆրանսիահայ բարերարից՝ Գյումրիում բացված բարեգործական ստոմատոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու: Աշխատել եմ վեց տարի: Հետո ֆրանսիացիների կողմից համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոն բացվեց, որի ղեկավարումը կրկին վստահվել է ինձ, աշխատել եմ շուրջ երեք տարի: Երբ Գյումրու առողջապահության ոլորտում ֆրանսիացիների առաքելությունն ավարտվեց, այդ կենտրոնն էլ հետը փակվեց: Բայց ես որոշեցի ինքս շարունակեմ տոմոգրաֆիկ ծառայություններ մատուցել Գյումրիում: Հրավիրեցի բժիշկ ընկերներիս, ճիշտն ասած՝ մի քիչ ռիսկային գնահատեցին, վախեցան բեռի տակ մտնել, բոլորը հրաժարվեցին: Ես 2008թ․-ին բանկից վարկ վերցրի, 2009թ․-ին գնացի Դորթմունդ քաղաք, էնտեղից այդ ժամանակի համար ժամանակակից սարքավորումներ գնեցի, բերեցի Գյումրի և հիմնեցի «Ապավեն» ախտորոշիչ կենտրոնը, որ գործում է մինչև օրս:
-Պարոն Ադամյան, դուք բոլո՞ր հարցերին եք մոտենում այդպես նախանձախնդիր ու կառուցողական տրամաբանությամբ:
-Ժամանակին մի պաշտոնյա ինձ հետ կապված մի արտահայտություն է արել, թե «Պարտք ունեցող հիմնարկի ղեկավար նշանակեք Ադամյանին, 6 ամիս հետո էդ սաղ պարտքը հետ կբերի»: Սա ասվել է, իհարկե, իմ գործունեությունը տեսնելով: Երբ Աշոտ Գիզիրյանը նոր էր նշանակվել Շիրակի մարզպետ, հեռուստատեսությամբ տեսել էր ելույթս՝ նոր բացված ախտորոշիչ կենտրոնի մասին: Ինձ հրավիրեց իր մոտ, ուզում էր նշանակել մարզի առողջապահության վարչության պետ, ես հրաժարվեցի, որովհետև համապատասխան կրթություն չունեի: Անցավ էդ զրույցից երեք ամիս, ինձ կրկին հրավիրեցին ու առաջարկեցին ստանձնել Գյումրիում գործող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի ղեկավարումը: Ասեմ, որ բուժհաստատությունն ընդունել եմ 22 մլն դրամ պարտքով, հանձնել եմ 14 մլն դրամ եկամուտով: Հաստիքային կրճատումներ եմ արել, պարզվեց մաքրողի հաստիքով համակարգչային օպերատոր էին պահում և այլն: Հրավիրել եմ աշխատելու քաղաքի լավագույն մասնագետներին, բոլորի աշխատավարձերը բարձրացրել եմ: Պոլիկլինիկայում բժիշկ կար, որ մինչև իմ տնօրեն լինելը 60-70 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, հետո արդեն մինչև 180-200 հազար դրամ են ստացել, ես խոսում եմ 2011-19թթ․-ի մասին: Գիտեք իհարկե, որ Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկան երկրաշարժից հետո իտալացիների նվերն էր Գյումրուն: Ինքը երկհարկանի կառույց է, ուներ լիֆտ, որ 28 տարի չէր աշխատել: Էդ լիֆտն եմ ոտքի հանել, գործարկել եմ տվել, որ երկրորդ հարկ բարձրացող հաշմանդամները, հիվանդներն ու ծերերը խնդիր չունենային: Հետո, երբ մարզպետ նշանակվեց Կարեն Սարուխանյանը, ես դիմումս գրեցի, դուրս եկա:
-Որքան հիշում եմ, այդ ժամանակ ձեր աշխատանքից ազատումը պատճառաբանվեց համապատասխան բժշկական կրթություն չունենալով: Այդպե՞ս է:
-Ճիշտն ասած՝ էդ փաստն էնքան էր շահարկվել նշանակումիցս հետո, որ որոշել էի էդ պակասող թուղթն էլ ձեռք բերել: 51 տարեկանում կրկին ուսանող դարձա, ընդունվեցի Հայբուսակի ստոմատոլոգիայի բաժինը: Բայց հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ ավարտելուց հետո ոչ մի օր չեմ աշխատել: Թեպետ մինչև դիպլոմը ստացա, արդեն պետք էլ չեկավ, որովհետև պոլիկլինիկայի տնօրենի աշխատանքը թողեցի: Ազատման դիմումս երբ գրեցի, Սարուխանյան Կարենը հարցրեց, թե ինչու եմ հեռանում, ես էլ ասացի, որ չեմ կարող բավարարել իրենց դրած պահանջները և չեմ ուզում աշխատել իրենց հետ: Սա է ողջ պատմությունը՝ կապված իմ բժշկի դիպլոմի և պետական վերջին աշխատատեղից հեռանալու հետ: Իրականում, եթե կուզեք իմանալ, ցանկացած հիմնարկի ղեկավար պիտի լինի լավ կառավարիչ, գրագետ մենեջեր: Բացարձակ պարտադիր չէ, որ վիրաբույժը բուժհիմնարկ ղեկավարի: Երկու կորուստ է լինում այդտեղ՝ մասնագետի և ղեկավարման առումով: Համոզված եմ՝ ցանկացած ոլորտում այդպես է:
-Խոսենք ձեր գործունեության այն շրջանից, երբ ավագանու անդամ էիք, և մաս էիք կազմում քաղաքի կառավարման, համաձայնություն տալիս կարևոր որոշումների, ազդեցություն ունենում նախագծերի ընդունման վրա:
-Ես ավագանու անդամ եմ եղել երկու նախկին քաղաքապետերի օրոք՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի: Երեք ընտրությունների մասնակցել եմ մեծամասնական ընտրակարգով ու միշտ շատ ձայներ եմ ունեցել՝ 1550 ձայն առաջին անգամ, երկրորդ անգամ՝ 1800, երրորդ անգամ՝ 2601 ձայն: Սա նշանակում է, որ մարդիկ անձնապես վստահել են, որ էդքան քվե են տվել: Կարևոր նախագծերից մեկի մասին միայն կհիշատակեմ, որի տակ ստորագրել եմ նաև ես, երբ պիտի դիմեինք Կառավարությանը փողոցաշինության համար ՎԶԵԲ-ից էդ 23 մլն դրամ վարկը ստանալու համար: Ինչու եմ սա հիմա շեշտում, որովհետև ծրագիրը հաստատվել էր 2016թ․-ին, որին նույն Փաշինյանի խմբակցությունը ԱԺ-ում դեմ էր քվեարկել ու անհամաձայնություն հայտնել: Ուղղակի մինչև ուսումնասիրման փուլն ավարտվեց, հետազոտություններն արեցին, անցավ երկու տարի, բուն շինարարական աշխատանքները սկսվեցին 2018թ․-ին ու հայտարարվեց իբրև ՔՊ-ն է էդ ամենի հեղինակը:
-Մի քանի տարի ընդմիջումից հետո, դուք կրկին հնարավորություն ունեք մտնելու համայնքապետարան, այս անգամ ԴԱԿ ցուցակով և մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը: Ձեր գլխավոր տեսլականը ո՞րն է:
-Իմ երազանքներից մեկը Գյումրին կանաչ քաղաք դարձնելն է: Ես բնության սիրահար եմ: Իմ հիմնած «Կանաչ կիրճ» հանգստի գոտու տեղն էլ ժամանակին ձոր էր, ժայռաբեկորներ ու աղբ: 10 տարվա ընթացքում ստացա էն, ինչ հիմա տեսնում եք: Տուրիզմից ենք անընդհատ խոսում: Իմ կարծիքով՝ մաքուր ու կանաչապատ քաղաք ունենալն էլ ինչ-որ տեղ բավարար կլինի, որ օտարը հաճույքով գա: Մաքրության ու բնության առումով իմ սերը հասնում է ֆանատիզմի:
Լուսանկարը՝ Վահրամ Համբարյանի
Մեկնաբանել