
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նիստի մեկնարկին ելույթով հանդես եկավ նախագծի հեղինակներից Արտակ Զեյնալյանը։ Զեյնալյանը ներկայացրեց օրենքի նախագիծը և նշեց, որ այս նախագծի ընդունման վերաբերյալ ԵՄ-ից եղել են ողջունող հայտարարություններ։
Հարակից զեկույցով ելույթ ունեցավ նաև Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ օրենքի ընդունումը համահունչ է Հայաստանի որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։
«Եզրափակելով ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ օրինագծի ընդունումը ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը և համահունչ է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը»,- ելույթն ամփոփելով՝ ասաց Պարույր Հովհաննիսյանը։
Օրենքի նախագծի նախապատմությունը
2024 թվականի հունիսի 21-ին ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին լսումներ եղան։ Լսումներ անցկացնելու նախաձեռությամբ հանդես էր եկել Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակը, որի կազմում ընդգրկված է արտախորհրդարանական 4 կուսակցություն՝ «Հանրապետություն», «Հանուն հանրապետության», «Հայաստանի եվրոպական» և «Քրիստոնեա-ժողովրդավարական»։
Մոտ վեց ժամ տևած լումների ավարտին պարզ դարձավ, որ իշխանությունը սեփական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի։
«Ի՞նչ հարց է լուծում հանրաքվեն ընդհանրապես։ Աշխարհում մի քանի դեպք կա, երբ պետությունները հանրաքվեներ են անցկացնում։ Առաջինը իրավական պարտավորվածությունն է, երբ պետությունը որևէ գործընթաց անելուց պարտավոր է ստանալ ժողովրդի համաձայնությունը, ինչպես օրինակ մեր Սահմանադրությամբ վերպետական որևէ կառույցի անդամ դառնալուց, այսինքն՝ արդեն երբ եկել է պահը որևէ պետական կառույցի անդամակցելու, ահա այդ պահին պետք է նախորդի համաժողովրդական հանրաքվեն։ Երկրորդը կարող է լինել քաղաքական, երբ իշխանությունը որևէ հարցում զգում է ժողովրդի ավելի ամուր քվեի կարիքը, ավելի ամուր աջակցության կարիքը։ Այդ իրավիճակներում անցկացվում է, այսպես կոչված, խորհրդատվական հանրաքվե»,- հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Ըստ Եղոյանի՝ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ իրավիճակը Հայաստանում չկար։ Հայաստանը պետք է դիմեր ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու համար, ապա քննարկվեր այդ հարցը Եվրոպականմ միության համապատասխան կառույցներում, ստանար դրական եզրակացություն, և միայն այդ պարագայում կարող էր անցկացվել հանրաքվե։
Իսկ քաղաքական աջակցություն ստանալու և խորհրդատվական կարծիք ստանալու մասով Եղոյանը նշեց, որ Կառավարությունը շատ լավ գիտի ժողովրդի տրամադրվածությունը։
Այս լսումներից մեկ ամիս անց՝ հուլիսի 22-ին, Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակի անդամ 4 ուժերից 3-ը՝ «Հանրապետություն», «Հանուն հանրապետության», «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները, քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների հետ միասին հայտարարեցին, որ պատրաստվում են ստորագրահավաք սկսել։
2024 թվականի սեպտեմբերի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Եվրաքվեի նախաձեռնող խմբի հայցը։ Սեպտեմբերի 16-ից սկսվեց ստորագրահավաքը։
Եվրաքվեի նախաձեռնողները ստորագրահավաքն ավարտեցին ժամկետից շուտ՝ նոյեմբերի 7-ին՝ հավաքելով նախատեսված 50.000-ի փոխարեն 60.000 ստորագրություն։
2025թ․ հունվարի 9-ին Կառավարությունը հավանություն տվեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Սա անակնկալ չէր, քանի որ դեռևս նոյեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ասել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել այս նախաձեռնությանը։
«Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննարկումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի, և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ասել էր Փաշինյանը։
Ի վերջո, փետրվարի 12-ին արդեն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, 63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Փետրվարի 24-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդիրն ու գործադիրը օրենքում որոշ փոփոխություններ կատարեցին։ Մասնավորապես՝ Կառավարությունն առաջարկել էր օրենքն ընդունել առանց նախաբանի, սակայն քննարկումների արդյունքում որոշվեց թողնել նախաբանը՝ այն շարադրելով հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Մեկնաբանել