
Ջրատարի շինաշխատանքները չեն ավարտվել, գյուղացիները զրկվել են ոռոգման ջրից
2024թ. հոկտեմբերից վերանորոգվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ-Աղավնատուն գյուղերի տարածքով անցնող ջրատարը: Նշված գյուղերի հողօգտագործողներն ամբողջությամբ և հարևան Արագած, Լեռնամերձ գյուղերը՝ մասնակի, զրկված են ոռոգման ջրից: Հատկապես տուժում են պոլիէթիլենային թաղանթներով ջերմոցատերերը, որտեղ այս սեզոնին աճեցնում են թարխուն, անանուխ, բանջարեղեն, ելակ և այլն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հավաստիացնում են, որ առաջիկա օրերին ջրատարը կգործի, մինչդեռ գյուղացիները չեն հավատում:
Ամբերդ գյուղի բնակիչ Կարեն Ավագյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նմանատիպ աշխատանքներն արագ պիտի կատարվեն, ոչ թե ձգվեն 5-6 ամիս: Ըստ նրա՝ Արմավիրի մարզն ակտիվ գյուղատնտեսական մարզն է, հետևաբար այստեղ հողը մշակում են տարին 12 ամիս, 5 ամիս ջրից կտրելը նշանակում է ուղղակի սնանկացնել գյուղացուն:
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ի և «Աս ծին տրանս» ՍՊԸ-ի միջև, Ստորին Հրազդանի ջրանցքի վերանորոգման նպատակով, պայմանագիրը կնքվել է 2024թ. սեպտեմբերի 24-ին, իսկ աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 16-ին:
Վերանորոգվող հատվածի երկարությունը 1447 մետր է: Աշխատանքների կատարման գումարը մոտ 190 մլն դրամ է:
Նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2025թ. ապրիլի 10-ը, սակայն առաջիկա 1-2 օրը ջրանցքում արդեն ջուր կլինի:
«Աշխատանքներն ավելի շուտ կավարտվեին, եթե ջուր չտանեին բետոնապատված հատվածով, որտեղ աշխատանքները դեռ չէին ավարտվել: Սա արձանագրվել է նաև համայնքապետարանի կողմից: Մոտ մեկ ամիս ավելի շուտ կարող էր շահագործման հանձնվել ջրանցքը»,- ասաց Սոնա Հարությունյանը:
Նշենք, որ ջրանցք ընդհանրապես ջուր չի մտնում, ինչի հետևանքով հարյուրավոր հեկտար հողեր չեն ոռոգվում: Ջրանցքի բոլոր մուտքերը փակված են հողային թմբերով:
Մեկնաբանել