
Վարույթներ՝ ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթներ է նախաձեռնել ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Խոսքը 2025 թ. մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին է։ Ստորեւ՝ Կոմիտեի հաղորդագրությունը։
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:
Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի էջից
Մեկնաբանել