HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանք, լուսավորություն, տնակների վերացում. ի՞նչ են ակնկալում գյումրեցիները ապագա քաղաքապետից

«Եթե աշխատատեղ էղնի, Գյումրին սոված չի քնի». գյումրեցիների առաջնահերթ խնդիրները՝ ընտրությունների նախաշեմին

Մարտի 30-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն և 3 կուսակցությունների դաշինք, որոնց թեկնածուներն այս օրերին ակտիվ քարոզարշավ են վարում։ Թեպետ խոստումները շատ են, բայց կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստացել։ Մենք զրուցել ենք գյումրեցիների հետ՝ պարզելու, թե որոնք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

Պետրոս Հակոբյանն առանձնացնում է քաղաքի լուսավորության հարցը և ուսանողներին հարմար աշխատանքների բացակայությունը. «Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին, ակնկալում եմ, որ ընտրված քաղաքապետը տեր կկանգնի խոսքերին, չի խաբի ժողովրդին։ Առաջնահերթ խնդիր եմ համարում քաղաքի լուսավորությունը։ Ժամը 18:00-ից հետո քաղաքը բառացիորեն մարում է, միայն կենտրոնական հատվածներն են լուսավորված։ Կան փողոցներ, որտեղ գիշերվա ժամերին հազիվ ես անցնում, հատկապես անձրևոտ օրերին։Ես՝ որպես ուսանող, շատ դժգոհ եմ ուսանողների համար աշխատատեղերի բացակայությունից, մայրաքաղաքում շատ հարմար աշխատանքներ կարող ես գտնել, տարբեր ժամերի, իսկ այստեղ աշխատանքի գրաֆիկը հնարավոր չէ այնպես դասավորել, որ համատեղես ուսումը և աշխատանքը»:

 Անահիտ Իսպիրյանն ասում է՝  աշխատանք գտնելը մեծ խնդիր է, իսկ տնակների հարցը պետք է վերջնական լուծում ստանա. «Դեռ չեմ որոշել՝ կմասնակցե՞մ ընտրություններին, թե ոչ, բայց կարծում եմ՝ լավ կլինի։ Ուզում եմ առաջնային աշխատատեղերի և տնակների հարցը լուծվի, եթե աշխատատեղ էղնի, Գյումրին սոված չի քնի, մենք թասիբով ենք, առաջ սաղ աշխատատեղ էր, տնից երկու հոգի էլ աշխատեր, շատ լավ ապրում էին, հիմա ամբողջ ընտանիքի աշխատած գումարն էլ բավարար չէ, քաղաքը նպաստառու է դարձել համատարած, ավելի լավ է 20-30 հազար դրամի փոխարեն նորմալ աշխատատեղեր լինեն, մարդիկ աշխատեն, լավ ապրեն։ Գյումրեցին բոլորին լավ ճանաչում է, հույս ունեմ՝ ճիշտ ընտրություն կկատարի ես անգամ»։

Կարապետ Մկրտչյանն  ուզում է, որ վերականգնվի Գյումրիի նախկին արդյունաբերական հզորությունը. «Անպայման մասնակցելու եմ ընտրություններին։ Նոր քաղաքապետը պետք է լինի մարդամոտ, նվիրված և գործով ապացուցի իր խոսքերը։ Տնակները պետք է վերացվեն լրիվ, որ նույնիսկ մի հոգի չմնա տնակի մեջ, պետք է մարդկային կյանք լինի բոլորի համար։ Գյումրին միշտ եղել է արդյունաբերական քաղաք, ապահովել է Խորհրդային Միության շրջանների կարիքները, իսկ էսօր Գյումրին դարձրել են համայնք, ես ուզում եմ Գյումրին մնա քաղաք։ Թող բարեկեցիկ կյանք ապահովեն, որ ժողովուրդն էլ իշխանությանը թիկունքին լինի»:

Լենա տատիկը չի մասնակցելու քվեարկությանը, վստահ է, որ ոչինչ չի փոխվելու։ Նա դժգոհում է, որ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում տարեցներին։

Արմեն Հարությունյանն ընդգծում է երիտասարդական կենտրոնների բացակայությունը և քաղաքի մաքրության խնդիրը. «Հույս ունեմ, որ ընտրություններն արդար կանցնեն, և խոստումներն իրականություն կդառնան։ Գյումրիում պետք են երիտասարդական կենտրոններ։ Ընկերներիցս շատերը հեռանում են Գյումրիից, ապագա չեն տեսնում մեր քաղաքում։ Հետաքրքիր ժամանց անցկացնելու վայրեր չկան երիտասարդների համար, եթե կան էլ, շատ քիչ են։ Օրինակ՝ երբ հյուրեր ենք ունենում, բացի կենտրոնից ու մի քանի սրճարաններից չես կարող ուրիշ տեղ շրջել։ Նախ՝ շատ քիչ են այդպիսի վայրերը, բացի դրանից՝ անմշակ են։ Ինձ համար կարևոր է նաև քաղաքի մաքրության խնդիրը»։

Գրետա Սարգսյանը ուշադրություն է հրավիրում փողոցային շների և փողոցների անվանումների բացակայության խնդրի վրա. «Նոր իշխանությունները պետք է բարելավեն մարդկանց աշխատատեղերը։ Առաջնային խնդիրներից մեկը շների հարցն է։ Առավոտ շուտ եմ գործի գնում, ոհմակներով հավաքված են, չես կարողանում շենքից դուրս գաս, մեր հարևանին կծել էին։ Կան փողոցներ, որոնք չունեն անուններ, և երբ տաքսի ես կանչում, չգիտես՝ ինչ հասցե նշես։ Այս հարցը պետք է լուծվի, որ  բոլոր փողոցները ունենան հստակ անվանումներ»։

Հերմինե Քոչարյանն լ ուզում է տեսնել համախմբված և կազմակերպված իշխանություն, որը վերջնականապես կլուծի քաղաքի խնդիրները. «Գյումրիում փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի մարդիկ չլքեն քաղաքը։ Շատ երիտասարդներ հեռանում են այստեղից, որովհետև այստեղ աշխատանքի և կյանքի պայմանները բարդ են։ Պետք է փողոցները բարեկարգվեն, քանի որ տեղեր կան, որտեղ անձրևոտ օրերին պարզապես անհնար է քայլել։ Ջրահեռացման խնդիրը նույնպես տարիներ շարունակ չի լուծվում»։

Գյումրեցիների թվարկած խնդիրները ներառված են քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերում, թե որքանով դրանք կդառնան իրականություն, կպարզվի ընտրություններից հետո՝ գալիք տարիներին։

Միքայել Սարգսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter