
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմելիությունից. որն է նրանց մեղադրանքը
Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Պատգամավորները հավանություն տվեցին նաև Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ դատախազի միջնորդությանը։ Այս դեպքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ՝ 65, դեմ` 2։
Մարտի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացավ Ազգային Ժողով անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմելիությունից զրկելու միջնորդությամբ։
Աղազարյանի դեպքում միջնորդությունը վերաբերում է երկու դրվագի, որոնց հիման վրա հարուցված վարույթներ կան։ Երկու վարույթների վերբերյալ տեղեկությունները ձեռք են բերվել այլ քրեական գործերով քննության ժամանակ։
Վարույթներից առաջինը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով` 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելուն, այն է` առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիների արտահանումը կազմակերպելու համար:
Գլխավոր դատախազի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հովիկ Աղազարյանի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել Աղազարյանի հետ։ Վերջինը ընդունել է առաջարկը։
Այս փաստերի հիման վրա 2023 թ. դեկտեմբերի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ։
Երկրորդ վարույթը վերաբերում է Հովիկ Աղազարյանի կողմից 23.000 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք վերցնելուն։ Ըստ գլխավոր դատախազի միջնորդության՝ 2024 թ. նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող թիվ 44-0090-23 քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացրած թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թ. հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թ. մաս-մաս, ընդհանուր՝ 23.000 ԱՄՆ դոլար ն 300.000 ՀՀ դրամ է տվել Աղազարյանին՝ իր օգտին գործողություններ կատարելու, այն է՝ իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա՝ Հովիկ Աղազարյանի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:
«Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը` բավարարության տեսանկյունից` պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, միջնորդում եմ՝՝ տալ համաձայնություն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»,- ասված է գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության մեջ:
Հովիկ Աղազարյանի գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել 2024 թվականի հոկտեմբերից։ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ընթացքում Քննչական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ իրեն մի քանի անգամ զանգել են Հովիկ Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործը կարճելու համար։ Աղազարյանն էլ պահանջեց անուններ տալ։ Լեզվակռիվը վերածվեց փոխադարձ վիրավորանքների։
Այս դեպքից հետո Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ նախաձեռնվեց Քյարամյանի վարքը քննելու համար։ Վարույթ նախաձեռնվեց նաև ՔՊ-ի ներսում, որը պիտի ուսումնասիրեր Աղազարյանի պահվածքը։
Միջադեպից հետո՝ նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Կառավարության մի շարք անդամների խնդրել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանին նույնպես խնդրել է հեռանալ և վայր դնել մանդատը։
Երկար մտածելուց հետո՝ դեկտեմբերի 2-ին, Հովիկ Աղազարյանը որոշեց վայր չդնել մանդատը։ Այս որոշումից հետո նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ապա նաև՝ կուսակցությունը Աղազարյանին հեռացրին իրենց շարքերից։
Հովիկ Աղազարյանից հետո ՔՊ-ն կուսակցությունից հեռացրեց նաև պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ 2025-ի հունվարին Աղազարյանը և Ասլանյանը հայտարարեցին, որ ցանկանում են կուսակցություն ստեղծել։ Փետրվարի 8-ին տեղի ունեցավ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության»՝ ՄԱՍԿ-ի հիմնադիր համագումարը։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասկածվում է մանկապարտեզների և դպրոցների տարածքներն ապօրինի օգտագործելու համար։ Աննա Վարդապետյանի միջնորդության համաձայն, 2009-ի հուլիսից մինչեւ 2011-ի նոյեմբերը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011-2018 թթ․-ին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Մարգարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել պետության ու համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին։
Տարոն Մարգարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները, դրանք համարում է կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի նպատակը իրեն և իր համախոհներին քաղաքական պայքարից հեռու պահելն է։
«Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։ Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,- ֆեյսբուքյան գրառում էր արել պատգամավորը։
Նա նաև կոչ էր արել ընդդիմադիր երկու խմբակցութուններին չմասնակցել քվերակությանը։
Մեկնաբանել