HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։ 

Այս պահի դրությամբ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը` կոնսերվացվի: 51 հորից 26-ը համայնքային է, մնացածը ընկերությունների կամ անհատների տարածքներում են: 

2020-2022 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։ 2023թ․-ին խորքային հորերը կոնսերվացնելու կամ լուծարելու պետգնման պայմանագիրը միակողմանի լուծվել է, դատական գործընթաց է նախաձեռնվել։ 2024թ․-ին կնքված պայմանագիրը նույնպես լուծվել է, քանի որ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: 

Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Էրիկ Գրիգորյանը։ 2020թ․ մայիսից նրան փոխարինեց Ռոմանոս Պետրոսյանը, իսկ ներկայիս նախարար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին։ 

 

Ինչու են լուծվել հորերի կոնսերվացման կամ լուծարման համար կնքված պայմանագրերը

2023 թվականի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել։ Ընկերության հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման՝ 67,8 մլն դրամի պայմանագիր։ Կառավարության 2023թ․ ապրիլի որոշմամբ դրա համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։ Սակայն ՇՄՆ-ն  միակողմանի լուծել է պայմանագիրը։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ՇՄՆ-ն, գերատեսչությունը լուծել է պայմանագիրը, քանի որ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է մասամբ՝ 5,5 մլն դրամի չափով, խախտել է պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով աշխատանքի կատարման համար նախատեսված ժամկետները։ 

«Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկել է պայմանագրի միակողմանի լուծումը։ Հայցադիմումում նշել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերության կողմից կատարվելիքաշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, խոչընդոտներ և անհամապատասխանություններ, որոնց մասին տեղեկացվել է նախարարությանը՝ մի շարք գրություններով, սակայն աջակցություն չի ստացել:

«Ընկերությունը, ձգտելով հնարավորինս խնայել պետության միջոցները, աշխատանքներ կատարելիս, երբ հայտնաբերել է այնպիսի հորեր, որոնք ոչ միայն վտանգ չեն ներկայացնում, այլև ջրի որևէ կորուստ չեն տալիս և արդեն իսկ կոնսերվացված են, այն պայմաններում, երբ կարող էին իրականացնել իրենց գործառույթը և ակնկալել ստանալու դրա դիմաց գումար, չի արել աշխատանքը՝ փորձելով այդ մասերով հստակեցումներ մտցնել և առավելագույնս խնայել պետության միջոցները: Երբ հայտնաբերվել են ինքնաշատրվանող և բարձր ճնշումային հորեր, որոնց լուծարման համար առաջացած հավելյալ աշխատանքներն ու պայմանագրով չնախատեսված ծախսերն առկա չեն եղել՝ համապատասխան գրությամբ դիմել է պատասխանողին, խնդրելով կարգավորել առաջացած հարցերը»,- դատարանին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ավելին, «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն վստահեցրել է, որ ընկերությունն արել է հնարավոր ամեն բան պետությանը վնաս չպատճառելու համար, ժամանակին սկսել է աշխատանքները, սակայն բախվել է խոչընդոտների, կատարել է աշխատանքներ, որոնք ոչ միայն ամբողջությամբ համապատասխանում են նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին, այլև չի եղել գեթ մեկ աշխատանքի մասով թերություն, որը որևէ կերպ մատնանշված լիներ պատասխանողի կողմից:

Թիվ 1 հորի մասով ընկերությունն անընդհատ բարձրաձայնել է այն հանգամանքը, որ այդ խորքային հորը չի կարող լուծարվել, քանի որ հորում առկա են բարձր ճնշում, ջրի մեծ քանակ, և պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի միջոցով ուղղակի անհնարին է լուծարելը: Ավելին աշխատանքների իրականացումը կարող է պետությանը պատճառել ջրային ռեսուրսների հսկայական կորուստ, ինչը նկարագրվել է գրությամբ: Նույն այդ գրությամբ հստակ նշվել է, որ ընկերության կատարած աշխատանքների արդյունքում հորից դուրս եկող ջրի քանակն էականորեն նվազել է, այդպիսով խնայվել են էական ջրային ռեսուրսներ, և դա այն դեպքում, երբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից այդ հորի վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ դրա լուծարումը պայմանագրով նախատեսված պայմաններով փաստացի անհնարին է:

«Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ ՇՄՆ-ն կոպտորեն խախտել է նաև պայմանագրի դրույթները, և ընկերությանն աջակցելու փոխարեն ստեղծվել են խոչընդոտներ՝ աշխատանքների կատարման համար: Պայմանագրի գնի սահմաններում ուղղակի հնարավոր չէր հասնել այդ ցուցանիշին:

Մինչդեռ 2024թ․ հունվարի 8-ի գրությամբ ՇՄՆ-ն ընկերությանը հայտնել է, որ պայմանագիրը միակողմանի լուծվում է։

Դատարանին ներկայացրած հայցադիմումի պատասխանով ՇՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը եղել է մրցույթի միակ մասնակիցը, և գնումների մասին օրենսդրությամբ մրցույթի վերաբերյալ սահմանված կարգով հարցումներ կամ պարզաբանումներ չեն ստացվել:

Աշխատանքների սկիզբ է համարվել ֆինանսական միջոցների մասին համաձայնագրի կնքման օրը: Կառավարության որոշմամբ հատկացված միջոցներից հետո՝ 2023թ․ մայիսի 15-ին, կողմերի միջև կնքվել է համաձայնագիր։ Հղում կատարելով պայմանագրի հավելվածի տեխնիկական բնութագրին՝ ՇՄՆ-ն հայտնել է, որ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պատվիրատուի ներկայացուցչի առկայությունը պարտադիր է եղել:

Ինչ վերաբերում է ցանկի թիվ 1 հորի լուծարման աշխատանքների հետ կապված պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկին, ապա այն ընդունելի չի եղել ՇՄՆ կողմից, քանի որ  հակասում է Կառավարության որոշման Հավելված 1-ով հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի պահանջին, իսկ կազմակերպված գնման ընթացակարգի մրցույթի հրավերի պարզաբանումների փուլում որևէ հարցում չի ստացվել:

Նշված 56-րդ կետի համաձայն՝ արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: 

ՇՄՆ-ն գրությամբ հայտնել է նաև, որ լուծարվող կամ կոնսերվացվող հորի հաշվառման քարտը լրացնելու համար Կապալառուի կողմից պահանջվող խորքային հորերի անձնագրերի վերաբերյալ տեղեկատվության մշակման գործառույթը վերապահված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Հաշվի առնելով ընկերության կողմից աշխատանքների կատարման ժամկետի էական խախտումները և հիմք ընդունելով պայմանագրի համապատասխան կետերը՝ ՇՄՆ-ն 2024թ․ հունվարի 8-ին նախաձեռնել է պայմանագիրը միակողմանի լուծելու գործընթաց:

ՇՄՆ պատասխանատու ստորաբաժանումը նոյեմբերի 23-ին ներկայացրել է իր կարծիքը, ինչպես նաև՝ պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ բացասական եզրակացությունը։ Ընդհանուր առմամբ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ծավալը կազմել է 5,458,056 դրամ:

ՇՄՆ ներկայացուցիչը նշել է, որ անհասկանալի է ընկերության պահանջը՝ մի դեպքում ընկերությունը պնդում է պայմանագրի կատարման անհնարինության, միջոցների խնայման և այլ հնարավոր ու անհնար մտացածին պատճառների մասին, մյուս կողմից պահանջում է պայմանագրի ժամկետը երկարաձգել չորս ամսով՝ պայմանագրի կատարման համար: Այսինքն՝ եթե հնարավոր էր կատարել պայմանագիրը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չի կատարվել, իսկ եթե անհնար է եղել կատարել, ապա ինչու են պահանջել պայմանագրի ժամկետի երկարաձգում:

2024թ․ հունվարից երեք ատյաններով անցել է գործը. 2024թ․ մարտին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը եզրակացրել է, որ պայմանագրով և կից հավելվածներով սահմանված է վերջնաժամկետը, այն է 2023թ. դեկտեմբերի 1-ը, և ապացույցներում առկա տեղեկատվությունը բավարար է կատեգորիկ հետևություններ անելու համար առ այն, որ գնման պայմանագրի միակողմանի լուծման հիմքում նախարարությունը դրել է «Եդեմ գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնման պայմանագրով սահմանված ժամկետների խախտելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է 25 հորի մասով աշխատանքներ կատարելու համար թույլտվություն ստացած չլինելու պատճառով սահմանված ժամկետները խախտված լինելուն, ապա դատարանն արձանագրել է, որ այն անհիմն է, քանի որ նախ գնման պայմանագրով սահմանվել է 29 հորի հետ կապված աշխատանքների կատարում, և պայմանագրի միակողմանի լուծման հիմքում ընկած ժամկետների արձանագրված խախտումները չեն վերաբերում միայն այդ 25 հորին, բացի այդ՝ պատվիրատուն մի քանի գրությունով նշել է, որ դա պայմանավորված է որոշհորերի մասով սկսած աշխատանքների արդյունքները դեռևս հանձնված չլինելովով՝ կարևորելով աշխատանքների կատարման հաջորդականությունը:

Ինչ վերաբերում է կատարվելիք աշխատանքների ճշգրիտ հատկանիշները գնման առարկայի բնութագրում ամբողջությամբ և հստակ նկարագրված չլինելու պատճառով սահմանված ժամկետները խախտված լինելուն, ապա դատարանն արձանագրում է, որ այն, ըստ էության, գնման հրավերի պահանջների քողարկված բողոքարկում է և դուրս է սույն գործով ներկայացված պահանջի քննության շրջանակներից:

2024թ․ մարտի 15-ին դատավոր Գ․ Վարդանյանն ամբողջությամբ մերժել է հայցը։ 2024թ․ սեպտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը չի բավարարել ընկերության բողոքը և անփոփոխ է թողել կայացված ակտը։ 2024թ․ դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ի բողոքը վարութ չի ընդունել։ 

2019թ.-ին հիմնադրված «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ի միակ սեփականատերը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում հաշվառված Արմեն Հովհաննիսյանն է, տնօրենը` եղբայրը` Մասիս Հովհաննիսյանը: Վերջինս մեր հեռախոսազանգին պատասխանեց, սակայն խուսափեց մանրամասների մասին զրուցել և ներկայացնել իրենց մեկնաբանությունը, իր բնորոշմամբ` «ավելորդ խնդիրներից խուսափելու համար»: 

Համաձայն ՇՄՆ-ի՝ մեզ տրամադրած տեղեկատվության՝ 2024թ․-ին հորերի կոնսերվացման մրցույթին հայտ ներկայացրած միակ և հաղթող ճանաչված մասնակիցը եղել է «Արթուր Տոմեյան Վարդանի» ԱՁ-ն, որի հետ կնքվել է 78,5 մլն դրամի պայմանագիր։ Պայմանագիրը լուծվել է, քանի որ այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

«Արթուր Տոմեյան Վարդանի» ԱՁ-ի հետ կնքած պայմանագրից տեղեկանում ենք, որ կոնսերվացման կամ լուծարման ենթակա է 51 հոր կա։  

Ազգային ժողովում մարտի 20-ին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացնում էր Կառավարության ծրագրի կատարողականը՝ ՇՄՆ-ի մասով: Նախարարն այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել, թե քանի հոր է կոնսերվացվել, և քանիսն է մնացել: Նրան օգնության հասավ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որն էլ պատգամավորների մի քանի ճշգրտող հարցերին ի պատասխան ի վերջո հնչեցրեց թվեր, որոնք չեն համապատասխանում «Արթուր Տոմեյան Վարդանի» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրում նշված կոնսերվացման կամ լուծարման ենթակա հորերի ցանկին: Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ 58 հորից մնացել է 47-ը, այսինքն` 8 հոր կոնսերվացվել է, 3-ի համար ջրթույլտվություն է տրամադրվել: Եթե ենթադրենք, որ 51-ից հետո է 3 ՋԹ-ները տրամադրվել, ապա թիվը կրկին այլ կլինի` 48: 

Ակնհայտ է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը, իսկ մինչ այդ, այս տարիներին հազարավոր խորանարդ մետր ծավալներով ջուր է հոսել արտեզյան ավազանից։ Բոլորը խոսում են արտեզյան ավազանի դատարկման մասին, սակայն ոչ ոք իրապես կանխման գործընթաց չի նախաձեռնել, և անգործության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter