
«Վաղը կգաք շնորհավորելու, հանգիստ կզրուցենք». Սարիկ Մինասյան
Քիչ առաջ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։
31/53 ընտրատեղամասը, որտեղ իր քաղաքացիական պարտքը կատարեց Մինասյանը, գտնվում է «Գյումրվա բաղնիք»-ում։ Ամբողջովին սալիկապատված ընտրատեղամասում ընտրողներին մուտքի մոտ դիմավորում է «Ջակուզի/սաունա» ցուցանակը։
Քվեարկելուց հետո Մինասյանը շտապեց հեռանալ «Գյումրվա բաղնիք»-ից. տասնյակ լրագրողներով շրջապատված թեկնածուն տրամադրված չէր պատասխանելու նրանց հարցերին։
-Խորհրդարանում մենք Ձեզ հետ շփվել ենք, Դուք այսպիսին չէիք։ Աթո՞ռն է Ձեզ փոխել,- բողոքեց լրագրողներից մեկը։
-Ես էլի այդպիսին չեմ։ Ես էնպիսին եմ, ինչպիսին կամ։ Տարբեր աթոռներ փոխել եմ, գյումրեցիները ինձ ճանաչում են։ Որևէ աթոռ, որևէ պաշտոն, որևէ այլ բան ինձ կյանքում չի փոխի,- պատասխանեց Մինասյանը։
Վարչական ռեսուրս օգտագործելու և Մարտուն Գրիգորյանի հետ միջադեպի մասին հարցերին Մինասյանը պատասխանեց, թե նման բան չի եղել, և լրագրողները սխալ տեղեկատվություն ունեն։
«Ինձ ապտակող չի ծնվել, խնդրում եմ, այդպիսի մանիպուլյացիոն հարցեր մի՛ տվեք»,- ասաց նա։
ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն վստահ էր, որ ստանալու է ձայների մեծամասնությունը։ Հեռանալուց առաջ Մինասյանը դիմեց իր գրկի մանկահասակ որդուն և ասաց. «Սամ, հլը սա պակա, սա պակա, կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կզրուցենք»։
Մեկնաբանել