
Իշխանական թեկնածուի լուսանկարը՝ բուժամբուլատորիայի պատին
Փարաքար համայնքի թիվ 14/1 ընտրատեղամասը գտնվում է Այգեկ գյուղում։ Գյուղի կենտրոնական ճանապարհի հարևանությամբ գտնվող բուժամբուլատորիայի պատին փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի նկարը։
Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա։ Արգելվում է նման նյութեր փակցնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների վրա: Անտեսելով այս հանգամանքը՝ 2.5 տարի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ և 4 ամիս համայնքի ղեկավար աշխատած Լ. Գյուլնազարյանը գովազդային պաստառը փակցրել է համայնքային շինության պատին։
Քիչ հեռվում գտնվում է գյուղի մշակույթի տունը, որտեղ գործում է ընտրատեղամասը։ Գյուղացիների պնդմամբ՝ վերջին տարիներին մշակույթի տունը ծառայում է որպես ընտրատեղամաս։
Գեղանուշ Փարսյանը ընտրության էր եկել Այգեկ գյուղում որևէ բան փոխելու ակնկալիքով։ Ասում է՝ վերջին տարիներին էական փոփոխություններ չի նկատել։ Շեշտում է հատկապես 4 տարին, քանի որ իրենց համայնքը խոշորացվել է 2021թ․-ին։ Այդ ժամանակ պաշտոնյաները հայտարարում էին, թե բոլոր գյուղերը համաչափ են զարգանալու, մինչդեռ Այգեկի զարգացումը չեն տեսնում։
«Միայն կենտրոնական ճանապարհն է բարեկարգ։ Փողոցները երբեմն դառնում են անանցանելի։ Գյուղում ոչ մի խմբակ չկա, երեխաներին տրանսպորտով տանում ենք Փարաքար գյուղի խմբակներ։ Ես չեմ աշխատում, կարողանում եմ տանել, բայց աշխատող ծնողները չեն կարողանում, երեխաները մնում են փողոցներում՝ առանց զբաղմունքի», ասում է Գեղանուշ Փարսյանը։
Նա հավելում է, որ բարեկարգ վիճակում չեն գտնվում նաև կանգառասրահները։ Որևէ ուշադրություն չի դարձվում խմելու ջրի խնդրին։ Գ. Փարսյանը նշում է, որ հատկապես ամառվա ամիսներին երբեմն օրերով ջուր չեն ունենում։ Ջուրը հավաքում են բետոնե ավազանների մեջ ու այնտեղից խմում։
Գեղանուշն ու իր հետ քվեարկության եկած հարևանուհին հույս հայտնեցին, որ առաջիկայում ուշադրություն կդարձնեն գյուղին և թվարկված խնդիրները կլուծվեն։
Այգեկն ունի 1164 ընտրող, որից ժամը 12:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 448-ը։
Մեկնաբանել