
«Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն»․ Սարիկ Մինասյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել գյումրեցիներին իրեն տված ձայների համար։
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:
Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի:
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին:
Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ընտրություններում պայքարող քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն կազմել։ Ընդդիմադիր երկու ուժ որոշել է միանալ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանին։
Լուսանկարը՝ Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել