
«Կոտրված վահան». արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառների վերլուծություն
«Կոտրված վահան» գիրքը 2020 թվականի պատերազմի մասին մինչ այժմ գրված ամենահիմնավոր ուսումնասիրությունն է։ Այն ընդգրկում է 17 հայ և օտարերկրյա հեղինակների աշխատանքներ, որոնք խորությամբ ուսումնասիրել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև դրա նախապատմությունը և հետպատերազմյան իրադարձությունները։ Հեղինակները վերլուծել են դիվանագիտական գործընթացները, աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանի անվտանգության խնդիրները։ Գրքի գլխավոր խմբագիրն է Վիգեն Չըթըրյանը։
Գիրքը բաղկացած է 16 հոդվածից, որոնք դասակարգված են ըստ հինգ հիմնական թեմատիկ բաժինների՝ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականություն, Սփյուռք, ռազմաքաղաքական իրավիճակ, դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ, մշակութային ժառանգություն և մարդու իրավունքներ։
Բաժիններն ընդգրկում են պատերազմից առաջ և հետո ընթացող գործընթացները՝ ռազմական բարեփոխումների անհրաժեշտությունից մինչև տարածաշրջանային դիվանագիտության թերացումները։
Մարտի 28-ին Երեւանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ գրքի շնորհանդես-քննարկումը։ Այն հրատարակել է Newmag հրատարաչությունը՝ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի աջակցությամբ։
Քննարկումը վարում էր պատմաբան, միջազգայնագետ, «ՍիվիլՆեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը, որը նաև գրքի համակարգող խմբագիրն է։
«Արցախյան թեմային առնչվող չորորդ գիրքն է, որ հրատարակվում է, մինչ այս՝ փետրվարին լույս է տեսել նաև «44-պարտություն․ Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ» գիրքը, իսկ ավելի ուշ՝ այս տարվա աշնանը, Լոնդոնում լույս կտեսնի «Կոտրված վահան» գրքի անգլերեն տարբերակը»,- քննարկումը սկսելիս ասաց Կարեն Հարությունյանը։
Նրա խոսքով, գրքի հեղինակների նպատակը Հայաստանի պարտության պատճառները և ապագա հնարավորությունները հասկանալն է։
«1988 թվականից մինչ օրս պետական պաշտոնյաների հրապարակային ելույթների «խոսույթները» պարբերաբար փոփոխության են ենթարկվել՝ կապված ժամանակի և իրադրության փոփոխության հետ»
Արևելագետ, պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Նաիրա Սահակյանն այս ուսումնասիրության շրջանակում անդրադարձ է կատարել հայ քաղաքական առաջնորդների՝ արցախյան հարցին վերաբերող խոսույթին՝ ընդգծելով, որ այս թեման տարիների ընթացքում վերածվել է ներքաղաքական պայքարի գործիքի։
«Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ ելույթներ և վերլուծել, թե ինչպես է արցախյան հարցը քաղաքական դիսկուրսում տարիների ընթացքում փոխակերպվել։ 1988 թվականից առաջ մղվող «միացում» գաղափարն աստիճանաբար ենթարկվել է փոփոխությունների՝ վերածվելով ինքնորոշման մասին խոսույթի՝ միջազգային իրավունքի շրջանակներում հարցը լուծելու նպատակով։ Սակայն ներքին քաղաքական պայքարի պայմաններում այն չի ծառայել իր նպատակին»,- նշեց պատմաբան Նաիրա Սահակյանը։
«Մոսկվան երբեք չի ձգտել լուծել խնդիրը հօգուտ որևէ կողմի, եթե այդ կողմն ինքը չէ»
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը ուսումնասիրության շրջանակում վերլուծել է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակայուն ուղղություններից մեկն է Հարավային Կովկասի հարցը։ Սակայն, Մոսկվան մշտապես պահպանում է ռազմավարական հավասարակշռությունը՝ հօգուտ իր շահերի։ ««Լավրովի պլանն» այլ նպատակ ունի, և այս պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը երբեք չի տվել այն անվտանգային երաշխիքները, որոնք ակնկալում էր Հայաստանը»,- ասաց Նարեկ Սուքիասյանը։
Ըստ նրա՝ 2020 թվականից հետո Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, որը ներկայացվեց որպես Ռուսաստանի հաղթանակ, իրականում պարունակում էր լուրջ գործառութային բացեր։ Ռուսաստանը, ըստ էության, համաձայնեցրել էր իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ, այլապես չէր կարող այդ պայմաններում իր ուժերը տեղակայել տարածաշրջանում։
«Հայաստանը չուներ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող էին դիմակայել ադրբեջանական ԱԹՍ-ների զանգվածային գրոհներին»
Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն իր հոդվածում մանրամասն անդրադարձել է 2020 թվականի պատերազմում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ազդեցությանը և համեմատել այն ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
«44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից հայկական ուժերը լուրջ կորուստներ կրեցին հենց ՀՕՊ-ի բացակայության պատճառով։ Համեմատության համար՝ Ուկրաինայում պատերազմի առաջին ամսում բայրաքթարները զգալի դեր խաղացին, բայց երբ Ռուսաստանի բանակն անցավ լայնածավալ գործողությունների, պարզվեց, որ ԱԹՍ-ները կարող են խոցվել ժամանակակից հակաօդային համակարգերով»,- նշեց նա։
Ներսիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի ռազմական անհաջողությունների պատճառներից մեկը նաև կազմակերպչական խնդիրներն էին․ «Պատերազմը կարճ տևեց, ադապտացվելու ժամանակ չկար, իսկ թշնամու գրոհներն ինտեսիվ ու կենտրոնացած էին»։
«Կոտրված վահանը» 44-օրյա պատերազմի վերաբերյալ ամենաընդգրկուն ուսումնասիրությունն է մինչ օրս»
Պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը այս գրքին նախորդող՝ «Փոթորիկ Կովկասում» աշխատության համահեղինակն է և կարծում է, որ «Կոտրված վահան»-ը տարբերվում է նրանով, որ այստեղ ներառված են ոչ միայն ռուս, այլև հայ և միջազգային հեղինակների տեսակետները։
«Աշխատանքում չկան կրկնություններ, և այն ներկայացնում է արցախյան պատերազմի վերաբերյալ ամբողջական պատկեր, մեծ աշխատանք է արվել գիտական առումով՝ թե՛ որպես ճանաչողական, թե՛ որպես ուսումնական։ Գրքում արցախյան հարցի շատ ասպեկտներ են արծարծված»,- ասաց Տեր-Մաթևոսյանը։
«Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսեանը և Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը խոսեցին գրքի կարևորության մասին։
Փանոսեանն ընդգծեց, որ այս գիրքը լրացնում է գիտական վերլուծության բացը, որը մինչ այժմ ձևավորվել էր միայն քաղաքական բանավեճերի և պնդումների արդյունքում։
««Կոտրված վահան»-ը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու պարտվեցինք և ինչ դասեր պետք է քաղենք ապագայի համար,- նշեց Արտակ Ալեքսանյանը,- «Կոտրված վահան»-ը տալիս է գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու՞ պարտվեցինք։ Եվ գուցե՝ ով պետք է պատասխան տա»։
Սյունե Կիրակոսյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Լուսանկարները՝ Newmag-ի
Մեկնաբանել