HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Որդուս ԴՆԹ-ով գտանք, երկու ամիս անցել էր, շատ վատ վիճակում էր, նիհարել էր». զոհվածի մոր ցուցմունքը

Արև Պետրոսյանն իր ամուսնուն՝ Կամո Շահվերդյանին, շուրջ 3,5 ամիս փնտրել է դիահերձարաններում։ Կամո Շահվերդյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Մարտունի 3 զորամասի 7-րդ վաշտի զինծառայողների հետ, որոնք հոկտեմբերի 11-ին հրաման էին ստացել գնալ «9-րդ կմ» կոչվող տարածք։ Վաշտի բոլոր զինծառայողները զոհվել են։

Վերջին անգամ Արև Պետրոյանն ամուսնու հետ խոսել է 2020թ. հոկտեմբերի 6-ին։ Մինչ այդ նրանք ամեն օր զրուցել են։

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ 

Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

«Լսել էի, որ 7-րդ վաշտը հոկտեմբերի 11-ին, Ջալալ Հարությունյանի և Կամո Վարդանյանի հրամանով, գնացել է Հադրութ օգնության, նրանց պետք է դիմավորեր Կարեն Առստամյանը ու չի դիմավորել... Ուզեցել եմ հանդիպել Գոռ Իշխանյանին, տեսնեմ՝ ինչ է ասում, ինչ անեմ, հիմա ես մորգերում ման եմ գալիս, արժի գնալ էդտեղ ման գալ, թե՞ ասում են՝ շրջափակման մեջ է վաշտը։

3 անգամ գնացի, ասեցին՝ տեղում չի, կգա, մինչև երեկո սպասեցի, նորից հետ եկա, շարունակեցի փնտրտուքը մորգերում»,- դատարանին հայտնեց Արև Պետրոսյանը։

Տուժողը նշում է՝ բոլոր դեպքերում պետք էր ԴՆԹ հանձնել։ «Էդ ընթացքում էլ երեխաս էլ ժամկետային զինծառայող էր Եղնիկներում, զանգեցի, խնդրեցի, որ շուտ օտպուսկ ուղարկեին իրեն, որ կարողանայինք ԴՆԹ հանձնել»,- ասում է նա։

Կամո Շահվերդյանի ԴՆԹ-ն հաստատվել է 2021թ. հունվարի 15-ին։

«Մինչև ԴՆԹ-ն հաստատվելը, գիտեի՝ շրջափակման մեջ են»,- նշում է կինը։ 

Ռազմիկ Մադաթյանի մայրը՝ Շողիկ Հարությունյանը նշում է՝ հրադադարից հետո է իմացել, որ հոկտեմբերի 9-ին Հադրութը գրավված է եղել, իսկ հոկտեմբերի 11-ին զինծառայողներին տարել են այնտեղ։

«Հրադադարից 13 օր անցել էր, ոչ մի լուր չունեի ո՛չ փոքր տղայիցս, ո՛չ մեծ։ Գնացինք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու, էն էլ մեկ ուրիշի հանդիպեցինք։ Ասեցինք՝ եկել ենք, որ գտնենք 7-րդ վաշտի երեխեքին, ասաց, որ չեք գտնի, մենք էլ ենք ման գալիս, սպասում ենք Կարմիր խաչը մտնի էդ տարածք»,- պատմում է նա։

Դրանից հետո Շողիկ Հարությունյանն իր եղբոր հետ հանդիպել է Գոռ Իշխանյանին, որն էլ հայտնել է՝ իրենք էլ ենք սպասում Կարմիր խաչից լուր գա։

«Ասաց՝ ամեն ինչ նորմալ է, բայց գրիչն իր ձեռքին դողում էր,»- պատմում է տուժողը։

Գոռ Իշխանյանի հետ մեկ ուրիշ զինվորական է եղել, Շողիկի եղբայրը ասել է՝ գոնե դու ասա՝ ինչ կա երեխեքից, ասել է՝ «զանգել ենք, թուրք է պատասխանել հեռախոսին»։

Հետո եղբայրը Շողիկին հայտնել է, որ գտել են վառված զինծառայողների, պետք է ԴՆԹ հանձնել։

«Դեկտեմբերի 4-ին կամ 5-ին երեխեքի կեսին վառված հանել են Կարմիր խաչի հետ։ Որդուս ԴՆԹ-ով գտանք, երկու ամիս անցել էր, շատ վատ վիճակում էր, նիհարել էր, ցամաքած էր»,- պատմում է զոհվածի մայրը։

Տուժող Բորիկ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ ճանաչում է Գոռ Իշխանյանին, քանի որ նրա եղբոր հողատարածքում է աշխատել։

Որդուն՝ Արմեն Սարգսյանին, գտնելու համար նրա հայրը զանգել է զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին, որն էլ նրան ասել է՝ «ման ենք գալիս, որ ճարենք, խաբար կանեմ»։

Դատարանում հարցաքննվեց ևս 3 տուժող, որոնք մանրամասներ չգիտեին դեպքից։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ արդեն իսկ հարցաքննվել է 45 տուժող, 2 տուժող դիմում է ներկայացրել վատառողջ լինելու վերաբերյալ, 3 տուժող էլ հանրապետությունում չէ։

Դատական նիստի ավարտին հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը, և հաջորդ դատական նիստին սկսել վկաների հարցաքննությունը՝ համատեղելով համապաստասխան փաստաթղթերի ստացումը, որոնք ընթացքում կհետազոտվեն։

Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ նշեց՝ խնդիրն այն է, որ երկու մեղադրյալների մեղադրանքը վերաբերում է անփութությանը։ «Ներկա քրեական իրավական նորմերի համաձայն՝ անգործությունն իրավական ակտերով նախատեսված պարտականությունների կատարում կամ չկատարումն է։ Եթե ապացուցման առարկան անգործությունն է, իրավական ակտն ո՞ւր է, առանց իրավական ակտի ո՞նց եք անգործություն քննում»,- հարցրեց նա։

Հանրային մեղադրողն էլ ասաց, որ եթե խնդիրը զուտ վկայի հարցաքննության ընթացքում դիրեկտիվի ապահովված լինելն է, դատական նիստից հետո միջոց կձեռնարկի, որպեսզի մոտակա օրերին այն կողմերին հասու լինի։

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին։

Գլխավոր լուսանկարում՝ Շողիկ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter