HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը դադարեցվել է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունը ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է․ վերջիններս նաև ապամոնտաժվել են։ 

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող «Սափեյան Եղբայրներ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող, սակայն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) հաշվառման ռեեստրում գրանցված և շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու համար, և նշանակվել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով տուգանք։ Նշանակվել է նաև վարչական տույժ՝ հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների խախտման համար:

Խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում շահագործվող բենզալցակայանի և ՀԱԳ լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է:

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետների հերթական շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ թե՛ բենզալցակայանը, և թե՛ ՀԱԳ լցակայանը ապամոնտաժվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter