
Ջրանցքներ կհիմնանորոգվեն
Հայաստանի կառավարությունը մտադիր է 2025 թվականին շարունակել Սևան-Հրազդանի ոռոգման համակարգից սնվող՝ «Ջրառի» հաշվեկշռում գտնվող ջրանցքի մի քանի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Դրանց համար, ըստ հիմնավորման, պահանջվում է մոտ 220 մլն դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ ոռոգման համակարգերի ամրության և հուսալիության մակարդակը կբարձրանա, կնվազեն կորուստները, և կխնայվի Սևանա լճի ջուրը։
2021 թվականին Սևանա լճից բաց թողնված ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից Ջրային կոմիտեին «ՀԷՑ»-ը փոխանցել է 1,24 մլրդ դրամ (30.12.2022թ.), իսկ «ՄԷԿ» ՓԲԸ-ն՝ 212,5 մլն դրամ (հավասարաչափ՝ 31.10.2022թ. և 29.11.2022թ.), ընդամենը՝ 1,4 մլրդ դրամ։
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված գումարը փոխանցվում է հաջորդ տարվա համար նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար։
Այսպիսով, ստորին Հրազդանի ջրանցքի և Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթերի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի 5 հատվածները հիմնանորոգելու համար անհրաժեշտ է շուրջ 516 մլն դրամ։ Գումարի սղության պատճառով նախատեսում են հիմնանորոգել միայն 1-ին և 5-րդ հատվածները՝ 95 մլն դրամով։
Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի հիմնանորոգման աշխատանքների համար մրցութային գործընթացը դեռևս ընթացքի մեջ է։
Ըստ ՏԿԵՆ հիմնավորման՝ 2022-2024 թվականների ընթացքում 1,2 մլրդ դրամով իրականացվել են «Արտաշատի ջրանցքի», «Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի» և ևս 3 օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ: Արտաբյուջետային հաշվի մնացորդը 01.01.2025թ. դրությամբ կազմել է շուրջ 240 մլն դրամ։
Լուսանկարը՝ Կառավարության արխիվից
Մեկնաբանել