HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արձանագրվել է սպանության դեպքերի աճ. առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են

2024թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40 հազ. 232 դեպք, որից 18 հազ. 397-ը՝ Երևան քաղաքում: 2023թ. համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Սակայն, արձանագրվել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների աճ, իսկ միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության 2024թ. գործունեության տարեկան հաղորդման մեջ:

2023 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1.7%-ով: Եթե 2023թ. գրանցվել էր 20 հազ. 24 դեպք, ապա 2024թ.-ին՝ 20 հազ. 361: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով: 2024թ. գրանցվել է 12 հազ. 253 դեպք: Ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով: Համեմատության համար նշենք, որ 2023թ. գրանցվել է 6116 դեպք, իսկ 2024-ին՝  5518: Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով: Մասնավորապես՝ 2023թ. արձանագրվել է 1678 դեպք, իսկ 2024-ին՝ 2100:

Թեև առանձնապես ծանր հանցագործությունների թվերն աճել են, սակայն հարկ է նշել, որ 2100 դեպքերից 1502-ը հանկարծամահությունների դեպքերն են: Եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա 2024թ. գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի համեմատ:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ հանցագործության 40 հազ. 232 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների թվի մեջ կազմում են 5.2% (2023թ.՝ 4.1%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.7% (2023թ.՝ 15%):

2024-ին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 7353 դեպք: 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 15 հազ. 502 դեպք), իսկ 1.3%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և այլն: Դրա համեմատ 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023թ.՝ 19 դեպք, 2024թ.՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023թ. 210 դեպք, 2024թ.՝ 444 դեպք) և այլն:

2024թ. արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով: Մասնավորապես՝ 2023թ. գրանցվել է 55 դեպք, իսկ 2024-ին՝ 63: Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով:

Դատախազության հաղորդման համաձայն՝ 2014-2024թթ. տարեկան սպանությունների միջին թիվը 53 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter