
«ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիա և առցանց ու անցանց կրթության կենտրոն՝ Բրյուսովի անվ. համալսարանում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի և առցանց ու անցանց կրթության կենտրոնի հանդիսավոր բացումը: Ստորեւ՝ լաբորատորիայի բացման վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը։
Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության համար: ԲՊՀ-ն այժմ առաջարկում է արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթաց, որոնք հասանելի են ոչ միայն համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար:
ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, կարևորելով ենթակառուցվածքների ստեղծումը բուհում, նշեց, որ, չնայած պատկառելի տարիքին (այս տարի համալսարանը դառնում է 90 տարեկան), այս քայլը երիտասարդական է և ժամանակակից: «Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու մեր կրթական ծառայությունները: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ կարևոր է, որ կրթությունը հասանելի լինի բոլորին՝ հեռավոր վայրերում ապրողների, ազատ տեղաշաժվելու հնարավորություններ չունեցող և զբաղված մարդկանց համար»,- ասաց ռեկտորը:
ԲՊՀ հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար և «MEDIA» ծրագրի համակարգող Տատյանա Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով նախագծի առանցքային նպատակներին, ասաց, որ դրանք ներառում են համապատասխան կարգավորող մեխանիզմների մշակում՝ ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում, և թվային ուսուցման կազմակերպման համապատասխան ռեսուրսների ստեղծում՝ ապահովելու առցանց համակարգված և որակյալ կրթություն:
Բացի այդ, ուսումնաարտադրական լաբորատորիան և կենտրոնը ուսանողների համար ստեղծում են մասնագիտական խորացված կրթության նոր հնարավորություններ:
Լուսանկարները տրամադրել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության եւ լրագրության գիտաուսումնական կենտրոնը
Մեկնաբանել