HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կոշ» ՔԿՀ նախկին պետը ապօրինի գույք չունի. դատարանը մերժել է դատախազության հայցը

Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Նարինե Ավագյանի) ապրիլի 2-ին, ամբողջությամբ մերժել է պօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցադիմումն ընդդեմ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Խաչատրանի և նրա կնոջ: 

2020թ. հոկտեմբերի 7-ին որոշվել էր ուսումնասիրել Լյովա Բաղդասարյանին պատկանող գույքը՝ ուսումնասիրության ժամանակահատվածի սկիզբ համարելով 2015թ. մարտի 23-ը: Սակայն, դատախազությունը, հիմք ընդունելով նշված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ի հայտ եկած տվյալները, 2022թ. որոշել է ուսումնասիրությունը սկսել 1999թ. հունվարի 12-ից:

Թեև գույքի վերաբերյալ ուսումնասիրության ավարտին Լյովա Բաղդասարյանը առարկություն է ներկայացրել, Գլխավոր դատախազությունը դա այնքան էլ արժանահավատ չի համարել և հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Լյովա Բաղդասարյանը հայտնել է, որ դեռևս ուսանողական տարիներից աշխատել է: Բացի այդ, ինքն ու կինը հիմնել են «Ուսանող» կոոպերատիվը, որը Զեյթունի ուսանողական թաղամասի 4-րդ մասնաշենքում սննդի պատրաստման ծառայություններ է մատուցել, ինչի արդյունքում կուտակել է խնայողություններ, որոնք ներդրել է առևտրի մեջ։ Կուտակված շահույթը պահել են ինչպես կանխիկ, այնպես էլ՝ «Խնայբանկում»: Ըստ դիրքորոշման՝ նշված եկամուտներով էլ ձեռք է բերվել դատախազության կողմից ապօրինի գնահատված գույքը: 

Ի հավաստումն այս պնդումների՝ ներկայացվել են «Խնայբանկի» գրքույկներ, Լյովա Բաղդասարյանի անձնագրերը, Երևանի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշման պատճենը և այլ ապացույցներ: Լյովա Բաղդասարյանը, ըստ իր հիմնավորման, մեկնել է արտերկիր աշխատանքի, կուտակել դրամական միջոցներ, ձեռք բերել «Գազ-310290» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը կազմել է 12.000-13.000 ԱՄՆ դոլար: Մեքենան մոտ մեկ տարի անց վաճառել է պակաս արժեքով: Ըստ ներկայացված դիրքորոշման՝ ավտոմեքենան ձեռք է բերվել և օտարվել ոչ թե առուվաճառքի պայմանագրի կնքմամբ, այլ՝ լիազորագիր կազմելու եղանակով (ներկայացվել է նաև լիազորագրի պատճենը): Սակայն, դատախազութունը լիազորագրի պատճենը չի համարել Լյովա Բաղդասարյանի կողմից նշված ավտոմեքենան գնելու և օտարելու թույլատրելի ու արժանահավատ ապացույց: Ավելին, միայն նշված լիազորագրից հնարավոր չի եղել պարզել ավտոմեքենայի ենթադրյալ ձեռքբերման և օտարման գինը:

Ըստ Լյովա Բաղդասարյանի՝ իրեն դրամական օգնություն են ցուցաբերել արտերկրում բնակվող ինչպես իր, այնպես էլ կնոջ ազգականները։ Ի հավաստումն՝ կցվել են բանկային անդորրագրերի պատճեններ: Սակայն, դատախազությունը այդ ապացույցները ևս վերաբերելի չի համարել: 

2005թ. բժշկական սխալի հետևանքով մահացել է Լ. Բաղդասարյանի դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Լյովա Բաղդասարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել և ստացել 4 մլն 985 հազ. դրամ փոխհատուցում: Այս տվյալը դատախազությանը հայտնի չի եղել, և այդ մասով նախապես հաշվարկ չի կատարվել, սակայն հետագայում նկատի են ունեցել: 

Անդրադառնալով գործի ապացույցներին, որ Լյովա Բաղդասարյանը մինչեւ պետական պաշտոնն ունեցել է այլ աշխատանքային գործունեություն, ստացել ենթադրյալ եկամուտներ և դրանք պահել խնայողությունների տեսքով, դատախազությունը նշել է, թե դրանք մեծամասամբ ֆիզիկական անձանց բանավոր հայտարարություններ են, այն էլ՝ հակասական։ Նման մի անհամապատասխանություն է համարվել Լյովա Բաղդասարյանի եղբոր հայտնած տեղեկությունը, թե 1990-ականների սկզբին տուրիստական խմբեր է ուղարկել տարբեր երկրներ, այդ գործընթացին մասնակցել է նաև Լյովա Բաղդասարյանը եւ ստացել շուրջ 400 հազ ԱՄՆ դոլար եկամուտ, մինչդեռ որպես վկա հարցաքննված Լյովա Բաղդասարյանը կիսով չափ քիչ եկամտի մասին է նշել։

Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, թե Լ. Բաղդասարյանը մի քանի գույք է ձեռք բերել պետական պաշտոն զբաղեցնելուց հետո, մինչդեռ նրա եկամուտները բավարար չեն եղել նման գործարքների համար։ Ձեռք բերված գույքերի շուկայական արժեքը եղել է շուրջ 70 միլիոն դրամ։

Լյովա Բաղդասարյանի կնոջ գույքի վերաբերյալ պարզաբանումների առնչությամբ եւս դատախազութունն անհամաձայնություն ունի: 

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ մինչև 1997թ. Լյովա Բաղդասարյանը ստացել է եկամուտներ տարբեր արժույթներով (ռուբլի, դոլար, դրամ)։ Գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով Լյովա Բաղդասարյանի՝ նշված ժամանակահատվածում ստացած եկամուտների հստակ մեծություն հաշվարկել և մատնանշել հնարավոր չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ եկամուտները ստացվել են տարբեր արժույթներով, այլև դրանց մի մասի դեպքում հայտնի չէ ստացման կոնկրետ տարին (տուրիստական խմբերի ուղևորություններին մասնակցության մասով մի քանի տարի ընդգրկող ժամանակահատվածի համար նշված է ընդհանուր եկամուտ)։ 

«Ուսանող» կոոպերատիվի պարագայում դատարանը հաստատված է համարել բացառապես եկամուտ ստացած լինելու փաստը, սակայն ոչ՝ դրա հստակ չափը, իսկ աշխատանքային գրքույկում մատնանշված աշխատանքային գործունեության մյուս տեսակների դեպքում առհասարակ հայտնի չէ եկամտի չափը։ Դատարանը հատուկ շեշտել է, որ դատախազությունը ինչպես հայցադիմումով, այնպես էլ գործի դատական քննության շրջանակներում կասկածի տակ չի դրել կամ չի հերքել Լյովա Բաղդասարյանի կողմից մինչև 1997թ. աշխատանքային գործունեություն ծավալած լինելու և եկամուտներ ստացած լինելու փաստը: Դատախազության հակափաստարկները առավելապես վերաբերում են Լ. Բաղդասարյանի եկամուտը հստակ հաշվարկելու անհնարինությանը, ինչպես նաև՝ այդ ժամանակահատվածում կատարված հնարավոր ծախսերին, որի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

«Տվյալ դեպքում պետք է հատկապես հաշվի առնել այն հանգամանքը, որ քննարկման են ենթակա պատասխանողի՝ շուրջ 30-35 տարի առաջ ստացված եկամուտները, և որոշ դեպքերում աշխատանքային գործունեության արդյունքում ստացված եկամուտները պարզելու անհնարինությունը պայմանավորված է իրավասու պետական մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերը ոչնչացված լինելու հանգամանքով, որպիսի պայմաններում համապատասխան փաստը չապացուցվելու բացասական հետևանքը չի կարող կրել պատասխանող կողմը: Ինչ վերաբերում է նշված եկամուտների ստացման ժամանակահատվածում Լյովա Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների բացակայությանը, Դատարանը նախ փաստում է, որ ծախսերի վերաբերյալ տվյալների բացակայությունն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես եկամուտների բացակայությունը հիմնավորող հանգամանք»,-նշված է վճռում։ 

Հակակոռուպցիոն դատարանը, անդրադառնալով 1995-1997թթ. շինարարական գործունեությունից Լյովա Բաղդասարյանի ստացած 5.200.000 ռուբլի եկամտին (դատախազության հաշվարկով՝ 62 մլն դրամ), արձանագրել է, որ էական անհամապատասխանություն չկա։

«Դատարանը 30-35 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների հաստատման համար բավարար է համարում պատասխանող կողմի ներկայացրած բանավոր և/կամ գրավոր հայտարարությունները, անուղղակի ապացույցները, ինչպես նաև՝ դրանք հերքող ապացույցների բացակայությունը»,-գրված է վճռում: 

Հակակոռուպցիոն դատարանը վճռել է Գլխավոր դատախազության հայցադիմումը մերժել: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Լյովա Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել են փաստաբաններ Հարություն Հարությունյանն ու Հրանտ Անանյանը:

Լուսանկարում՝ Լյովա Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter