
Արտաշատ համայնքի ղեկավարը եղել է շահերի բախման իրավիճակում. Վարչական դատարանի վճիռը
Վարչական դատարանը մերժել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Համայնքի ղեկավարը պահանջում էր վերացնել հանձնաժողովի որոշումը, որով արձանագրվել էր շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների խախտում և ենթարկվել տույժի՝ 300 հազ. դրամի չափով:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը:
Դեռևս 2024թ. մայիսին գրել էինք, որ Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը՝ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն, մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում:
Համայնքապետարանում որևէ խնդիր չէին տեսնում, ուղղակի վկայակոչում էին «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:
Այդ հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել: Հանձնաժողովն արձանագրել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին պայմանագրի կնքմամբ համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:
Կառլեն Մկրտչյանը 2024թ. օգոստոսին Կոռուպցիաի կանխարգելման հանձնաժողովի այդ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր Վարչական դատարան: Վերջինս 2025թ. ապրիլի 3-ին վճռել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հայցն անհիմն է:
Կառլեն Մկրտչյանը հայցադիմումում նշել է, որ Հանձնաժողովը որոշումն ընդունելիս ծանրակշիռ ապացույցներով չի հիմնավորել կարևորագույն փաստը՝ իր մեղքի աստիճանը կամ դրա առկայությունն առհասարակ։ Ըստ նրա՝ չի իմացել և պարտավոր էլ չէր իամանալ՝ ով է հանդիսանում նշված ՍՊԸ-ի սեփականատերը կամ տնօրենը: Պայմանագիր կնքելու պահին չի իմացել, որ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի սեփականատերը կամ տնօրենը ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանն է, հետևաբար Հանձնաժողովին գրավոր հայտարարություն չներկայացնելու մեջ մեղավորություն չի եղել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատարանում պնդել է, որ Կառլեն Մկրտչյանի և Նարեկ Բաղդասարյանի քաղաքական հարաբերությունները դրսևորվել են նույն կուսակցության անդամ լինելու և նույն համայնքում համապատասխանաբար համայնքի ղեկավար և համայնքի ավագանու անդամի պաշտոններ զբաղեցնելու հանգամանքով և պայմանավորված են վերջիններիս ունեցած այլ գործնական կապի ուժով ծագող հարաբերություններով:
Հանձնաժողովը գտել է, որ իրականացված գնման գործընթացի շրջանակներում Արտաշատի համայնքապետարանի և «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի միջև պայմանագրի կնքումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայտարարված մրցույթում միակ հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված առևտրային կազմակերպության բաժնեմասնակցի՝ իր հետ քաղաքական հարաբերություններով փոխկապակցվածության հանգամանքն արդեն հայտնի է եղել Կառլեն Մկրտչյանին:
Հանձնաժողովը գտել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության հանգամանքի առկայությունն արդեն իսկ այն ազդակն է, որի պարագայում պաշտոնատար անձը, ում վերաբերելի են շահերի բախմանն առնչվող իրավակարգավորումները, մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Անի Հարությունյան) արձանագրելով, որ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն է հանդիսանում Նարեկ Բաղդասարյանը, ով միաժամանակ, հանդիսանում է Արտաշատ համայնքի ավագանու անդամ և Կառլեն Մկրտչյանի հետ միևնույն քաղաքական կուսակցության անդամ է, նշել է, որ նրանք փոխկապակցված անձինք են:
«Դատարանն արձանագրում է, որ շահերի բախման իրավիճակի առաջացման հավանականությունն ակնհայտ է»,-նշված է վճռում: Իսկ անդրադառնալով այն հանգամանքին, որ Արտաշատի համայնքի ղեկավարը տեղյակ չի եղել, թե ով է եղել ընկերության սեփականատերն ու տնօրենը, դատարանը փաստել է, որ Հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում նիստը նախագահողի հարցադրմանը, թե արդյոք Կառլեն Մկրտչյանը պայմանագիրը ստորագրելու պահին տեղյակ է եղել, թե ով է հանդիսանում «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի սեփականատերը/տնօրենը, ինչպես նաև, որ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի սեփականատերը հանդիսանում է նույն համայնքի ավագանու անդամը, համայնքի ղեկավարի ներկայացուցիչն ընդունել և հաստատել է, որ նա տեղյակ է եղել նշվածի վերաբերյալ։
«Դատարանն արձանագրում է, որ անկախ 30․07․2024 թվականին կայացած լսումների ընթացքում Հայցվորի ներկայացուցչի կողմից կատարված հայտարարությունից, Հայցվորի այն փաստարկը, որ վերջինս տեղեկացված չի եղել, թե ով է հանդիսանում պայմանագրի կողմ ընկերության տնօրենը և բաժնետերը, արժանահավատ չէ՝ հաշվի առնելով, որ նման հանգամանքի առկայության դեպքում նշված փաստարկը չէր կարող վրիպել վարչական վարույթի ընթացքում առարկություններով ներկայացվող փաստարկների ցանկից»,-գրված է վճռում:
Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:
Մեկնաբանել