
Կառավարության երազանքը՝ վախեցած, բայց երջանիկ հանրություն
Խստացնել պետության պատժիչ ուժը, ցանկացած արարքի համար սահմանել և անխուսափելի դարձնել պատասխանատվությունը, ապա պատիժը, իրավական գործընթացների ելքը կախվածության մեջ դնել Կառավարության կամքից. սա է Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների նպատակը:
Արդարադատության նախարարության օրենսդրական վերջին նախագիծը առաջարկում է վերացնել Վարչական դատավարության օրենսգրքի՝ վարչական ակտի կատարումը կասեցնող դրույթը վարչական ակտը դատարանում վիճարկելու ժամանակ: Դրանով պետական ցանկացած մարմնի տուգանքի որոշում անմիջապե՛ս կատարվելու է, և տուգանքի գումարը անմիջապե՛ս գանձվելու է՝ անկախ դրա վիճարկելու հանգամանքից: Բացի տնտեսվարողի նյութական խոշոր և, հավանական է, անդառնալի վնասից՝ սրանով նաև խրախուսվում է կաշառակերությունը։
Տուգանքի որոշում ընդունող պաշտոնյայի ճնշման տակ՝ «լեզու գտնել» այն դեպքերում, երբ անձը, որի նկատմամբ մինչ տվյալ պետական մարմինը կնշանակեր անօրինական տուգանք, կորոշեր իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան: Որովհետև, հաշվարկելու է, որ չնչին է լինելու շանսը մուծված տուգանքը պետությունից հետ ստանալ, անգամ անհիմն տուգանքի պարագայում՝ աչքի առջև ունենալով դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից: Մուծված տուգանքը վիճարկելու պարագայում, հաշվի առնելով, թե սնանկության հասցնելու ինչ չափի վարչական ակտեր են պետական մարմինները ընդունում, ծաղկելու է կաշառակերությունը նաև դատարաններում՝ հաշվի առնելով թե՛ հայցի ապահովման միջոցի կիրառման ժամանակ անորոշ ու գնահատողական ձևակերպումներով չափանիշները, որոնցով ղեկավարվելու են դատարանները, թե՛ անելանելի իրավիճակում հայտնված անձի՝ ամեն գնով կործանումից պլստալու մղումը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է՝ կառավարման հիերարխիայում լցված պաշտոնյաները՝ լինի Կառավարության անդամ, թե քննիչ, դատավոր, դատախազ, օպերլիազոր, իրենց որակներով չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքի ստանդարտներին: Եվ բացականչում. «Ո՞վ կարա բացատրի: Ինչի՞: Ինչի՞»:
Իրականում սա Նիկոլ Փաշինյանին հարմարեցված պետական համակարգ է: 25 տարվա ձեռնարկատիրությամբ զբաղվելու ստաժս թույլ է տալիս պնդել, որ պետական կառավարման համակարգը դիլետանտերի ու անբանների հատուկ կաստա է, որի գոյության հիմնական նպատակը քաղաքացիների հաշվին պարազիտությունն է: Նրանց կայացրած վարչական ակտերը խոցելի են, շատ դեպքերում խոտան: Եվ հակապետական է Կառավարության նպատակը, որպեսզի կատարվեն այդ պաշտոնյաների կայացրած տուգանքի որոշումները և կիրառված տուգանքի գումարը գանձվի անմիջապես՝ անկախ դրա վիճարկելու հանգամանքից: Քանի որ Հայաստանում դասական ավտոկրատական համակարգ է, որտեղ իշխանության «պախանը»՝ վարչապետը, ինչ ուզում՝ որոշում է, ինչ ուզում՝ անում, և շատ, թե քիչ կարևոր որոշումները միայն ինքն անձամբ է կայացնում է, ապա առանց վարչապետի հետ համաձայնեցման կամ նրանից ստացած ուղիղ հանձնարարության՝ բոլոր ոլորտների տնտեսվարողներին սնանկացման տանող նման նախագիծ չէր կարող դրվել շրջանառության մեջ:
Ի դեպ, 2024 թ.-ի օգոստոսին շրջանառության մեջ էր դրվել ՀՀ քրեական օրենսգրքի՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներն, այդ թվում՝ վրիպումների կամ անուշադրության հետևանքով սխալ հաշվարկված գումարները և դրանց համար հաշվարկված տույժերը վճարելու դեպքում տնտեսվարողին քրեական պատասխանատվությունից ազատող նորմն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը: Այդ նախագծի ընդունումը ստեղծելու է հայեցողություն. կաշառք չտաս՝ հանցակազմի առկայությունը կհաստատվի, իսկ կախված տրվող կաշառքի չափից՝ կկիրառվի մեղմացնող դրույթներից մեկը՝ գործուն զղջալ, սահմանվածից ավելի ցածր պատասխանատվության ենթարկել և այլն: Ավելի մեծ կաշառքի դեպքում՝ ընդհանրապե՛ս չկիրառել պատժիչ դրույթը: Սա անխուսափելի և աննախադեպ կաշառակերության բուն է. տնտեսվարողներից և հաշվապահներից ոչ ոք չի ցանկանա վրիպումների կամ անուշադրության հետևանքով երկար տաղտկալի տարիներ անցկացնել կալանավայրում:
Կառավարության՝ տուգանելու մոլուցքը անկասելի է: Մասնավորապես, դեղերի շրջանառության ոլորտում էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը տապալելու պայմաններում՝ ձախողած Կառավարությանը պատասխանատվության ենթարկելու փոխարեն, մեղավոր են դեղատները, որոնք շարունակաբար տուգանվում են՝ սնանկացման չափի տուգանքներով:
Փաստացի, Կառավարությունն ընդունել է այնպիսի մի նորմատիվ ակտ, որը ընդհանրապես չի կատարվում և բացառապես տնտեսվարողին տուգանելու ու սնանկացնելու նպատակ է հետապնդում: Կառավարությունը գիտակցում է, որ առողջապահության ապահովագրություն ներդնելը իր խելքի բանը չէ, բայց նաև գլխի է ընկել, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրումը կարող է ծառայել որպեսդագանակ՝ դեղատների գլխին տալու, նրանցից տուգանք կորզելու համար:
Մարտի 5-ին, ԱԺ-ում, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ բժիշկների կողմից էլեկտրոնային դեղատոմսեր դուրս չգրելու պատճառով պատասխանատվությունը կրում են դեղատները, և դեղատուն կա, որի հանդեպ 110 միլիոն դրամի տուգանք է գրվել, և եթե այս նույն տրամաբանությամբ Կառավարությունը շարժվի, բոլոր դեղատները միլիարդավոր դրամների տուգանք կստանան և պարզապես կփակվեն: Ահա Փաշինյանի արձագանքը. «Սա այն դեպքն է, որ բարեփոխումը հանդիպում է իր պրոբլեմին: …Կառավարությունը նրա համար է, որ անի բարեփոխումներ: …Ես հանձնարարել եմ՝ Առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի՝ ո՞ր բժիշկներն են, որ էդպես են վարվում, իրանց խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10, 20, 30, 40, 50, 100, 500, բայց 501-րդ անգամ արդեն պետք է միջոց ձեռնարկվի, հակառակ դեպքում, երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգներն ու կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան»:
Փաշինյանի ընկալմամբ՝ եթե Կառավարության որոշումները փակուղի են մտցնում կոնկրետ ոլորտներ, այս դեպքում՝ ոչնչացնում դեղատնային համակարգը, առաջանում է պրոբլեմ, ապա բարեփոխումը հաղթական ընթացքի մեջ է:
Նոր գաղափարների, նոր նպատակերի մղում է նախևառաջ ռիսկը: Ցանկացած, այդ թվում՝ տնտեսական նախաձեռնության հաջողություն, անհնար է՝ առանց ռիսկի: Կառավարության ստեղծած այս միջավայրում իշխանություններին չկապակցված տնտեսվարողները չեն ստանձնի իրականացնելու նոր գաղափարներ, կխուսափեն վերցնել բիզնես ռիսկ՝ հաշվի առնելով, որ ցանկացած քայլի համար սահմանված են պատիժներ: Իսկ ամենաչնչին դեպքում կա քրեական պատասխանատվության վտանգ: Նույնիսկ իրենց ոլորտներում հաջողություններ արձանագրած էնտուզիաստները, չկարողանալով իրացնել իրենց նախաձեռնությունները, գումարած անվտանգային և տնտեսական սահմանափակող հանգամանքները, ինքնադրսևորվելու հնարավորությունից զրկված՝ հեռանալու են Հայաստանից: Դրանով իշխանությունը կստանա սահմանափակ թվի ու ունակությամբ ավելի խեղճ, բայց կառավարելի հանրություն:
Ինչպես Ադրբեջանի իշխանության ձեռքում է Հայաստանի կառավարությունը դարձել կառավարելի, այնպես էլ իրեն ճնշելու ու վախի մեջ պահելու Ադրբեջանի փորձը Կառավարությունը փորձում է տարածել թե՛ տնտեսվարողների, և թե՛, առհասարակ, բոլոր քաղաքացիների վրա: Վարչապետը 2023թ․-ի մայիսի 28-ի իր ուղերձում ազդարարում էր. «Բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն»:
Բայց անգամ տապալում է այս պարզունակ ու սպառողական բանաձևը՝ պարզապես ապրիր և եղիր երջանիկ. բոլորը, անգամ երջանիկ սպառողները, պետք է պատժվեն կամ ապրեն պատժվելու վախով:
Վահե Վարսանյան
«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել