
Կենսաչափական անձնագրերը կտրամադրեն մասնավոր գրասենյակները
Կենսաչափական անձնագրերի ներդրմանը և մասնավոր գրասենյակներ բացելուն զուգահեռ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմում կրճատումներ են լինելու։ Ծառայությունը, թեև կրճատված կազմով, բայց պահպանելու է իր գործունեությունը մարզերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ասուլիսին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Գրասենյակների կրճատմանը զուհագեռ, իհարկե, աշխատակազմի կրճատումներ ևս կլինեն, սակայն, աշխատակիցները կհաշվառվեն և աշխատակազմի ռեսուրսը կօգտագործենք մյուս վարչությունների ու բաժինների աշխատանքների մեջ։ Այնուամենայնիվ, կունենանք որոշակի կրճատված աշխատակազմ, և պայմանագրով նախատեսված որոշումը հետևյալն է, որ իրենց ինքնակենսագրականը կուղարկվի մասնավոր գործընկերոջը, որը համալրում կկատարի իր աշխատակազմում»,- նշեց Նելլի Դավթյանը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հավելեց, որ կենսաչափական անձնագրերը հնարավորություն կտան մեկ քայլով արագացնել վիզաների ազատականացման գործընթացը։
Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ կենսաչափական համակարգի ներդրման մրցույթում հաղթել է IDEMIA Identity Security France and ACI Technology S.à.r.l. ֆրանսիական կազմակերպությունը։
«Հանրային ծառայությունների մատուցման որակապես նոր մեխանիզմ է ներդրվելու, մասնավորի կողմից կբացվի 23 գրասենյակ, որից 2-3-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում։ Անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու համար քաղաքացիների դիմումներն այսուհետ նորաբաց գրասենյակներում են ընդունվելու։ Նույն ձևաչափով տրվելու են նաև մյուս փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն քաղաքացիներին, իսկ ծառայությունները մատուցվելու են թվայնացված տարբերակով։ Բիոմետրիկ բոլոր տվյալներն արդեն թվայնացված տարբերակով պահվելու են արխիվում»,- հավելեց Նելլի Դավթյանը։
Պայմանագրի տեխնիկական պահանջները հրապարակված են դեռևս 2023-ի դեկտեմբերին, Կառավարության որոշման հիման վրա։ Նկարագրված է, թե համակարգն ինչպես է աշխատելու, ինչ անձնական տվյալներ են պահպանվելու մասնավորի մոտ, ինչ տարբերակով են դրանք «մաքրվելու» և փոխանցվելու պետությանը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Սյունե Կիրակոսյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Լուսանկարը՝ ՆԳՆ կայքից
Մեկնաբանել