
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատնում է, որ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում աստիճանաբար աճում է գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը. ՀՀ դպրոցներում շուրջ 40 հազար աշակերտ ուսումնասիրում է գերմաներեն: Հայաստանի և Գերմանիայի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ճանաչվել են քույր դպրոցներ, իրականացնում են փոխադարձ այցելություններ՝ մեծացնելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մասնագիտական կողմնորոշման զարգացմանը և շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնք իրականացվում են Լայպցիգի արհեստագործական պալատի հետ համագործակցությամբ:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ այն առավել խորացնելու նպատակով:
«Հայաստանի հետ հարաբերություններն ավանդաբար արդյունավետ են եղել, բայց կարծում եմ` հատկապես այժմ գտնվում ենք հարաբերությունների որակապես բարձր մակարդակի վրա»,- ասել է Ռայներ Ռոբրան՝ տեղեկացնելով, որ Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Սաքսոնիա-Անհալթի արվեստագետներից մեկին նվիրված ցուցադրություն:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում փոխգործակցությանը ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես թանգարանային ոլորտում առկա համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունը և փորձի փոխանակումը, թանգարանների միջև համագործակցությունը, համատեղ ցուցադրությունների կազմակերպումը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը նպատակ ունի բարելավել թանգարանների կառավարման արդյունավետությունը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հուշարձանների պահպանության և հնագիտության ոլորտում: Նշվել է՝ Հայաստանի և Գերմանիայի արշավախմբերն այս պահին էլ տարբեր հնավայրերում իրականացնում են համատեղ պեղումներ:
Որպես համագործակցության առանձին ուղղություն՝ նշվել է նաև կինոյի ոլորտը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ համատեղ ֆիլմարտադրության պարագայում կկիրառվի ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate) մինչև 40 տոկոսի չափով, որը կխթանի այս ուղղությամբ համագործակցությունը:
ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրներում մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը՝ հանրության շրջանում մշակութային կյանքի ակտիվացման և իրազեկվածության բարձրացման նպատակով: Կողմերը քննարկել են նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:
Անդրադարձ է եղել նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել