
12-ամյա Արքայի ցավերը մեղմացնելու համար դեղամիջոց է պետք, որն ընտանիքը չի կարողանում գնել
Սոնա Մկրտիչյանը և Արման Հակոբյանն իրենց 12-ամյա որդու՝ Արքայի հերթական հետազոտությունն ավարտելուց հետո հիվանդանոցից տուն են վերադառնում։ 12-ամյա Արքայի մոտ քրոնիկ հոդաբորբ է ախտորոշվել (յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, էնթեզիտ կապակցված արթրիտ)։
Արքան 8 տարեկան է եղել, երբ ծնողներն իմացել են նրա հիվանդության մասին։ Ինչից է այն առաջացել՝ չգիտեն, բժիշկներն ասում են՝ գենետիկ հիվանդություն է, բայց հայրն ասում է՝ իրենց ընտանիքում նման խնդիր ոչ ոք չունի։
«Չէր կարողանում քայլել, ոտքերը ցավում էին։ Գիշերվա կեսին կարող է արթնանար, ցավից լաց լիներ»,- պատմում է հայրը։
Ցավը մեղմելու համար բժիշկներն առաջարկում են շաբաթը մեկ անգամ «Էնբրել» դեղամիջոց ներարկել, որի մեկ սրվակն արժե 70 000 դրամ։ Հիվանդանոցում ասել են՝ Առողջապահության նախարարությունը դեղն իրենց չի տրամադրում, որպեսզի կարողանան անվճար հատկացնել ընտանիքին, ստիպված են գնել։
«2022թ.-ին ծանոթներն են դեղորայքը գնել։ Բժիշկներն ասել են՝ գոնե երկու տարի պետք է դեղորայքը ստանա»,- ասում է մայրը։ Նա հիմա հնարավորություններ է որոնում՝ ուր կարող է դիմել, որ օգնեն գնել դեղը։
Արմանի խոսքով՝ դեղորայքը միայն օգնում է, որ ցավեր չունենա։ Բժիշկներն ասել են՝ Գերմանիայում են այդ հիվանդությունը բուժում:
Արցախից բռնի տեղահանված ընտանիքն այժմ վարձով է բնակվում Արարատի մարզի Արարատ գյուղում։ Արցախցի ընտանիքը պատերազմի հետևանքով երկու տուն է կորցրել. 2020թ. պատերազմի ժամանակ նրանք ստիպված են եղել լքել Շուշիի իրենց տունը: 2021թ.-ին Ստեփանակերտում նրանց սեփական տուն էին տրամադրել:
2022թ․ դեկտեմբերի 11-ին ամուսինները որդու՝ Արքայի հետ Երևան էին եկել՝ հետազոտություն անցնելու։ «Դեկտեմբերի 12-ին գնացինք հիվանդանոց, ասացին՝ ահավոր է երեխու վիճակը, պիտի մնաք այստեղ։ Բժիշկը մեկ էլ ասեց՝ ո՞նց եք հետ գնալու, ճանապարհը փակվեց»,- պատմում է մայրը՝ Սոնան։
Նրանց երեք երեխաները մնացել էին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում երեխաներին խնամում էր Սոնայի սկեսուրը։ Մեկ ամիս անց է հաջողվել Կարմիր խաչի օգնությամբ երեխաներին տեղափոխել Հայաստան։
Ընտանիքում միայն Սոնան է աշխատում, նոր է աշխատանքի ընդունվել արվեստի դպրոցում՝ որպես մաքրուհի։ Ամուսինը՝ Արմանը, ևս առողջական խնդիրներ ունի։ Մեկ տարի առաջ սրտի ստենտավորում են իրականացրել՝ երկու ստենտ են տեղադրել։
Հիմա միայն Սոնայի աշխատավարձով և արցախցիներին 50 հազարական դրամ տրամադրվող աջակցությամբ են կարողանում ընտանիքի ծախսերը հոգալ։ Այս ամսվանից ընտանիքի չափահաս անձինք այլևս չեն ստանա այդ աջակցությունը, միայն 4 անչափահաս երեխաների համար կշարունակեն ստանալ 40 հազարական դրամ։
Արցախցի ընտանիքը 5 երեխա ունի՝ 19-ամյա Վահեն, 12-ամյա Արքան, 11-ամյա Թագուհին, 10-ամյա Գյուլնարան և 8-ամյա Մարկը։
Ստեփանակերտից դուրս գալուց հետո ընտանիքն այլևս չի կարողացել վերադառանալ իրենց տուն, անհրաժեշտ իրերը հավաքել։
–Ի՞նչն եք ափսոսում, որ թողել եք այնտեղ,- հարցնում ենք։
- Հայրենիքը,- պատասխանում է Սոնան։
- Սա էլ ա մերը, մեր հայրենիքն ա, բայց էնտեղ օդի մաքրությունը, էն ծառերը որ կա, չուտես- չխմես, մենակ էդ հով տեղերը նստես էլ՝ հերիք ա,- հավելում է Արմանը։
Արցախցի ընտանիքը երազում է որդու բուժումն իրականացնել, և գնել այն տունը, որտեղ այժմ վարձով են բնակվում։
Գլխավոր լուսանկարում՝ Արքա Հակոբյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել