HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարկեր են ձևակերպում ու հափշտակում. խաբված քաղաքացիները, իրավապահները, ԿԲ-ն ու բանկերը

Ռիմա Միքայելյանը այս տարվա փետրվարի 2-ին համակարգչով ֆեյսբուքյան էջի իր պատին «Ինեկոբանկ»-ի աշխատանքը գնահատող գովազդ է տեսնում։ 

Տեսնելով ֆեյսբուքյան հղումը՝ որոշում է համակարգչով մուտք գործել բանկի կայք և փոխարենը ջնջել հեռախոսի հավելվածը, մտածել է, որ համակարգչային տարբերակն ավելի ապահով է, քան հեռախոսային բանկինգը։

Անցնելով հղումներով և պատասխանելով բանկի ծառայությունների որակի գնահատման մի քանի հարցերի, հավաքելէ իր հաշվի մուտքանունը։ Դրանից հետո բանկից ստացել է կոդ և կարծել, որ այդ կոդն իր գաղտնաբառն է, որով պետք է մուտք գործի կայք։ Համակարգչով մուտագրել է  կոդը։ Իսկ իրականում նույն պահին զեղծարարներն այդ կոդով նրա անունով վարկ են ձևակերպել ու հափշտակել։ Պարզվել է՝ կայքը, որով փորձել է մուտք գործել իր օգտահաշիվ, «Ինեկոբանկինը» չէ, զեղծարարներն են ստեղծել։ 

«Հաղորդագրություն եկավ, մուտք արեցի, գրեց, որ կոդը սխալ է։ Մտածեցի ուշ եմ կոդը մուտք արել, և նորից եկավ երկրորդը, էլի հավաքեցի, էլի գրեց երկրորդը սխալ է։ Ընդ որում՝ կոդը ուղարկելիս բանկը չի գրում, որ դա վարկի համար նախատեսված կոդ է, այլ կերպ ասած՝ իմ ստորագրությունը վարկի համար։ Մինչև կհասկանայի, թե ինչ է կատարվել, արդեն հեռախոսիս SMS հաղորդագրություն եկավ «Ինեկոբանկ»-ից, որ իմ հաշվին 4 մլն դրամի մնացորդ կա»,- պատմում է Ռիմա Միքայելյանը։ 

Հասկանալով, որ ինչ-որ խաբեության զոհ է դարձել՝ Ռիման անմիջապես զանգահարել է «Ինեկոբանկ»։ Տասը րոպե ինքնապատասխանիչի առաջարկած երաժշտությունը լսելուց հետո զանգին պատասխանել է բանկի հեռախոսային օպերատորը։ Զրույցի ընթացքում Ռիմային բացատրել են, որ ամենայն հավանականությամբ զեղծարարների խաբեության զոհ է դարձել։ 

Կայքը, որը իբրև «Ինեկոբանկ»-ի կողմից հարցում է անցկացրել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, կեղծ է եղել։ Այնտեղ մուտքագրելով «Ինեկոբանկ»-ի իր հաշվի տվյալները՝ մուտքանուն և գաղտնաբառ՝ Ռիման, փաստորեն, զեղծարարներին հնարավորություն է տվել մտնել իր իրական հաշիվ և վարկ ձևակերպել իր անունով։ 

«Այդ զրույցի ընթացքում ինձ բանկից հաղորդագրություն է գալիս, որ իմ անունով գրանցված վարկից ելք է եղել։ Իմ անունով ձևակերպել են 5 մլն 918 հազար դրամ ու հասցրել են այդ ընթացքում «Binance»-ի (կրիպտոարժույթի փոխանակման հարթակ,- հեղ.) միջոցով գումարը երեք մասով  հանել։ Առաջին անգամ 500 հազար դրամ, հետո՝ 3 հազար դոլար, հետո՝ 200 հազար դրամ»,- պատմում է Ռիման։ 

Նա դիմել է իրավապահ մարմիններին՝ Ոստիկանություն, Քննչական կոմիտե։ Դեռևս որևէ դրական ելք չկա։ Վարկերը իր անունով են, չմուծելու դեպքում՝ վարկային պատմությունը «կսևանա», ավելի ուշ կհայտնվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձեռքում։ 

Ռիման տարակուսած է՝ իր ամսական աշխատավարձը նվազագույնին է մոտ, ի՞նչ հիմքով է բանկն իր անունով ավելի քան 5 մլն դրամի վարկը հաստատել։  

Վարկային զեղծարարությունների զոհերի թիվը Հայաստանում տարեցտարի աճում է։ Ռիմայի «բախտակիցները», որոնք իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, այս պահին մոտ 300 են։ 

Խաբեության զոհ դարձած քաղաքացիները պահանջում են, որ բանկերը խստացնեն անձնական տվյալների պաշտպանության և նույնականացման համակարգերը, ազատեն իրենց այն վարկերը վճարելու պարտավորությունից, որոնք հափշատկվել են, պատասխանատվություն կրեն «իրենց անվտանգության համակարգի թերությունների համար», որի հետևանքով տուժել են քաղաքացիները։  Իրավապահ մարմիններից պահանջում են հայտնաբերել զեղծարարներին։ Իսկ բանկերը ի պատասխան պնդում են՝ քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ ստացված կոդերը փոխանցում են երրորդ անձանց կամ մուտքագրում են կեղծ համակարգերում։ 

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Մհեր Կարագոզյանի հետ վարկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները պարբերաբար ցույցեր են կազմակերպում բանկերի, իրավապահ մարմինների շենքերի, Կենտրոնական բանկի առջև։ 

«Քաղաքացիները դիմում են իրավապահ մարմիններին, բայց ստանում են անբավարար պատասխաններ։ Ոչ պատշաճ, անգամ՝ անօրինական պատասխաններ։ Մենք ունենք դեպքեր, երբ քննիչներն ուղղակի հուսալքում են քաղաքացիներին՝ ասելով, որ նման գործերը իրենց մոտ 200-300 հատ են, ասում են՝ տրամադրվեք, որ այդ գումարները մուծեք, դուք եք մեղավոր, որ ձեր անձնական տվյալները տվել եք։ Բայց հաճախ մարդիկ իրենց տվյալները չեն տրամադրել որևէ մեկին։ Քննչական մարմինները նման վարքագծով խոչընդոտում են հանցագործությունների բացահայտմանը»,- համոզված է Մհեր Կարագոզյանը։ 

Ըստ նրա՝ բանկերը քարոզչություն են անում, թե միայն քաղաքացիներն են մեղավոր, չպետք է տրամադրեին իրենց տվյալները։ Մինչդեռ քաղաքացիները հայտնվել են ծուղակում։ 

«Կան դեպքեր, որ քաղաքացիները տվյալներ են տալիս։ Բայց այդտեղ էլ կա բանկի մեղավորությունը։ Ես ինչքան էլ իմ անձնական տվյալները տամ, դուք պետք է կարողանաք անձին նույնականացնել։ Ինչպես է ստացվել, որ երկրում 15 բանկ կարողանում է պատշաճ նույնականացնել, և քաղաքացիները չեն հայտնվում ծուղակներում, իսկ երեք բանկերի դեպքում խնդիրը կա՝ «Ինկոբանկ»-ի, «ԱյԴի բանկ»-ի և «Արդշինբանկ»-ի»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ զեղծարարների զոհ են դարձել ոչ միայն «ֆինանսական ոչ բարձր գրագիտություն ունեցող» մարդիկ, այլև «բարձր ինտելեկտով» քաղաքացիներ` լրագրողներ, բժիշկներ, ինժեներներ, ընդհուպ՝ բանկի աշխատակիցներ, կիբերանվտանգության մասնագետ։ 

«Հաճախ ստանում ենք պատասխան, որ բանկը չի կարողանում այս կամ այն գործողությունն անել։ Եթե չեն կարողանում, ուրեմն պատասխանատվությունը պետք է բանկի վրա մնա։ Քաղաքացին չպետք է վճարի այն վարկերը, որոնք բանկերի տեխնիկական թերությունների պատճառով հափշտակվել են զեղծարարների կողմից։ Երկու օր առաջ Քննչական կոմիտեում մեզ զգուշացնում էին, որ կոնկրետ մի բանկում այդ շտկումները եղել են։ Բայց դրանից երկու օր անց մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ հենց նույն բանկի իր հաշվի միջոցով զեղծարարության զոհ է դարձել»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմում է Մհեր Կարագոզյանը։ 

Նա պնդում է, որ բանկերը և իրավապահները այս դեպքերում պետք է տուժող ճանաչեն բանկին և ոչ թե քաղաքացուն, քանի որ եթե քաղաքացին է տուժող ճանաչվում, վարկի մարման պարտավորությունը մնում է նույն քաղաքացու ուսերին։ 

«Բանկից ասում են, որ գողացել են քաղաքացու 5 մլն դրամը, 10 մլն դրամը և ոչ երբեք՝ բանկի փողը։ Եթե քաղաքացին այստեղ զոհ է դարձել զեղծարարության, ինչու՞ չի դիտարկվում այն փաստը, որ բանկի փողն են գողացել, ոչ թե քաղաքացու»,- ասում է իրավապաշտպանը։ 

Նա նաև շեշտում է, որ զեղծարարների «ձեռքը հասել է» ընդուպ քաղաքացիների ավանդներին։ «Գողացել են գումար, որը ես ոչ թե իմ բարձի տակ եմ հավաքում, այլ թողել եմ ձեր պատասխանատվության տակ՝ համարելով, որ դուք ավելի ապահով կպահեք, քան ես։ Այսինքն՝ բանկը իր պարտավորությունը չի կատարում»,- նշում է  Մհեր Կարագոզյանը։

Իրավապաշտպանը համոզված է, որ զեղծարարություններից տուժածների թիվն այսքան մեծ չէր լինի, եթե քննչական մարմինները «իրենց տեղում լինեին»։ 

«Ինեկոբանկ».  «Հիմնական խնդիրը հասարակության զգոնության պակասն է և անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասով համակարգային գիտելիքների բացակայությունը»

«Ինեկաբանկ»-ը համարում է, որ զեղծարարությունների հիմքում ոչ թե օնլայն վարկերի նույնականացման գործընթացի թերություններն են, այլ ուրիշ պատճառներ։ Հիմնական խնդիրը, ըստ բանկի, հասարակության զգոնության պակասն է ու անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասով համակարգային գիտելիքների բացակայությունը։

«Ցանկանում ենք հավաստել, որ Բանկը չունի նույնիսկ 1 զեղծարարության դեպք, երբ զեղծարարին հաջողվի կոտրել InecoOnline/InecoMobile համակարգի նույնականացման գործընթացը»,-  «Հետքի»-ի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։ 

Բանկը նաև հավաստիացնում է, որ էական կանխարգելիչ ծրագրային լուծումներ ու կանոններ է ներդրել զեղծարարությունների դեպքերը կանխելու համար։ Մանրամասները չեն հայտնում՝ հաշվի առնելով դրանք զեղծարարներից գաղտնի պահելու անհրաժեշտությունը։ 

«Բացի վերոհիշյալ լուծումներից, Բանկը նաև էական ռեսուրսներ է հատկացրել օնլայն գործարքների մոնիթորինգի գործառույթի ինտենսիվացման մասով։ Վերոհիշյալ քայլերի արդյունքում Բանկը արդեն իսկ կանխում է զեղծարարության փորձերի ավելի քան 99%-ը»,- նշում են «Ինեկոբանկ»-ից։

«Միայն իմ հեռախոսի համար զեղծարարներին բավական է եղել, որ կոտրեն իմ Idram հաշիվը»

Հովհաննես Մկրտչյանը զեղածարարության զոհ է դարձել այս տարվա մարտի 19-ին։ «Idram-ից գովազդ է պտտվում «Ֆեյսբուք»-ում, Արամ MP3-ի նկարով իրենց ծառայությունների վերաբերյալ։ Գրված էր՝ տրամադրում ենք մինչև 15 մլն դրամի վարկ։ Ես ունեմ դոլարային վարկ և մտածեցի, որ ավելի շահավետ կլինի, եթե դրամային վարկ վերցնեմ, որը ավելի ցածր տոկոսադրույքով է, քան իմ ունեցած դոլարայինը, կմարեմ դոլարայինը և կշարունակեմ փակել արդեն դրամային վարկը»,- պատմում է քաղաքացին։

Հղումով, որով անցել է Հովհաննեսը, անուն-ազգանուն լրացնելու կարիք չի եղել, իրեն զեղծարարները նույնականացրել են հեռախոսահամարով։ Ենթադրվում է, որ Հովհաննեսը հեռախոսահամարը լրացրել է կեղծ կայքում, զեղծարարները վերցրել են այդ համարը և արդեն իրական ծրագրում մուտքագրել այն։ Դրանից հետո Հովհաննեսը Idram-ից ստանում է անգլերենով նամակ։ Չգիտես ինչու՝ Idram-ը, լինելով հայկական կազմակերպություն, հաղորդագրություն է ուղարկում անգլերենով։ Առաջին անգամ ես Idram բացել եմ 2023 թվականին և նույն հեռախոսային հաղորդագրությունների նույն բաժնում հայտնվում է այս նոր նամակը։ Նույն հաղորդագրությունների շարքում նաև իմ նախկին հաղորդագրություններն է ցույց տալիս։ Այսինքն՝ կասկած չկար, որ այստեղ որևէ խաբեություն է։ Այսինքն՝ միայն իմ հեռախոսի համար զեղծարարներին բավական է եղել, որ կոտրեն իմ Idram հաշիվը։  Idram-ից հաղորդագրությամբ ծածկագիր եմ  ստանում։ Պետք է այդ կոդը հավաքեի հաստատելու համար, որ ես եմ։ Կոդը հավաքեցի, երեք րոպե հետո 204 հազար դրամ վարկը հաստատվեց և երկու րոպե անց հավելվածում երևաց, որ մնացել է ընդամենը 4 հազար դրամը»,- ասում է քաղաքացին։ 

Նա անմիջապես շտապել է ID bank-ի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակ, որտեղից հորդորել են գնալ Ոստիկանություն։ Այդ ընթացքում իր հաշվից ևս  60  հազար դրամ է պակասել։ 

Հիշեցնենք, որ «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպությունն ու «ԱյԴի բանկը» հանդես են գալիս միասնական բանկինգով՝  Idram&IDBank հավելվածով։ 

«Ինձ ասացին, որ գումարներն ուղարկել են բուքմեյքերական հաշիվների։ Իրենք տեսնում են ինչ հաշվեհամարի է գնացել, բայց չեն չեղարկում գործարքը։ Ասում են՝ ոչինչ անել չենք կարող։ Հաշվեհամարներս սառեցնում ենք, դիմում եմ իրավապահներին։ Մինչև հիմա որևէ դրական արդյունք չունեմ»,- ասում է Հովհաննեսը։

Հիշում է՝ բանկում իրեն առավելագույնը, որ առաջարկել են, վարկի տոկոսադրույքն իջեցնել է եղել։  

Ինչ վերաբերում է անգլերենով նամակին, Հովհաննեսը նշում է, որ այդ հարցով դիմել է նաև Լեզվի կոմիտե։ Դեռևս գրավոր պատասխան չունի, սակայն բանավոր նախնական զրույցում տեղեկացրել են, որ Հայաստանում հայկական բանկը Հայաստանի քաղաքացուն պարտավոր էր հայերենով նամակ ուղարկել։ «Եթե նամակը հայերեն լիներ, գուցե ես կկարողանայի հասկանալ, թե ինչ է կատարվում և կկանխեի»,- ասում է Հովհաննեսը։

Idram&IDBank. «Բանկը շարունակաբար մտցնում է լրացուցիչ սահմանափակումներ և պաշտպանական մեխանիզմներ»

«Զեղծարարությունների թիվը աճել է վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է զեղծարարների կողմից պատրաստվող գովազդային կեղծ նյութերի ակտիվ շրջանառությամբ, ինչպես նաև քաղաքացիների՝ գայթակղությանը տրվելու արդյունքում»,- «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «ԱյԴի բանկ»-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության վարչությունը։ Թե քանի քաղաքացու մասին է խոսքը, բանկը վիճակագրություն չի տրամադրում։ 

Բանկը նշում է, որ վերջին շրջանում զեղծարարության ամենատարածված դեպքերն իրականացվում են կեղծ օգտահաշիվների միջոցով՝ տարածելով հղումներ գովազդային հրապարակումներով, որոնցում հարցումներ անցնելու կամ այլ քայլեր կատարելու դիմաց խոստանում են դրամական պարգևներ կամ շահումներ։ Վերոնշյալ հղումների վրա սեղմելով՝ քաղաքացիները հայտնվում են banking.idram.am կամ idbanking.am առցանց հարթակների որոշակի նմանությամբ ստեղծված կեղծ կայքերում, որոնց հասցեն իրական հասցեից էականորեն տարբերվում է, ինչին քաղաքացիները ուշադրություն չեմ դարձնում։ 

Բանկից շեշտում են, որ կեղծ կայքերում քաղաքացիները լրացնում են իրենց հավելվածի գաղտնաբառը, PIN կոդը, նույնիսկ SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա նույնականացման կոդը։ Այս քայլերի հետևանքով քաղաքացիները փաստացի հասանելիություն են տրամադրում իրենց օգտահաշիվներին, իսկ զեղծարարները հաշիվներից գումարները կորզում են, նույնիսկ վարկ ձևակերպում քաղաքացիների անուններով, քանի որ վերջինները մուտքագրում են վերոնշյալ հղումներով նույնիսկ վարկի ստացման համար Բանկից ուղարկված մեկանգամյա նույնականացման կոդը։

Զեղծարարության զոհ դարձածների  մեծամասնությունը Բանկ է դիմել միայն դեպքից օրեր անց։

Հարցին՝ Idram&IDbank հավելվածի միջոցով օնլայն վարկերի տրամադրման պայմանները, մասնավորապես՝ նույնականացման գործընթացը, խստացնելու ծրագրեր կա՞ն, բանկից պատասխանում են, որ առցանց վարկի տրամադրման պայմաններն արդեն իսկ խստացված են։ Վարկ ստանալու համար օգտատերը պետք է մուտք գործի իր Idram&IDBank հավելված, ինչի համար պետք է իր հեռախոսահամարից բացի, մուտքագրի հետևյալ տվյալները՝ իր գաղտնաբառը, PIN կոդը և Email/SMS հաղորդագրությամբ ուղարկված մեկանգամյա կոդը։ Վարկ ստանալիս ևս հավելյալ կոդ է ուղարկվում։ 

«Նշենք, որ պասվում է ևս մեկ փոփոխություն, որը ավելի ակնառու զգուշացում կլինի մեր հաճախորդներին՝ իրենց տվյալները միայն ճիշտ հարթակներում մուտքագրելու համար։ Բացի այդ, սպասվում են այլ փոփոխություններ ևս»,- հավաստիացնում են Բանկից։

Մյուս կողմից էլ, ըստ Բանկի, իրենքէկիրառում են սահմանափակումներ, որոնք շատ հաճախ վնասում և անհարմարություններ են ստեղծում հաճախորդների համար։

«Պետք է հիշել, որ որևէ անվտանգային միջոցառում, որը նախաձեռնվում է ֆինանսական կազմակերպության կողմից, չի կարող լիարժեք պաշտպանել հաճախորդին, եթե վերջինս ինքնուրույն, իր իսկ ձեռքով շարունակի կեղծ հարթակներում լրացնել իր անձնական տվյալները կամ տրամադրել դրանք երրորդ անձանց՝ փաստացի խոցելի դարձնելով իր ֆինանսական միջոցները»,- շեշտում են «ԱյԴի բանկ»-ից։

Ինչ վերաբերում է Հովհաննես Մկրտչյանի դեպքին, Բանկը հայտնում է, որ ինչպես այդ, այնպես էլ զեղծարարության բոլոր այլ դեպքերով Բանկը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ և տրամադրում անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան՝ հանցագործներին հայտնաբերելու համար։

Քաղաքացին միայն երկու տարի անց է իմացել, որ իր անունով վարկ կա

2025 թվականի փետրվարի 10-ին Սոնա Սոխակյանը դիմում է հայաստանյան բանկերից մեկին՝ վարկ ստանալու նպատակով։ Սակայն, բանկը մերժում է վարկ տրամադրել։ Սոնային հայտնում են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ արգելանք կա, հետևաբար՝ բանկը նրան վարկ տրամադրելը համարել է ռիսկային և մերժել է։ 

Սոնան չի հասկանում, թե որտեղից է ծագել խնդիրը, քանի որ նախկինում պարտաճանաչ վճարել է բոլոր վարկերը։ Այցելելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ տեղեկանում է, որ իր անունով «Գլոբալ» վարկային կազմակերպությունում 2023 թվականի հուլիսի 16-ին վարկեր են ձևակերպվել 20 հազար, 40 հազար և 80 հազար դրամի։ Վարկերի ամսական վճարումները չեն արվել։ 

2023 թվականի հուլիսի 16-ին Սոնան Ռուսաստանում է եղել։ Գաղափար անգամ չի ունեցել, որ իր անունով վարկ է ձևակերպվել։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, ո՞վ է գողացել իր տվյալները և ինչու՞ է առանց իր հաստատման վարկ ձևակերպվել, մինչև հիմա չգիտի։ Վարկային կազմակերպությունից ինձ միայն զանգով փոխանցել են, որ մի քանի անգամ զանգել են իմ անունով գրանցված համարով, սակայն պատասխանող չի եղել։ Իրենց նշած համարը ինձ հետ կապ էլ չունի, անծանոթ համար է։ Տարբեր ծրագրերով նայել եմ, ինձ անծանոթ մարդ է»,- պատմում է Սոնան։ 

Դրանից հետո դիմել է Ոստիկանություն, Քննչական կոմիտե։ Սակայն, նրա դեպքում ևս սայլը տեղից չի շարժվում։ 

Զեղծարարությունների արձանագրվող դեպքերը կտրուկ աճել են

ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրվող կիբերհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 

Այսպես, եթե 2015 թվականին կիբերհանցագործության 60 դեպք է արձանագրվել, ապա 2024-ին՝ 812 դեպք։ 

Դեպքերի մեծամասնությունը ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով է՝ Համակարգչային հափշտակությունը։

Մասնավորապես, 2024 թվականին արձանագրված 812 դեպքից 788-ը համակարգչային հափշտակությանն է վերաբերում։ 

Հարցին, թե այս դեպքերից կոնկրետ քանի՞սն են առնչվում վարկային զեղծարարություններին, որոնց ժամանակ զեղծարարները տարբեր քաղաքացիների անուններով օնլայն վարկեր են ձեւակերպել և այդ գումարները հափշտակել, Ոստիկանությունից պատասխանել են, որ դրանց վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունում հաշվառումներ չեն վարվում։ 

ԿԲ. «Բանկային համակարգում զեղծարարությունների ընդհանուր դեպքերի քանակը կազմում է վարկերի քանակի մոտ 0.1%-ը»

Կենտրոնական բանկը՝ որպես ոլորտը կարգավորող և վերահսկող մարմին, մշտապես հետևում է նման դեպքերին, վերլուծում զարգացող խարդախ սխեմաները և իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ ռիսկերը նվազեցնելու և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կենտրոնական բանկից։ 

«Կենտրոնական բանկը մշտապես վերահսկում է ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը և վերջիններիս գործողություններում օրենսդրական անհամապատասխանությունների, այդ թվում, սահմանված անվտանգության ապահովման պահանջներին անհամապատասխանությունների դեպքում, ձեռնարկում է օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»,- նշում են ԿԲ-ից։

Միևնույն ժամանակ, հիշեցնում են, որ սպառողների շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկը  ստեղծել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամը, որի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է։

Հաշտարարի գրասենյակի նկատմամբ, սակայն, գնահատականներն ու կարծիքները միանշանակ չեն։ «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագոզյանը նշում է, որ գրասենյակը ֆինանսավորվում է բանկերի կողմից, ինչը ռիսկեր է առաջացնում։ 

Գլխավոր դրամատան հաշվարկներով՝ բանկային համակարգում զեղծարարությունների ընդհանուր դեպքերի քանակը կազմում է վարկերի քանակի մոտ 0.1%-ը:

«Կենտրոնական բանկը հետևում է նաև, որ շարունակաբար ուժեղացվեն ֆինանսական կազմակերպությունների ռիսկերի կառավարման ներքին համակարգերը և սպառողների շահերն առավելագույնս պաշտպանված լինեն, ինչպես նաև պարբերաբար միջոցառումներ է ձեռնարկում սպառողների իրազեկվածությունը մեծացնելու ուղղությամբ»,- վստահեցնում են ԿԲ-ից:

Մինչ բանկերը, Կենտրոնական բանկն ու իրավապահ մարմինները հավաստիացնում են, որ ամեն ինչ անում են քաղաքացիներին զեղծարարներից պաշտպանելու համար, վերջիններիս էլ հորդորում զգույշ լինել անձնական տվյալների ու հաշիվների նկատմամբ, պաշտոնական վիճակագրությունն ու խաբված քաղաքացիները փաստում են՝ զեղծարարությունների թիվը գնալով աճում է։ 

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter