HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանվածների համար աջակցության նոր փաթեթ է հաստատվել

Կառավարությունը ապրիլի 10-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ցածր եկամուտ ունեցող  ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը։ Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է կանխել սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը։ Շահառուներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից: Աջակցությունը կտրամադրվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։

Աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին անդամի համար կկազմի 40 հազար դրամ, մնացած բոլոր անդամների համար՝ 10 հազարական դրամ: Նախագծով առաջարկվում է  աջակցությունը մերժել այն անձի մասով, որը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում: 

Աջակցություն կստանան 2023-ին բռնի տեղահանված արցախցիները, բացի սոցիալական պաշտպանության հաստատությունում, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում  ժամանակավոր բնակվող անձանց։

Աջակցություն չեն ստանա նաև այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր է, կամ եթե ընտանիքի անդամները բնակելի գույքի նկատմամբ ունեն 50% և ավելի մասնաբաժին կամ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։

Աջակցություն չեն ստանա նաեւ այն ընտանիքները, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված և ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենա, կամ եթե այդ ավտոմեքենայի գույքահարկը գերազանցի 15 հազար դրամը։ Իսկ եթե ընտանիքում մեկից ավելի մեքենա լինի, աջակցություն չեն ստանա, եթե դրանց գույքահարկերի հանրագումարը գերազանցի նույն 15 հազար դրամի շեմը։

Աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է 1,8 մլրդ դրամ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter