
Քրիստոնեության մասին միջազգային գիտաժողով՝ առանց Հայաստանի մասնակցության
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը ահազանգում է, որ ապրիլի 10-ին Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, սակայն Հայաստանը դրան չի մասնակցում։
«Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։
Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են, որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։
Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Արցախ, Դադիվանք
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել