
Դրամական հավելում` մի շարք զինծառայողների
Ապրիլի 10-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց զինծառայողներին դրամական հավելումներ հատկացնելու որոշման նախագիծը։ Ըստ հիմնավորման՝ հստակեցվելու է հատուկ ինժեներական տեխնիկական շահագործող անձնակազմի հավելման չափը։ Հավելումներ են սահմանվելու ուսումնական ստորաբաժանումներում ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և որակավորում ունեցողների, այլ պետություններում առանց կրթաթոշակի սովորող պարտադիր զինծառայողների համար, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում սովորողների: Պատճառը՝ այնտեղ կուրսանտները կրթաթոշակ են ստանում։ Բայց, օրինակ, մեկ այլ երկրում հինգ կուրսանտի կրթաթոշակ կասեցվել է՝ դրա վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու և ուսումնառությունը կազմակերպող երկրի կողմից նոր պայմանագիր չկնքելու պատճառով։
Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն, որոշումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակի բարձրացմամբ: Այժմ էլ այս պրոցեսների զարգացման համար քայլեր անում են, եւ բարձր դրամական բավարարումը կարող է խթան դառնալ։
Որոշման իրագործման համար 3․8 մլրդ լրացուցիչ ֆինանսական միջոց է հարկավոր, այդ թվում՝ 468 մլն դրամ՝ կանանց գումարտակում ծառայության համար։
Լուսանկարը՝ ՊՆ արխիվից
Մեկնաբանել