HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Որքանով է արդյունավետ Հակակոռուպցիոն կոմիտեն. ներկայացվել են ԹԻՀԿ հետազոտության արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության գնահատման արդյունքները:

Զեկույցի ներկայացման սկզբում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ սա ԹԻՀԿ-ի կողմից հակակոռուպցիոն մարմինների գործունեության գնահատման երկրորդ զեկույցն է. նախորդ տարի՝ 2024-ին, հրապարակվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հետազոտությունը։

Հետազոտությունն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։ Երևանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմն իր ելույթում նշեց՝ կոռուպցիան ոչ թե անխուսափելի խոչընդոտ է, այլ մարտահրավեր, որը հնարավոր է հաղթահարել։

«Մենք գնահատում ենք Հայաստանի ջանքերը հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման գործում, ինչպես նաև այնպիսի ինստիտուտների ստեղծման, որոնց քաղաքացիներն իրապես վստահում են»,- ասաց Վալդենստրյոմը։

Գնահատման արդյունքները

Հետազոտության համար դիտարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի փաստացի ձևավորումից՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը։ 

Գնահատումն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից մշակված մեթոդաբանությամբ՝ վերլուծելով կոմիտեի աշխատանքը վեց հիմնական չափումների շրջանակում՝ կառույցի անկախություն, ռեսուրսներով ապահովվածություն, հաշվետվողականություն, կոռուպցիոն հանցագործությունների քննություն, հակակոռուպցիոն կրթություն և միջազգային համագործակցություն։ 

Հետազոտության ընդհանուր արդյունքները ցույց են տվել, որ.

  • Բարձր գնահատականներ են ստացել կոմիտեի անկախությունը (72%), միջազգային համագործակցությունը (70%) և ռեսուրսներով ապահովվածությունը (63%): 
  • Միջին գնահատական է ստացել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործընթացը (57%):
  • Ավելի ցածր գնահատականներ են ստացել հաշվետվողականությունը (44%) և հակակոռուպցիոն կրթությունը (29%):

Ընդհանուր առմամբ դիտարկվել է 48 ցուցանիշ, որից բարձր միավորներ ապահովել է 14-ը, 23-ը՝ միջին, իսկ 8-ը՝ ցածր միավոր։ 3 ցուցանիշ հնարավոր չի եղել գնահատել։

Վերհանված խնդիրներից մեկը վերաբերում է կոմիտեի ֆինանսավորմանը։ Պետական բյուջեի ծախսային մասում Հակակոռուպցիոն կոմիտեի ծախսերը ներկայացվում են առանձին տողով: Թեև 2021-ի համեմատ Հակակոռուպցիոն կոմիտեի փաստացի ֆինանսավորումն ավելացել է, այն շարունակում է կազմել ՀՀ պետական բյուջեի ծախսերի 0․1%-ից պակաս, ինչի պատճառով այս ցուցանիշի մասով միավոր չի տրվել։

«Միաժամանակ, պետք է փաստել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված չէ լիարժեք ռեսուրսներով, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ իրականացնել իր գործառույթները։ Ակնկալվող գործառույթները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան բյուջետային հատկացումներ»,- նշված է զեկույցում։

Հետազոտությունը նաև ընդգծում է՝ թերի են Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ արտաքին վերահսկողական մեխանիզմները։ 

Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել Հաշվեքննիչ պալատը, սակայն 2021, 2022 և 2023 թվականների տարեկան ծրագրերի և հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կոմիտեի գործունեության հաշվեքննությունը ներառված չի եղել Հաշվեքննիչ պալատի տարեկան ծրագրերում։

Ամենացածրը գնահատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կանխարգելման, կրթման և իրազեկման մակարդակը՝ ապահովելով առավելագույն 14-ից 4 միավոր։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021-2023թթ․ բյուջեներում հանրային իրազեկման, հաղորդակցման ծրագրերին հատկացված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը նվազել է. 2021 թվականին այն կազմել է 0․3%, 2022 թվականին՝ 0․2%, իսկ 2023 թվականին՝ 0․13%

Բացի դրանից, վերլուծվել է նաև կոմիտեի համապատասխանությունը Ջակարտայի 16 սկզբունքներին։ Սրանք 2012 թվականին ընդունված սկզբունքներ են, որոնք ընկած են արդյունավետ և անկախ հակակոռուպցիոն մարմինների գործունեության հիմքում։

Հետազոտության համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համապատասխանությունը Ջակարտայի հայտարարության սկզբունքներին կազմել է 60․8%՝ առավելագույն 74-ից ապահովելով 45 միավոր։ 

Արտաքին ազդեցության գործոններով պայմանավորված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության մակարդակը գնահատվել է 56,6%՝ առավելագույն 30-ից ապահովելով 17 միավոր, ներքին ազդեցության գործոններով պայմանավորված՝ գնահատվել է 73%՝ առավելագույն 26-ից ապահովելով 19 միավոր, իսկ կատարողականի ցուցանիշներով պայմանավորված՝ գնահատվել է 41,1%՝ առավելագույն 34- ից ապահովելով 14 միավոր։ 

ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ, հիմնական հետազոտող Անուշ Հակոբյանը նշեց, որ գնահատման նախնական արդյունքները ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեին, քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փորձագիտական խմբում։ Կոմիտեից ստացված պարզաբանումների և անկախ փորձագետների կարծիքների հիման վրա զեկույցում որոշ ճշգրտումներ են կատարվել։

Գնահատման արդյունքների ներկայացումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը շեշտեց, որ հետազոտությունը վերաբերում է կոմիտեի՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի գործունեությանը, ինչից հետո փոփոխություններ են եղել։ 

«Ներկայացված դիտարկումների մեծ մասը մեր նախաձեռնությամբ հայտնաբերվել և վերացվել է։ Դրանք 2023-ին ակտուալ են եղել, 2024-ին վերացվել են»,- ասաց Բաբայանը։

Հետազոտության արդյունքների հիման վրա «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» ներկայացրել է 40 առաջարկ՝ ուղղված ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, Հակակոռուպցիոն կոմիտեին և այլ պետական մարմիններին: Առաջարկները ներառում են օրենսդրական փոփոխություններ, բարելավումներ և գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter