
ԱԳՆ Եվրոպայի վարչության պետն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցերով ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԵՄ փորձագիտական առաքելության կազմում էին՝ ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործերի եվրոպական ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին և այդ ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրել են այցի շրջանակներում կազմակերպված հանցավորության, ապօրինի գույքի բռնագանձման, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:
Այցի նպատակը Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի համապատասխան հենանիշների մշակման նպատակով:
Մեկնաբանել