
Կենտրոնական բանկն արդեն 3 ամիս խուսափում է «Թել-Սելի» վերաբերյալ հարցին պատասխանելուց
2024 թվականի դեկտեմբերի 23-ին «Հետքը» հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ փորձելով ճշտել՝ արդյոք «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսերի և տրանսպորտային փաթեթների վաճառքը հակասու՞մ է ընկերության ունեցած լիցենզիային, թե՞ ոչ։
ԿԲ-ն սկզբում 30 օր էր խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Հունվարի 17-ին պատասխանը վերջապես ստացանք։ Կենտրոնական բանկը հիշեցրել էր, որ «Թել-Սելը» ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. որոշմամբ ստացել է «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» լիցենզիա, այնուհետև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2016թ. որոշմամբ ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
Սակայն ԿԲ-ն խուսափել էր հստակ գնահատական տալ՝ արդյոք այդ լիցենզիայով կարելի է կազմակերպել հասարակական տրանսպորտի ուղետոմսերի վաճառք։ Պատասխանի վերջում նշված էր միայն.
«Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված հարցադրումներին, ապա հայտնում ենք, որ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները եւ Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կներկայացնի իր դիրքորոշումը»։
Այս պատասխանի ստացումից մոտ 3 ամիս անց` ապրիլի 7-ին, մենք նորից հարցում ուղարկեցինք Կենտրոնական բանկ։ Մարտին Գալստյանիի ղեկավարած կառույցը ուղարկեց բառացիորեն նույն պատասխանը՝ շարունակվում են ուսումնասիրությունները։
Ստացվում է, որ ԿԲ-ն չի կարողացել 3 ամսում հասկանալ՝ արդյոք «Թել-Սելի» իրականացրած գործունեությունը հակասում է նրա ունեցած լիցենզիային, թե ոչ։
Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը խուսափում պատասխանել «Թել-Սելի» վերաբերյալ հարցին, արդյո՞ք կա ճնշում Բանկի վրա, հայտնի չէ։ Եվ մինչ Կենտրոնական բանկը ժամանակ է ձգում՝ չտալով հստակ պատասխան, «Թել-Սելը» շարունակում է իրականացնել հասարակական տրանսպորտի ուղետոմսերի և տոմսային փաթեթների վաճառք։
Մեկնաբանել