HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 14-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Զեկուցողի խոսքով նախաձեռնության նպատակը ոչ թե որեւէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է:  Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերի կարգավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը նման է ԵՄ օրենսդրությանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են այն ակտիվներն ու ծառայությունները, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում:  Ըստ օրենքի՝ Հայաստանում առաջարկվում է իրականացնել կրիպտոակտիվներով հետեւյալ ծառայությունները. առեւտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ մուտքի եւ կապիտալի նվազագույն չափի պահանջներ: Սահմանվում են նաեւ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանության հաշվետվողականության, կիրպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ: Մասնավորապես, հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքերի դիմաց, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողն էլ չի կարող իր հաճախորդների միջոցներն օգտագործել իր շահերի համար:

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար: Նրանք նաեւ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու ԿԲ-ին եւ իրենց հաճախորդներին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների՝ վճարումների գործարքին, էլեկտրոնային փողին, էլեկտրոնային դրամապանակի ծառայության մատուցմանը, լիցենզիայի տրամադրմանը, կրիպտոակտիվներին, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն առաջարկել է մինչեւ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նաեւ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող հարցին: Առաջարկվել է օրենսդրական փաթեթն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter