HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Գյումրու ավագանին վաղը համայնքապետ կընտրի

Վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա Գյումրի համայնքի ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ համայնքապետի ընտրությունը։ Բառացիորեն ժամեր անց հանրությունը կիմանա վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկի պատասխանը՝ ով է դառնալու Գյումրու համայնքապետ։ 

Մարտի 31-ին, երբ հայտնի դարձան ընտրությունների նախնական արդյունքները, պարզ դարձավ, որ որևէ ուժ չի կարողանալու միայնակ համայնքապետ ընտրել։ Ավագանի անցան ընտրապայքարին մասնակցած 9 քաղաքական ուժերից 5-ը միայն։ Ավագանու 33 տեղերից 14 բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագրին», 8-ը՝Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 6-ը՝ «Մեր քաղաքը» դաշինքին, 3 մանդատ կստանա «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ՝ «Մայր Հայաստան» դաշինքը։

Նախնական արդյունքների հրապարակումից գրեթե անմիջապես հետո «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարեցին, որ միանում են ամենաշատ ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Վարդան Ղուկասյանին։ 

Այս հայտարարությունների համար օրեր անց նրանց քննադատեց ավագանու կազմ անցած՝ մեծությամբ երրորդ ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Մարտուն Գրիգորյանը։ Բայց մինչ հայտարարություն անելը Գրիգորյանը երկար ժամանակ լռություն էր պահպանում, որը տարբեր շրջանակներում տարբեր կերպ մեկնաբանվեց։ Փորձագետների և քաղաքական գործիչների մի մասը կարծում էր, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է համաձայնության գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որպեսզի ինքը դառնա համայնքապետ։ Մյուս մասը կարծում էր, որ նրա լռությունը պայմանավորված էր Վարդան Ղուկասյանի հետ ունեցած անձնական խնդիրներով։

Ի վերջո, խախտելով հնգօրյա լռությունը՝ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ Գյումրու համայնքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրության համար անհրաժեշտ ձայներ կապահովի։ 

«Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ 

Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գրիգորյանը։

Այս հայտարության մեջ նա նաև ներողություն էր խնդրել իր ընտրողներից, աջակիցներից և ազգականներից՝ շեշտելով, որ սա իր ողջ քաղաքական կյանքի ամենածանր որոշումն է եղել։

Թվում էր, թե Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից հետո քննարկումներն այս հարցի շուրջ պիտի ավարտվեին։ Բայց «Մեր քաղաքը» դաշինքի կազմում գտնվող կուսակցություններից մեկի՝ «Միացյալ Հայաստան»-ի ղեկավար Երվանդ Թարվերդյանի՝ Հանրային հեռուստատեսության եթերում արված հայտարարությունը նորից թեժացրեց թեման։ 

Թարվերդյանը Հանրայինի եթերում դիմեց ՔՊ-ի ներկայացուցչին՝ առաջարկելով, որ իշխանությունը չառաջադրի համայնքապետի թեկնածու և հնարավորություն տա, որ ավագանու անդամները ընտրություն կատարեն ընդդիմադիր ուժերի առաջադրած թեկնածուների միջև։ Նրա խոսքից ենթադրվում էր, որ իրենք ցանկանում են առաջադրել Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը՝ ակնկալելով, որ եթե ՔՊ-ն չի ցանկանում Վարդան Ղուկասյանին տեսնել Գյումրու համայնքապետի պաշտոնում, կարող է աջակցել Գրիգորյանին։

«Թող իշխանությունը ընտրություն անի ընդդիմության մեջ»,- ասաց Թարվերդյանը։

Այս հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը որևէ հստակ պատասխան չտվեց՝ արդյոք առաջադրելու են թեկնածու, թե ոչ։ ՔՊ-ի առանձին ներկայացուցիչներ ասում էին, որ տրամաբանական կլինի, եթե ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժն առաջադրի թեկնածու, բայց նաև հավելում էին, որ դեռև հստակ որոշում չունեն։

Գյումրու համայնքապետի ընտրության շուրջ ինտրիգը ավարտվեց, թերևս, ապրիլի 14-ին, երբ հայտնի դարձավ, որ Մարտուն Գրիգորյանը ավագանու անդամի մանդատ չի վերցնի։ Գրիգորյանը պետք է ընտրություն կատարեր ավագանու անդամի և պատգամավորական մանդատի միջև։ Նա ընտրեց վերջինը։

Հետևաբար, այս պարագայում, երբ երկրորդ ամենամեծ ընդդիմադիր ուժի համայնքապետի թեկնածուն հրաժարվեց ավագանու մանդատից և այլևս չի կարող հավակնել քաղաքապետի պաշտոնին, ոչինչ չի խանգարում «Մեր քաղաքը» դաշինքին իրականացնել իրենց առաջնորդի՝ շաբաթներ առաջ տված խոստումը՝ անհրաժեշտ ձայներ ապահովել Վարդան Ղուկասյանի ընտրության համար։

Եթե ավագանու վաղվա նիստում անակնկալներ չլինեն, 13-ամյա ընդմիջումից հետո Վարդան Ղուկասյանը կվերադառնա Գյումրու համայնքապետի պաշտոնին։ Ի դեպ, ավագանու նիստը նախագահելու է հենց 64-ամյա Ղուկասյանը՝ որպես ավագանու ամենատարեց անդամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր