HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալին նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ:

«Քաղաքացին մերժել էր առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք էր առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել էր առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք:

Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ նրա նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

2024 թվականի մարտի 5-ին Կ.Խ.-ն ներկայացել էր Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել էր ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի  դատավճռով  Կ.Խ.-ն մեղավոր  էր ճանաչվել, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով (պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով):

Կ.Խ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ Գլխավոր դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, մերժվել էր: 
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը բավարարվել է:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ փոփոխել է Կ.Խ.-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ հակակոռոպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը, վերացրել է Կ.Խ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և թողել կրելու 4 տարի 1 ամիս 17 օր ժամկետով ազատազրկումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter