HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչով է պայմանավորված Հայաստանի միջազգային պահուստների կտրուկ աճը մարտին

Պահուստները համալրվել են մարտին Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարով։

2025 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 922 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ ամսում (փետրվարի վերջի համեմատ), դրանք միանգամից ավելացել են 551 մլն դոլարով կամ 16.3%-ով։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները։

Այս տարվա մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր։ Եվ միջազգային պահուստները համալրվել են մարտին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարներով։ Դրանով էլ բացատրվում է միջազգային պահուստների կտրուկ աճը։

Միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։ ԿԲ-ից ևս «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին, որ մարտին, ի թիվս այլ գործոնների, պահուստների աճին նպաստող հիմնական գործոնը եվրապարտատոմսերի թողարկումից ստացված գումարներն են։

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին այդ գումարները «դուրս գան» միջազգային պահուստներից և ծառայեն, օրինակ, պետական պարտքի սպասարկմանը։

Հայաստանի միջազգային պահուստներն այս պահին գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով: Ոսկի պահուստներում չկա: Պահուստներում առկա ոսկու ամբողջ պաշարը՝ մոտ 1.4 տոննա, վաճառվել է 2003 թվականին։

Միջազգային պահուստները անհրաժեշտ են արտարժույթի փոխարժեքի կայունացման, երկրի արտաքին պարտքը անխափան սպասարկելու, ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար։ Կենտրոնական բանկը կարող է պահուստից վաճառել կամ գնել արտարժույթ՝ փոխարժեքի տատանումները վերահսկելու համար, արտաքին պարտքերը մարելու, սպասարկելու կամ ներմուծումներն ապահովելու համար։

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմել է 13 մլրդ դոլար։ Դրանից 6.3 մլրդ դոլարը արտաքին պետական պարտքն է, մոտ 6.7 մլրդ դոլարը՝ ներքին։

Եվրապարտատոմսերը՝ նույն եվրոբոնդերը, պարտք վերցնելու գործիքներից մեկն են։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանը դիմում է եվրապարտատոմսերի օգնությանը։ Այս տարվա մարտին 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի թողարկման հիմնական նպատակը հին պարտքերը մարելն է։ 

2015 թվականին Կառավարությունը 500 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկել և այս տարի՝ 2025 թվականին, այն ամբողջությամբ հետ գնելու ժամանակն է։ Ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ դրա մի մասը նախկինում հետ է գնվել, մնացել է 313 մլն դոլարը։

Ընդհանուր առմամբ, ըստ պարտքի մարման գրաֆիկի, որը հրապարակվել է այս տարվա սկզբին՝ 2025 թվականին Հայաստանը 1.6 մլրդ դոլարի մայր գումար պետք է մարի և մոտ 0.8 մլրդ դոլարի՝ տոկոսավճար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter