
«Միայն 2024 թ․-ին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3․3 միլիարդ դոլար»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում ՝ Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին հիմնական զեկույցի քննարկմանը։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․
«Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021–2026 թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը և առաջին բանը, որ պիտի ընդգծեմ այն է, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1․3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3․3 միլիարդ դոլար է։ Այսինքն, հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3․3 միլիարդ դոլար։
Պետք է ընդգծել, որ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են և սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած, միայն Հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018–ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ, կամ 4․2 միլիարդ դոլար։ Սա կրկնում եմ, այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես, 2011–2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի։ Այսինքն, հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4․2 միլիարդ դոլար։
Եվ սա, ուշադրություն դարձրեք, քովիդի համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ, և այս թվի մեջ, բնականաբար, չի ներառված պետական պարտքը, պետական պարտքը չի հաշվառվում որպես պետական բյուջետային եկամուտ։ Այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցած գումարները։ Այսինքն, խոսքը բյուջեի մաքուր, հեղափոխական եկամտի մասին է։
Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր Կառավարությունը Հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանվածը ետ բերելու խոստումը։ Բա էս 4․2 միլիարդ դոլարն օդից է՞ ընկել սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ։ Որտեղի՞ց այս 4․2 միլիարդ դոլարը։
Թալանվածը հետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը և թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, Հեղափոխության բերած 4․2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։
Պետք է խոստովանեմ, որ թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց Հեղափոխությունը և անձամբ ես խոստացել ենք նաև, որ Հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի և իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն, ինչպե՞ս էինք համատեղելու, այդ թվում են իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերն իրար չեն հակասում և մենք հենց այդ օրակարգերի իրացմամբ ենք զբաղված եղել և շարունակում ենք դրանով զբաղվել․ այն է՝ բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին և Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը՝ օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ։
Սա հարցի իրավաքաղաքական և բարոյական կողմն է, բայց կա նաև գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները և վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ՝ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն Կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է և կապ չունի թալանի և կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք և օրինական կերպով պարզապես գնել։
Ի՞նչ ենք մենք արել, ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գորդյան հանգույցն արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այս գործն արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք քովիդի համավարակի, պատերազմի, հետպատերազմական ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայնորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունն աճեցնելով աննախադեպ չափերով՝ 43,5%-ով: Ուշադրություն դարձրեք, 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43․5 տոկոսով: Ինչպես վերը նշեցի, այս ողջ գործընթացին զուգահեռ, բյուջեին բերելով լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, ապահովելով և երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող քաղաքացիներն անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից, ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։
Եվ այս ամենին զուգահեռ ստեղծել ենք Ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ, այս համակարգերն այլևս Հայաստանի Հանրապետության իրավակարգի անբաժանելի մաս են, որպես ինստիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարության դաշտից։
Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ։
Իսկ մի՞թե թալանվածը այս ընթացքում ցաքուցրիվ չի լինում, ցաքուցրիվ չեն անում։ Ոչ, որովհետև ավելի քան 1․7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռքբերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ և դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, և հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ, դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։
Բայց մի րոպե, ինչո՞ւ ենք այսքան զգույշ, ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։
Ոչ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետտա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Այնքան կմեծացնի նման գործողությունը և տրամաբանությունն արտաքին անվտանգության մեր առանց այն էլ առկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։
Մենք չենք գնում այդ ճանապարհով և իրականացնում ենք Հեղափոխության ժամանակ մեր տված՝ վենդետտա չիրականացնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանն օրենքի և օրինականության երկիր դարձնելու և թալանվածը վերադարձնելու մեր խոստումները։
Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում և ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։
Նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում ամենաթողություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում անարդարություն։
Իսկ ինչ կասեմ արդարության և արդարադատության մասին, մի՞թե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում էինք հասնել և ո՞րն էր այդ կետը։ Իսկ մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։
Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունն իրականում տեղին չէ երկու պատճառով․ նախ, Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է Նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո, Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառիս բուն իմաստով զրոյից նոր, Հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել երեք՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։
Բայց, ինչքան էլ դժվար լինի խոստովանել, Հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումներն այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ և վարչապետի պաշտոնից իմ 7 տարվա դիտարկումների համաձայն՝ այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում։
Իսկ այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։ Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին գելը» հին ժողովրդական առածին, և անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։
Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական և թե՛ դատավորական օղակում։
Ամո՞թ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնն արած չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր՝ հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։
Բայց նշանակո՞ւմ է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն։ Ոչ, ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա, բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական։
Եվ ուրախ եմ արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ովքեր վերը նշված օրակարգն իրենց անձնականն են համարում և պիտի աներկբա ասեմ, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և Կառավարության աջակցությունը։
Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծումներ փնտրելով։ Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգն էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության, կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն՝ ժողովրդի և դատական համակարգի միջև օրգանական կապը և առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։
Ես գիտեմ և հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման պրոբլեմի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ և բացի այդ՝ խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Ինչո՞ւ ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով, որ քանի դեռ Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։
Դեռ ավելին, արդարության և արդարադատության ոլորտում առկա պրոբլեմները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավայրի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած և մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը՝ որպես օպերաշխատողների, քննիչների, դատախազների և դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել՝ որպես երդվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունն ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։
Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդն արդար է, ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, դատավոր, դատախազ, քննիչ կամ ոստիկան։
Վերադառնալով ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերով։ Իմ ֆեյսբուքյան էջի #հատիկառհատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացն ի ցույց դնելն է, ի ցույց դնելն է, որ այս գործընթացում Կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձված գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որը հասանելի է բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։ Այսինքն, այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցներն արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1․7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց ընտանիքի անդամների և/կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի, կամ 1․5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։
Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդեն փելիս Ծաղկաձոր» հյուրանոցը, ԱՕՔՍ–ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում։
Այս թեմային, սակայն՝ պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21․8 տոկոս փայաբաժին ունի՝ իմ տված խոստմանը համաձայն։ Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ․ 2018–ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ–ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ յոթնամյա շրջանի, այսինքն՝ 2011–2017 թվականների հետ համեմատած։ Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում։
Բայց սա դեռ ավելին չէ․ 2024 թվականին ԶՊՄԿ–ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն, միայն ԶՊՄԿ–ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որն ընդ որում՝ միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։
Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև «Ամուլսարի» պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը և Հայաստանի Հանրապետության՝ 12․5 տոկոս փայաբաժին ձեռքբերելը, և ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «Վիվասել» ընկերության վաճառքն ու Կառավարության 20 տոկոս փայաբաժին ձեռքբերելը։ «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025 թվականին, բացի վճարած հարկերից, պետական բյուջե է վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին։
Թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու Կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը և համակարգերը գործարկված են, ապացուցելի և տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որն այս ողջ պրոցեսի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք օրինականորեն և անցնցում։ Միևնույն ժամանակ, մենք 100 տոկոսով հավատարիմ ենք մնացել 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին՝ չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետտաների տեսարաններ, այլ ընդհակառակը՝ հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է ու շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։
Այս թեմայով իմ ասելիքն ամփոփելով, ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումն այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին և այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ Կառավարության հուսալի և վստահելի գործընկեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, «Վիվա Արմենիա» ընկերության, մեր համասեփականատերերին՝ արդյունավետ համագործակցության համար, որը մենք, անշուշտ, կշարունակենք ամենաազնիվ կերպով։
Այս ամենը լսելուց հետո հասկանալիորեն Ձեր մոտ հարց պիտի առաջանա․ բա լավ, ի՞նչ են արվել, ինչի՞ համար են օգտագործվել վերը հիշատակված հավելյալ միլիարդները՝ դոլարով և ավելի քանի տրիլիոն՝ դրամով։ Շատ կարևոր հարց է և ես հիմա կետ առ կետ կձևակերպեմ այդ հարցի պատասխանը, ամենակարևորագույն շեշտադրումներով։
2018 թվականից ի վեր 233 միլիարդ 800 միլիոն դրամը հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հինգ անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափն ավելացել է 22․3 տոկոսով։ Այս ցուցանիշն, իհարկե, բավարար չէ, բայց պետք է հաշվի առնել, որ վերը նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև, իսկ 2018 թվականից մինչև այս պահը մեր սիրելի թոշակառուների թիվն ավելացել է 125 հազարով։ Սա ընդգծում եմ, ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որն անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։
Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որով շուրջ 290 հազար կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19․9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեից։
2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրին։ Ի սկզբանե մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող և չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն՝ գործնականում բոլորին։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվն ավելացավ 4․6 անգամ՝ 12 հազար 733-ից դառնալով 58 հազար 796, այսինքն՝ ավելանալով 46 հազար 63 մարդով, իսկ նպաստի միջին չափն ավելի քան կրկնապատկվել է։
Հաջորդը՝ 31․4 միլիարդ դրամ տրամադրվել է 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել և սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33 հազար 825 երեխա պետությունից ամսական 50 հազար դրամ աջակցություն է ստանում։
5․4 միլիարդ դրամը բնակելի տների և բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25 հազար ՀՀ քաղաքացիների, նրանց օգնելով էներգաարդյունավետ դարձնել իրենց բնակարանները և տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է։
99 միլիարդ դրամը տրամադրել ենք 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63 հազար 400 դպրոցականների համար։
37 միլիարդ դրամ տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունն ավելացնելուն՝ տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով և մինչև 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում՝ 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամն աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67 տոկոսով և այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։
Հավելյալ 74.3 միլիարդ դրամ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը։ Ընդ որում, իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105–ից 300 տոկոսով։ 2018–2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան կրկնապատկվել է։
Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը և այսօր Հայաստանում 582 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինվորական կա։
2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար և նախորդող 7 տարիների համեմատությամբ՝ կառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 2 հազար կիլոմետր հավելյալ ճանապարհ։ Սա 2011-2017-ի նկատմամբ հավելյալն է, այսինքն, այդ նախորդող շրջանի նկատմամբ 576 տոկոսով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Ընդ որում, ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման այս թվերում ներառված չեն վարկային միջոցները և դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ Ներառված չեն նաև սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ Այսինքն, առանց վարկերի և առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ:
2018-ից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել աշխատանքային լեզվով ասած լիզինգի, ինտենսիվ այգեգործության և անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։
2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիպոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41 հազար ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռքբերելու հնարավորություն են ստացել։
2020 հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12 հազար 151 երիտասարդ ընտանիք 8,6 մլրդ ՀՀ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։
114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա, ուշադրություն դարձրեք, միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ յոթնամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել: Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի ծրագիրը, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ շուրջ 33 հազար երեխայի համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։ Ընդ որում, մյուս կողմից էլ 2018–2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7–ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57 տոկոսով։
Այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել, բայց ասվածը բավարար է ի ցույց դնելու համար, որ ոչ թե թալանվածը վերադարձված է և բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու և ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված և այո, և այո, մոտավորապես երկու տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված և բաշխված է ժողովրդին և կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման համար։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ վերը բերված բյուջետային հաշվարկների մեջ որևէ կերպ արտահայտված չեն անշարժ գույքի հարկի հաշվարկները։ Սա հատուկ եմ ընդգծում, որովհետև անշարժ գույքի հարկի բարեփոխումների այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել, իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Բայց այս մեղադրանքը եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև այո՝ հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը՝ համայնքային բյուջե լցնելու միջոց և ոչ թե պետական բյուջե։ Կրկնում եմ՝ անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում՝ ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։
Օրինակ, Տեղական վճարների տողով, համայնքների բյուջեներն աճել են շուրջ 276 տոկոսով կամ 18 միլիարդ դրամով, այլ եկամուտներ տողով՝ շուրջ 344 տոկոսով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ։ Այո՛, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները՝ մտնելով համայնքների բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի այդքան քննարկված և քննադատված հարկի նոր դրույքաչափերին՝ պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ և ավելի արժեք ունեցող, այսինքն՝ միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։
Խնդրում եմ այն ինչ-որ հիմա կասեմ՝ հատուկ ուշադրություն դարձրեք. մեր երկրում 100 մլն դրամ և ավելի արժեք ունեցող գույքերը, ընդհանուր գույքերի մեջ 0․62 տոկոսն են: Պատկերացրեցի՞ք ՝մեր երկրում եղած գույքերի 0,62 տոկոսն է, որոնց արժեքը 100 մլն դրամ և ավելի է: Բայց այդ 0,62 տոկոսը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42․7 տոկոսը։ Հիմա իմացա՞ք՝ աղմուկը որտեղից է: Ուշադրություն դարձրեք՝ հանրապետության անշարժ գույքերի 0․62 տոկոսը վճարվում է անշարժ գույքի հարկի 42․7 տոկոսը։
Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումներն առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարուստ դարձածները։
Ապա և չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ 2019 թվականին մենք որոշում կայացրեցինք եռաչափ՝ 23, 28 և 36 տոկոս եկամտային հարկը հարթեցնելու և համընդհանուր 20 տոկոս եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ։
Այդ ժամանակ այսօր ԱԺ դահլիճում նստած բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու և հարուստներին աջակցելու մեջ, ինչին ի պատասխան մենք ասում էինք, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը և անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորել առաջադրվող խնդիրը, ինչը, ահա, փաստացի, իմ ասած վիճակագրությամբ, ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։
Շատ կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցներն այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն՝ անշարժ գույքի հարկը առավել ևս այդ դեպքն է, երբ ասում եմ, որ այդ հարկը քաղաքացիներն իրենք իրենց են վճարում՝ աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով, և այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանին, որ քաղաքացուն ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է։
Բայց սա դեռ ամբողջը չէ․ մեկնարկել և ամեն տարվա հետ ընդլայնվելու է համայնքների մասնակցային բյուջետավորման ծրագիրը, երբ քաղաքացիներն ուղիղ կերպով կարող են որոշել, թե համայնքի համար ո՞ր նախագծերն են առաջնահերթ, քաղաքացիները կարող են առաջ քաշել սեփական գաղափարներ իրենց համայնքում իրենց կյանքն ավելի լավը դարձնելու համար և որոշում կայացնել այդ ծրագիրը ֆինանսավորելու և իրականացնելու մասին։ Մասնակցային բյուջետավորման այս համակարգը դեռևս ֆինանսավորվում է պետական բյուջեից և 2024 թվականի 4 համայնքի համար նախատեսված 500 միլիոնի փոխարեն 2025 թվականի պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է մեկ միլիարդ դրամ՝ 21 համայնքների համար։ Եվ այս ամենը գործնական արտահայտումն է այն բանի, որ պետական և համայնքային բյուջեներին վճարումներ անելով՝ քաղաքացին կրկին, ինքը իրեն, բացառապես ինքն իրեն է վճարում և հենց այս ընկալումով է անցնում պետության և ապապետության միջև սահմանը։ Այսինքն՝ պետության և ապապետության միջև սահմանն անցնում է քաղաքացու համայնքին կամ պետական բյուջեին վճարած հարկի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այդ վերաբերմունքն է ցույց տալիս, թե ինչ է պետական մտածողություն, թե ինչ է ապապետական մտածողություն:
Ընդհանրապես, Հայաստանում Կառավարության հասցեին և ոչ միայն հիմա մի մեղադրանք կա, որի մասին քիչ առաջ ակնարկեցի, որն աբսուրդ է իր ամբողջ էությամբ։ Կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ, նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը, Կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ, նշանակում է Կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։
Ասել եմ և կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական և համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր, քաղաքացու, բառիս բուն իմաստով՝ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում՝ ասա երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու:
Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքն անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե։ Որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրերում։ Իսկ այսպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում ու Վանաձորում, այլ խոշոր քաղաքներում հազարավոր են։
Կապ չունի, շաբաթը քանի՞ անգամ ես մսով ճաշ ուտում, եթե ապրում ես այդպիսի անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես, ուզում ես օրը վեց անգամ ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես, ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնն արևից։
Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ՝ համայնքում ու թաղամասում ունենալով լավ դպրոց ու մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց և այլն, և այսպես շարունակ։
Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի և հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կա՞ն արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ի՞նչ անենք ուրեմն, մի՞թե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք և հաց տանք նրանց։
Այսօր տվեցինք հացը, վաղը գնանք տեսնենք, թե ի՞նչ է փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը: Մենք վաղն էլ չեք կարող լինել անտարբեր, վաղը նորից հաց տանք նրանց։ Երրորդ օրը գնանք տեսնենք ի՞նչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն, և երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես հաց տանք նրանց, չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ի՞նչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ չորրորդ օրը նույնպես նրանք հաց չունեն։ Նունը կկրկնվի հինգերորդ օրը, վեցերորդ օրը, առաջին ամիսը, վեցերորդ ամիսը, առաջին տարին, վեցերորդ տարին, տասներորդ տարին։ Եվ սա երևում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։
Ավելի քան 10 հազար ընտանիք 10 և ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը՝ իսկ այդ հացի համար ով է վճարում: Այստեղ չենք ուզում հարկ տանք, այնտեղ չենք ուզում հարկ տանք, չենք ուզում, ով է վճարում այդ հացը: Շատ լավ՝ մի տեղից տալիս ենք, տասը տարի մենք լավ թե վատ հաց ենք տալիս նրանց և ի՞նչ է փոխվել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան, մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ և աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն և նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։
Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը՝ անապահովության գնահատման և աղքատության հաղթահարման նոր համակարգ ներդնելով, երբ մենք մարդուն, այո՛, հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք գործադրում է և մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն և հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության և աշխատանքի միջոցով այդ ջանքը գործադրում է, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի՝ բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը և մեր ռազմավարությունը։ Եվ սա ճիշտ ռազմավարություն է և արժանապատիվ ռազմավարություն է։
Բազմիցս նշել եմ, հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է, և ուրախ եմ արձանագրել, որ ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտված։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում, որպես Հայաստան–Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը, և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը, թե երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է։
Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում, իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։
Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել՝ ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի, անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է։
Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Խորհրդային Հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։
Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ Կառավարությունը պարտավոր է Խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։
Չնայած, փորձագետները 2025 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։
Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում Համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի և խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5–րդ հոդվածի 3–րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Սա նշանակում է, որ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, Խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ․ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե Խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու Խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։
Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։
Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։
Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։
Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։
Մեկնաբանել