HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրի համայնքի ավագանին առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Գյումրու նախկին քաղաքապետ, «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանին ընտրեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնում։

Ավագանու նիստը բոյկոտում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նիստի մեկնարկից առաջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա։

«Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից»,- գրել էր Մինասյանը:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 6 հարց։ Սկզբում ձևավորվեց ժամանակավոր հաշվեքննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվեց յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ։

Այնուհետև տեղի ունեցավ համայնքապետի թեկնածուների առաջադրումը։ Ավագանու կազմ անցած ուժերից երեքը՝ «Մայր Հայաստան», Մեր քաղաքը» դաշինքները և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը վերահաստատեցին իրենց նախապես արված հայտարարությունները, որ թեկնածու չեն առաջադրի և կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին։

Գյումրու ավագանու «Կոմունիստական» խմբակցությունն առաջադրեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Ղուկասյանն առաջադրումից հետո կարճ ելույթ ունեցավ։ Նա շնորհակալություն հայտնեց ավագանու կազմ անցած ընդդիմադիր ուժերին իր օգտին քվեարկելու համար։

Ղուկասյանի ելույթից հետո մեկնարկեց քվեարկությունը, որը տևեց 30 րոպե։ Այնուհետև ևս 10 րոպե ժամանակ տրվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովին՝ ձայների հաշվարկի համար։

Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրու համայնքապետ։ Ապրիլի 19-ին տեղի կունենա Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, և 13 տարվա ընդմիջումից հետո նա կվերադառա քաղաքապետի պաշտոնին։

Գլխավոր լուսանկարը՝ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter