HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔՊ-ն բոյկոտեց Փարաքարի ավագանու առաջին նիստը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նորընտիր ավագանին այսօր որոշեց օրենքի ուժով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված համարել «Միասնություն» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վոլոդյա Գրիգորյանին։

Ավագանու նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ցուցակով ընտրված ավագանու անդամներն ու համայնքի նախկին ղեկավար «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Դավիթ Մինասյանը։ Այս կուսակցությունն ունի ավագանու երկու մանդատ։ Ավագանու մյուս անդամը ներկա էր նիստին և կողմ քվեարկեց բոլոր որոշումներին։

Ավագանին որոշեց՝ նորընտիր համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողության օր սահմանել 2025թ. ապրիլի 19-ին։ Այդ օրը Վոլոդյա Գրիգորյանը կստանձնի նաև համայնքի ղեկավարումը։

Հիշեցնենք, որ 2025թ. մարտի 30-ին կայացած Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2: «Կայունություն» կուսակցությունը մանդատ չի ստացել՝ համապատասխան թվով քվե չստանալու պատճառով։

Ավագանու նիստից հետո Վոլոդյա Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, թե իր համար անակնկալ չէր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մասնակցելու ավագանու առաջին նիստին, թեև նախապես տեղյակ չի եղել։

Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ նիստերին մասնակցել-չմասնակցելը ՔՊ-ի որոշելիքն է։ Իր քաղաքական թիմն ունի մեծամասնություն և հանգիստ կարող է համայնքը ղեկավարել։

Անդրադառնալով հարցին, որ համայնքում դեռևս չավարտված ծրագրեր կան, և հնարավոր է՝ Կառավարությունը ֆինանսավորումը ձգձգի, որպեսզի դժգոհություններ առաջացնի համայնքի ղեկավարի շուրջ՝ Վ. Գրիգորյանն ասաց, որ միշտ կապի մեջ է լինելու բնակիչների հետ ու այդ մասին կտեղեկացնի բոլորին։

Վոլոդյա Գրիգորյանը հավելեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ համայնքը ղեկավարելու հետ կապված որևէ առաջարկություն չի արել ՔՊ-ին և չի պատրաստվում անել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter