HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ծնողները խախտում են սեփական երեխաների իրավունքները. ինչպես չվնասել թվային դարաշրջանում

Սոցիալական ցանցերում ամեն օր հազարավոր նոր լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվում, որտեղ հաճախ կարելի է տեսնել երեխաների դեմքեր, հետևել նրանց առաջին քայլերին ու զվարճալի արկածներին։ Ծնողները կիսվում են իրենց երեխաների կյանքի կարևոր և ոչ այնքան կարևոր դրվագներով՝ երբեմն չգիտակցելով, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ թվացյալ անվնաս այս գործողությունը։

«Շերնթինգ» (sharenting — անգլերեն sharing՝ կիսվել և parenting՝ ծնողավարություն բառերից) կոչվող այս երևույթը, ըստ Barclays-ի հետազոտության, մինչև 2030 թվականը կարող է դառնալ երեխաների ինքնության գողության դեպքերի երկու երրորդի պատճառը։ 

Սա խնդիրներից մեկն էր, որ ապրիլի 15-ին քննարկվեց «Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեդիալուսաբանման ընթացքում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ Միջոցառման կազմակերպիչ «Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Պետրոսյանը բացման խոսքում նշեց, որ ոլորտում առկա խնդիրներից մեկը իրավական կարգավորման բացակայությունն է․ թեև երեխաների պատվի, արժանապատվության պաշտպանությանն ուղղված մի շարք իրավական նորմեր ամրագրված են, սակայն դրանց խախտման դեպքում պատասխանատվության անհրաժեշտ միջոցները, Պետրոսյանի դիտարկմամբ, արդյունավետ չեն։ Փաստաբանը շեշտում է՝ իրավախախտումների արդյունքում դատական հայցեր չեն ներկայացվում, ինչը պայմանավորված է նրանով, որ հաճախ իրավախախտը երեխայի ծնողն է, արդյունքում՝ բացակայում է պաշտպանությամբ հանդես եկող սուբյեկտը։

«Ծնողներն իրենց մեդիա հաշիվներում հաճախ կիսվում են իրենց երեխաների մերկ լուսանկարներով, ինչը նյութ է դառնում տարբեր անձանց ու կազմակերպությունների կողմից հետագայում ոչ ազնիվ և ոչ բարի նպատակներով գործողություն իրականացնելու համար։ Նման խնդիրները դրսում արձանագրված են, Հայաստանում դեռևս վտանգը այդքան շոշափելի չէ, այդ պատճառով ուսումնասիրությունները բացակայում են»,- նշեց Ռուբինա Պետրոսյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մինչև խնդրին բախվելը մտածել քայլեր ձեռնարկելու մասին։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը շեշտեց՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը կարևոր խնդիր է եղել բոլոր ժամանակներում, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ էլ ավելի լուրջ մարտահրավեր է դարձել։ Հաղթահարելու ճանապարհներից մեկը, պրոֆեսորի կարծիքով, մեդիան է, որը հզոր գործքի է հասարակական գիտակցության ձևավորման և երեխաների իրավունքների պաշտպանության գործում։

«Մեդիա ոլորտը ինչպես կարող է ուղղակիորեն նպաստել երեխայի` որպես հասարակության անդամի լիարժեք ձևավորմանը, այնպես էլ կարող է խորտակել հասարակության ապագա անդամին։ Կարծում եմ՝ մեդիա ոլորտին առաջադրվող պահանջները շատ մեծ են։ Նրանք պետք է լինեն պրոֆեսիոնալ, պետք է մշտապես գիտակցեն, որ իրենք ոչ միայն ինֆորմացիան արագ տարածելու և հանրային հետաքրքրությունը բավարարելու հզոր գործիք են, այլ կրթական և դաստիարակչական միջոց»,- ասաց Արմեն Հայկյանցը։

Պանելային քննարկման ընթացքում փաստաբան Աշխեն Դաշյանը նշեց, որ մեդիա տիրույթում երեխաների անձնական տվյալների խախտման դեպքերը շատ են, և կարևոր է խոսել իրավական գործիքակազմի ու պատասխանատու լրագրության մասին՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

Դաշյանը անդրադարձավ տվյալների հրապարակման համար սուբյեկտի համաձայնության կարևորությանը։ Երեխաների դեպքում այդ համաձայնությունը տալիս են ծնողները, սակայն նա շեշտեց, որ երբեմն միայն ծնողի համաձայնությունը կարող է բավարար չլինել․ հնարավոր է, որ երեխայի իրավունքները հենց ծնողի կողմից խախտվեն, եթե անձնական տվյալները մշակվել են՝ ծնողի անձնական շահերին համապատասխանեցնելով, այլ ոչ թե երեխայի լավագույն շահին։

Նա նշեց, որ ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես՝ 2015 թվականից գործող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, ինչպես նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան նախատեսում են բավարար իրավական երաշխիքներ այս ոլորտում իրավունքների խախտման դեպքերը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ 

Քննարկման մոդերատոր Ռուբինա Պետրոսյանը կարևորեց նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը դատավարական գործընթացներում։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ որդեգրման գործերը պիտի քննվեն դռնփակ՝ հաշվի առնելով, օրինակ, հետագայում անձի տվյալների փոփոխման հնարավորությունը։ Մյուս գործերով, սակայն, դատական նիստերը հիմնականում դռնբաց են, բացառությամբ միջնորդության ներկայացման այն դեպքերի, երբ առկա են օրենքով սահմանված հիմքեր, օրինակ՝ մասնավոր կյանքի տվյալների պահպանությունը։

«Երեխաների դեպքում մեր լիազորությունները տարբերվում են, քանի որ 2018 թվականից ունենք լիազորություն, որը հնարավորություն է տալիս դատարանին, անկախ կողմի միջնորդությունից, գնահատելով իրավիճակը և կոնկրետ հանգամանքները, գործը քննել դռնփակ դատական նիստի պայմաններում՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»,- նշեց Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանը։

Անտոնյանը անդրադարձավ «Դատալեքս» համակարգում հայցվորի և պատասխանողի տվյալների հրապարակման հարցին՝ նշելով, որ թեև երեխայի անունը և ծննդյան տվյալները չեն երևում, համակարգում պահպանվում են ծնողների՝ որպես հայցվորի կամ պատասխանողի անձնական տվյալները։ Սա նշանակում է, որ տվյալների համադրման արդյունքում հնարավոր է նույնականացնել երեխային։

Դատավոր պարզաբանեց, որ ծնողների տվյալների պահպանումը համակարգում թույլ է տալիս բացառել նույն անձանց միջև, նույն առարկայի և փաստական հանգամանքներով կրկնակի դատական գործերի քննությունը։ Եթե երեխաներին վերաբերող բոլոր գործերում ամբողջությամբ փակվեին հայցվորի և պատասխանողի տվյալները, ապա հնարավոր չէր լինի արդյունավետ վերահսկել նման դեպքերը։

Լրագրող Արաքս Մամուլյանն իր ելույթում կարևորեց երեխաների լավագույն շահերի առաջնահերթությունը դատական գործընթացների լուսաբանման ժամանակ։ Լրագրողը շեշտեց քննիչների հետ համագործակցության կարևորությունը՝ որոշելու, թե ինչ տեղեկատվություն պետք է հրապարակվի, հատկապես անչափահասների հետ կապված դեպքերում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Սարգսյանը քննարկման առարկա դարձրեց երեխաների մասին էթիկական լուսաբանման հարցը՝ ընդգծելով, որ խնդիրը միայն լրատվական դաշտով չի սահմանափակվում, այլ ընդգրկում է նաև հարակից ոլորտները, ներառյալ՝ մարքեթինգը և սոցիալական գովազդը։ Նա նշեց, որ նույնիսկ լավ նպատակներով իրականացվող որոշ գովազդային արշավներ կարող են չհամապատասխանել երեխայի լավագույն շահին։

«Էթիկական լուսաբանումների թեման հետաքրքիր է նրանով, որ որտեղ խնդիրն է, այնտեղ էլ լուծումն է։ Քանի դեռ մեր երկրում երեխաների շուրջ շարունակվում են բացասական, խտրական, պիտակավորող սոցիալական նորմերը, խնդիրներն էլ են շարունակվելու։ Լուծումները այդտեղ են, որ բոլորս միասին կարողանանք աշխատել՝ բացառելու կամ նվազեցնելու խտրական վերաբերմունքը»,- նշեց Զառա Սարգսյանը։

Նա ներկայացրեց ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի վերջին եզրափակիչ դիտարկումները Հայաստանի վերաբերյալ, որը կոչ է անում պետությանը միջոցներ ձեռնարկել երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, հատկապես առցանց աղբյուրներից տեղեկատվություն ստանալու երեխայի իրավունքի պաշտպանությունը վնասակար բովանդակությունից և ռիսկերից։

Բլոգեր Զառա Ղազարյանը հաճախ է խոսում մարդու իրավունքների ու դրանց խախտումների մասին։ Շեշտում է՝ համացանցը տալիս է հնարավորություն խոսելու մարդու մտքով անցնող ցանկացած թեմայի մասին, ու շատ կարևոր է տվյալ մարդու սոցիալական պատասխանատվությունը։

«Մինչև դետալներին ուշադրություն չես դարձնում, չես հասկանում, թե ինչքան խոցելի է իրավիճակը, ինչքան բացեր կան, որ մարդը հնարավոր է անի մի բան, հետո դրա համար ուղղակի պատասխանատվություն չկրի»,- ընդգծեց բլոգերը։

Զառա Ղազարյանի հարցին, թե որ կառույցին պետք է դիմել երեխաների իրավունքների խախտումներ նկատելիս, փաստաբան Աշխեն Դաշյանը պատասխանեց՝ Ընտանեկան օրենսգրքով սահմանված է, որ երեխայի իրավունքների խախտման դեպքերում անհրաժեշտ է դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին։ Փաստաբանի նշեց՝ հարց է, թե որքանով է արդյունավետ այս մարմինը, այնուամենայնիվ, այն կարող է անվճար հիմունքներով հանդես գալ երեխայի իրավունքների պաշտպանությամբ։

Քննարկման ավարտին «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը շեշտեց՝ խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, որոնցով պիտի զբաղվեն իրավասու մարմինները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter