
«Թևեր բոլորին»՝ նորարարական ծրագիր Տաթևում՝ տեղացի և Արցախից տեղահանված ընտանիքների համար
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն «Իննոբիզ» ՀԿ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Թևեր բոլորին» (Wings4All) ծրագրի մեկնարկը Տաթև խոշորացված համայնքում։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զորացնել Արցախից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին՝ զարգացնելով նրանց ձեռնարկատիրական կարողությունները, ստեղծելով կայուն զբաղվածություն և նպաստելով համայնքի տնտեսական աճին։
«Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիրը Տաթև համայնքի 50 ընտանիքի առաջարկում է՝
- Վեցամսյա ինտենսիվ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներ
- Փորձառու մենթորների անհատական աջակցություն
- Բիզնես գաղափարների մասնակի ֆինանսավորման հնարավորություններ
- Ուսումնական կրթաթոշակներ՝ բիզնես նախագծերի փորձարկման համար
«Այս նախաձեռնությունը հիմնարար փոփոխություններ կբերի ոչ միայն Արցախից տեղահանված ընտանիքներին, այլև կամրապնդի ամբողջ Տաթևի համայնքը՝ ստեղծելով նոր տնտեսական հեռանկարներ և սոցիալական կապեր», - նշում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։
Ծրագրի առանձնահատկությունն է սերունդների միջև համագործակցության խթանումը՝ դեռահասներին ներգրավելով ընտանեկան բիզնեսի ստեղծման և զարգացման գործընթացներում։ «Թևեր բոլորին» ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում մասնակիցների հոգեկան առողջությանը և առաջնորդական հմտությունների զարգացմանը՝ համայնքում լիարժեք ինտեգրման համար։
Ծրագրի շրջանակներում վերապատրաստված երիտասարդներն ակտիվորեն կմասնակցեն Տաթև համայնքի ապագա շուկայական գործունեությանը՝ որպես վաճառքի մասնագետներ, մարքեթինգի խորհրդատուներ և համայնքային միջոցառումների կազմակերպիչներ։
Մեկնաբանել