
ԱԺ-ում քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեությանը վերաբերող զեկույցը
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում գործել է 102 լիցենզավորված ընկերություն, 41 տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 61 ցանցային օպերատոր: Նույն ժամանակահատվածում գործել է հեղինակազորված 54 ընկերություն: Առանց լիցենզիայի հեռարձակվել է հանրային հեռարձակողի 3 տեսալսողական եւ 4 լսողական ծրագիր, իսկ միջազգային պայմանագրերի հիման վրա՝ 4 տեսալսողական եւ 1 լսողական ծրագիր: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
ԱԺ հերթական նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Ներկայացնելով վերոնշյալ տեղեկատվությունը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հավաստիացրել է, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է եւ անկախ՝ նկատի ունենալով պետություն-մեդիաներ փոխհարաբերությունները:
2024 թվականին որեւէ բողոք տեսալսողական ծառայություն մատուցողներից չի ստացվել: Սա վերաբերում է պետություն-ԶԼՄ-ներ կամ իշխանության տարբեր ճյուղեր ու քաղաքական ուժեր եւ ԶԼՄ-ներ հարաբերություններին: Տիգրան Հակոբյանի խոսքով քանի որ հանձնաժողովը ԶԼՄ-ների սեփականատեր եւ ֆինանսավորող ուժեր հարաբերությունները վերահսկելու հնարավորություն չունի, այդ մասով տեղեկատվության ազատության առումով որեւէ տեղեկություն չկա:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ կարգավորող մարմինը 2024 թվականին գործել է թափանցիկ, ազատ եւ հասարակության առջեւ հաշվետու: Նա հավելել է, որ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին եւ չեն միջամտում հանձնաժողովի գործունեությանը:
Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ արդի տեղեկատվական հոսքերը, սոցիալական հարթակներում ինֆորմացիոն խառնաշփոթը Հայաստանի տեղեկատվական անվտանգության եւ մարդկանց հոգեւոր ու ֆիզիկական առողջության համար սպառնալիքներ է ստեղծում եւ սահմանափակում է ՀՀ տեղեկատվական եւ լեզվական ինքնիշխանությունը: Նշվել է, որ մեդիա կարգավորող օրենսդրությունը համարժեք չէ այս փոփոխություններին: Զեկուցողի գնահատմամբ խնդիրները լուծելու համար հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն:
Տիգրան Հակոբյանը թվային հանրային մուլտիպլեքսի զարգացման հարցն է բարձրացրել, նշել, որ որակյալ հեռուստաընկերություններ ունենալու համար ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը:
Անդրադարձ է եղել Կառավարության որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծմանը, որը ղեկավարելու է հոգաբարձուների խորհուրդը: Այն օգտագործվելու է Հայաստանում հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը: Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ հանրային բնույթ կրող հեռուստածրագրերի:
Կարեւորվել է ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված մի շարք այլ խնդիրների մասին:
Հարցուպատասխանի ձեւաչափում Տիգրան Հակոբյանն անդրադարձել է օտարերկրյա հեռուստածրագրերի՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակմանը, տեղեկատվական հոսքերի վերահսկման հնարավորություններին, առկա մոնիթորինգային գործիքակազմին, հեռուստահաղորդումների որակին ու բովանդակությանը, սուրդոթարգմանության ապահովման խնդրին, մեդիայում բազմակարծությանը, ատելության խոսքի ու բռնության քարոզի դրսեւորումների հնարավորությանը եւ այլ խնդիրների:
Զեկույցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի ապրիլի 21-ի Ազգային ժողովի նիստում:
Մեկնաբանել