
«Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների». ԱԺ նախագահի ելույթն՝ ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,
Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,
Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռեւս ողջ սիրելի վետերաններին:
Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլեւ մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաեւ բարոյական ու հոգեւոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից եւ հիվանդություններից:
Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ Խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն եւ անձնուրացություն:
Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին։
Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում:
Սփյուռքի եւ հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:
Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ:
Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել եւ հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար:
Գործընկերնե՛ր,
Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլեւ պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետեւանքներ ունեցող երեւույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձեւավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետեւանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչեւ քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:
Գործընկերնե՛ր,
Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը:
Շնորհակալություն ուշադրության համար»։
Մեկնաբանել