Ինդոնեզիայի ԱԳ նախարար. Ինդոնեզիան ցանկանում է նոր թափ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին
Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն: Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացան նախ առաձնազրույցի, ապա պատվիրակությունների մասնակցությամբ:
Մարտի Նատալեգավան ասաց, որ Հայաստանի և Ինդոնեզիայի փոխգործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, և այս այցելությունը լավ հնարավորությունն է ընձեռում քննարկելու այդ ներուժի բացահայտման և օգտագործման ուղիները, ինչպես նաև ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ հոբելյանական տարում, և կարևորեց Ինդոնեզիայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը նախարարի այցելության գլխավոր նպատակն է:
«Շարմ էլ-Շեյխում ուղիղ 3 ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանը մենք պայմանավորվեցինք գործնական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը, և ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր, ի պատասխան Ձեր հրավերին, ես գտնվում եմ Ջակարտայում հենց այդ նպատակով: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավ-Արևելյան Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք և որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ Մարտի Նատալեգավան շեշտեց, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:
Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավական դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին:
Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ինդոնեզիայի Առևտրի պալատների համագործակցության հնարավորությունը:
Մշակութային փոխանակումները խթանելու նպատակով հայկական կողմի առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց մշակութային բնագավառում համագործակցության վերաբերյալ այդ բնագավառում համագործակցության համաձայնագրի մշակման և կնքման մասին:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նա իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորան գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:
Ինդոնեզիայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում, ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը Մարտի Նատալեգավային հրավիրեց այցելել Երևան:
Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին»:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Ինդոնեզիայի էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ինդոնեզական առևտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Մուհամադ Հատա Ռայասային կարևորեցին Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել հայ-ինդոնեզիական համատեղ համաձնաժողով:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ երեկոյան ավարտելով այցելությունը Ջակարտա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Օքլենդ, որտեղ օգոստոսի 9-ին նախատեսված է նրա հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել