HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակտիվ քաղաքացի» հավելվածով բնակիչները կարող են նաև ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող խնդիրներ բարձրաձայնել

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով այսուհետ քաղաքացիները կարող են բարձրաձայնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանն առնչվող խնդիրների մասին: Ընկերությունը միացել է հարթակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

***
Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով.  արդեն իսկ ըստ տեղադիրքի տեսանելի են սուրճի, սննդի և վճարային տերմինալների տվյալները: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը, ժամկետները, աշխատանքների ընթացքն ու որակը վերահսկելու համար: Քարտեզավորման գործընթացով հսկողություն կիրականացվի նաև մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ոլորտում՝ աղբատար մեքենաների աղբամաններին մոտենալուց մինչև աղբի տեղափոխում: 

«Թվայնացման այս գործիքները մեզ էականորեն նոր ժամանակաշրջան են տեղափոխում և այն աշխատանքները, որոնք հիմա իրականացվում են GIS համակարգի տեխնոլոգիաները օգտագործելով, Երևանի կառավարման տեսանկյունից էականորեն բարձրացնում են մեր աշխատանքը արդյունավետությունը: Այս վերլուծությունների շնորհիվ մեր աշխատանքն էլ ավելի կպարզեցվի, կհեշտացվի, և երևանցիներն էականորեն ավելի գոհ կլինեն մեր աշխատանքից»,- նշել է քաղաքապետը:  

***
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում կազմել է 88 հազար 150, մետրոպոլիտենում՝ 505 հազար 257, ավտոբուսներում՝ 1 մլն 831 հազար 196: Նախորդ շաբաթվա համեմատ դրական տարբերությունը՝ 7655:

***
Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները:  «Սասունցի Դավիթ» կայարանում աշխատանքներն ավարտվել են: Գործընթացն այս պահին շարունակվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում: Հաճախ աչքի չընկող այս աշխատանքների հիմնական նպատակը երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն ապահովելն է: 

***
Տարեսկզբից Երևանում արդեն իսկ շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ է անցկացվել: 2025թ. ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի: Քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհին հարող լանջերին: Քաղաքը ձեռք է բերել մոտ 10 հազար մշտադալար թփեր, որոնք այս պահին լրացվում են Երևանում. ևս 40 հազարն  արտադրվել է համայնքային տնկարանային տնտեսությունում: Վերջին երկուսուկես տարում Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, այս տարվա ընթացքում այդ թիվը կմոտենա 25 հազարի: Կենտրոն վարչական շրջանում 35 հա-ում նախատեսվում է ծառատունկ. ծրագիրը կմեկնարկի Կենդանաբանական այգուց և կավարտվի Գայի պողոտայում: Մինչ այս պահն այդ 35 հա-ում ցանկապատերից ազատվել են զավթված հողերը, ինչպես նաև քանդվել քոլիկանման շինություններ: 

***

2022-2025թթ. ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ արտաքին գովազդի 21 հազար 902 կրիչ է ապամոնտաժվել, որոնցից 588-ը՝ մեծ տեղեկատու դաշտով: Արտաքին գովազդի տեղադրման նոր թույլտվություններն, ի դեպ, հիմնականում վերաբերում են ոչ թե նոր տեղերում գովազդի տեղադրմանը, այլ հին կրիչները նորերով փոխարինելու գործընթաց է իրականացվում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է աշխատանքներ տանել, որ Երևանի ավագանու որոշմամբ հետագայում բացառվի սիզամարգերի հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության տրամադրումը, նորմատիվային մյուս փոփոխությունն էլ մեկ խաչմերուկում բազմաթիվ կրիչների տեղադրմանը կվերաբերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter