
Համայնքապետները նախագահին խնդրում են ներել մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին
Մանկապղծության մեղադրանքով 2011թ. դատապարտված Տեր-Պողոսյանին ներում շնորհելու համար Լոռու մարզի մի քանի համայնքապետ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Լոռու մարզում տարածված լուրերի համաձայն՝ նամակներ են ուղարկել Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը և Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:
Տեր-Պողոսյանին ներում շնորհելու համար վերջին մեկ ամսվա ընթացքում մանկապիղծի կնոջ՝ Մադլեն Թաշճյանի ցուցումով ստորագրահավաք է անցկացվել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում:
Տեղեկությունը ճշտելու համար «Հետքը» զրուցեց վերոնշյալ համայնքապետների հետ: Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը հեռախոսազրույցով հաստատեց փաստը: «Մեկ ամիս չկա, որ նախագահին ուղարկել եմ խնդրագիրը, իմ անունից եմ ուղարկել: Սերոբը մինչև ձերբակալվելը ինձ 6 մլն դրամով օգնել է գյուղի 3-րդ ջրագծի վերականգնման համար: Գրել եմ՝ ծանր հանցագործություն է կատարել, պատժվել ա, հիմա էլ խնդրում եմ ներեք»,- հայտնեց Սամվել Գիգոլյանը:
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը լուրջ սպառնալիք է Սամվել Գոգոլյանի ղեկավարած համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար: Սամվել Գիգոլյանը Տեր-Պողոսյանի 6 մլն դրամ հատկացումը համարում էր մեծ լավություն: Այդուհանդերձ, նա պահանջեց իր անունը թերթում գրել միայն այն դեպքում, եթե գրենք նաև Տեր-Պողոսյանի ներման համար նախագահ Սերժ Սարգսյանին խնդրագիր ներկայացրած 5-րդ համայնքապետի անունը, որի ազգանունը պրն Գիգոլյանը հրաժարվեց հայտնել:
Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը նեղսրտեց մեր հարցադրումից: «Տեր-Պողոսյանին ներում շնորհելու մասին նախագահին խնդրագիր գրելու համար ինձ զանգահարել է Մադլեն Թաշճյանը, որը ես մերժել եմ: Դուք ո՞նց եք հավատում, ո՞նց է հնարավոր, որ ես նման ախմախ բան անեմ»,- ասաց Լենդրուշ Բեժանյանը:
Մեր հարցմանը Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանի պատասխանում խուճապ կար: «Ձեզ ասեմ, սա եղել է մեր կողմից թյուրիմացություն, այսինքն, ճիշտն ասած, պահի տակ արել եմ, պրոստո, դե նա ներում չունի: Դե գիտեք, ոնց ա, խոսակցություններ եղել ա, որ ինքը ծանր հիվանդ ա, ոնց որ ուզում ա իր մահկանացուն կնքե ոչ կալանավայրում»,- ասաց Նեղոցի գյուղապետը:
«Ո՞վ է դիմել Ձեզ նախագահին խնդրագիր գրելու համար»,- հարցին Սպարտակ Բեգջանյանը տվեց այսպիսի պատասխան. «Ուղղակի դա թյուրիմացություն է եղել, տենց ա եղել, երկրի նախագահին գյուղապետարանի բլանկի վրա եմ գրությունը ուղարկել»:
Նեղոցի գյուղապետը հրաժարվեց մեզ ցույց տալ նախագահին ուղղարկած իր գրության կրկնօրինակը: Ասաց նաև, որ չի հիշում գրության ամսաթիվը. «Ես սկի տեղյակ չեմ եղել, որ ուրիշները գրում եմ, պրոստո զուտ իմացել եմ, որ աշխատողներ են, զրուցում են, որ ծանր հիվանդ ա: Ասում եմ՝ դա իմ կողմից թյուրիմացություն է եղել: Ես ուզեցել եմ՝ Սերոբը զուտ իր մահկանացուն կնքե դրսում: Մեր կողմից դա թյուրիմացություն ա, ճիշտ եմ ասում»:
Սպարտակ Բեգջանյանի կարծիքով՝ Սերոբը Նեղոցում որևէ երեխայի չի պղծել: Գյուղապետին ստիպված տվեցի Սերոբ Տեր-Պողոսյանին զոհ դարձած նեղոցեցի մի քանի անչափահասների ազգանուններ: «Ճիշտ է, Նեղոցում է մշտապես ապրում, բայց Ախթալայում է գրանցված,- երեխաներից մեկի մասին ասաց Սպարտակ Բեգջանյանը և արագ ավելացրեց:- Դրա համար էլ ես զղջացել եմ»:
Սպարտակ Բեգջանյանը, իր ասելով, իր արարքի համար զղջացել է նաև այն ժամանակ, երբ պատկերացրել է, որ պղծվածներից մեկն էլ կարող էր նաև իր երեխան լինել:
Հեռախոսային մեր հարցմանը Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը պատասխանեց. «Խնդրում եմ ասեք հա, ով է էդ տեղեկությունը Ձեզ հաղորդել: Ես այդպիսի գրություն չեմ ուղարկել, ամոթ էլա, ես նման թափթփուկների դեմ պայքարող մարդ եմ»:
Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրի նախագահից կողմից Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհվելու համար ստորագրություններ են հավաքել նաև Ախթալայում: «Հուլիսի կեսերին լեռնահարստացման կոմբինատի անվտանգության աշխատողների կողմից Ախթալայի բնակչությունից ստորագրություններ էին հավաքվում: Բնակիչները չէին ուզում տալ իրենց ստորագրությունները: Դրանք հավաքելու ժամանակ սկզբից բնակչությանը ասել են, թե բնապահպանության նախարարությունը եկել է, տուգանքների տակ է գցել, լեռնահարստացման ֆաբրիկան փակում են, ստորագրություններով խնդրում են նախագահ Սերժ Սարգսյանին, որ ֆաբրիկան չփակեն: Բանվորներին թյուրիմացության մեջ են գցել: Սկզբում մարդկանց ստորագրել են տվել դատարկ, անտեքստ թղթերի վրա: Երբ մարդիկ հրաժարվել են ստորագրել, այդ ժամանակ մի տեքստ են ներկայացրել, որով խնդրում են նախագահին լեռնահարստացման կոմբինատը չփակել»,- ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Նա տեղյակ չէր հավաքված ստորագրությունների քանակին: Ասաց, որ ԼՀԿ-ի աշխատողներին պարտադրել են ստորագրել ֆաբրիկայի անվտանգության ծառայության աշխատակիցներ Համո Առաքելյանը, Մհեր Սաղաքյանը, Մխիթար Բեգջանյանը: Վերջինս, ինչպես պարզվեց, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանի եղբոր որդին է:
Անվտանգության աշխատողները, բնականաբար ինքնագլուխ չեն հավաքել ստորագրությունները. նրանց այդ հանձնարարությունը տվել է Մադլեն Թաշճյանը:
Տեր-Պողոսյանին ի՞նչ կտան նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ներման խնդրանքով համայնքապետների ու ԼՀԿ-ի աշխատողների ստորագրությամբ նամակները: Հարցի պարզաբանման համար «Հետքը» խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, Տեր-Պողոսյանի մանկապղծության գործով մեղադրող Արամ Ամիրզադյանի մեկնաբանությունը:
«Ես կարծում եմ՝ դրանով մթնոլորտ է ստեղծվում, որ Սերոբի մասին մտածում են: Նախագահի ներման հանձնաժողովը կարող է պատժի չափը մեկ տարով կրճատել, կարող է պատիժը կիսել, կարող է և ազատել պատժից: Ես կարծում եմ՝ նման մարդուն ներում չկա»,- պատասխանեց Արամ Ամիզադյանը:
Լուսանկարում՝ Մադլեն Թաշճյանը և Սերոբ Տեր-Պողոսյանը
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել