
Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գերծանր տղամարդկանց պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ +109 կգ քաշային կարգում Եվրոպային կրկնակի չեմպիոն հռչակվեց Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 450 կգ արդյունք։
Մեր ծանրորդը պայքարի մեջ մտավ, երբ բոլորն ավարտել էին ելույթները։
Պոկում վարժությունը Վարազդատ Լալայանը սկսեց 200 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 210 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 218 կգ, սակայն չկարողացավ պոկել։ Առաջին իսկ մոտեցմամբ մեր ծանրորդը ապահովել էր վարժության փոքր ոսկե մեդալը։
Հրում վարժությունը ևս Լալայանը վստահ սկսեց՝ բարձրացնելով 240 կգ։ Երկրորդ մոտեցմամբ, սակայն, 250 կգ հրել չկարողացավ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն նվաճել էր չեմպիոնի տիտղոսն ու երեք ոսկե մեդալները։
Վարազդատ Լալայանը երկամարտում 450 կգ արդյունք գրանցեց՝ երկրորդ տեղը զբաղեցրած Մարտ Սեյմից 35 կգ ավելի։
Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը 10 մեդալ նվաճեց՝ 2 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե։ Թիմային հաշվարկում այս տարի երրորդն ենք։
Մեկնաբանել