Միգրացիոն պետական ծառայությունը պարզաբանում է
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պարզաբանումը` «hetq.am» կայքում օգոստոսի 6-ին տպագրված «Եկեղեցին մատնո՞ւմ է Հայաստանի քաղաքացիներին» հոդվածի առնչությամբ
Զերծ մնալով «Արտասահմանում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիների» անունից հոդվածում ներկայացված մի ամբողջ շարք խեղաթյուրումներին անդրադառնալուց և հոդվածի որոշ մեկնաբանների կողմից արտահայտված մտքերը թողնելով իրենց խղճին` հարկ ենք համարում միայն մեր հասարակությանը ներկայացնել այս խնդրի հետ կապված իրական փաստերը:
ՀՀ կառավարության 2011 թ.-ի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատվել է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագիրը»: Ծրագրում ներառված 14 հիմնախնդիրներից մեկը վերաբերում է ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանը, անկանոն միգրացիային առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Այս խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներից մեկով նախատեսվում է ուսումնասիրել օտարերկրյա պետություններում անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:
Ի՞նչ է նկատի առնված սրա տակ, և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել: Գաղտնիք չէ, որ օտարերկրյա պետություններում գտնվող մեր հայրենակիցների մի մասը փաստաթղթերի հետ կապված տարբեր խնդիրներ ունի: Օրինակ` նրանց երեխաները ծնվել են արտերկրներում և ինչ-ինչ պատճառներով չեն փաստաթղթավորվել, կամ երեխաները միայն ծննդյան վկայականներ ունեն, կամ փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել՝ զինակոչային տարիքի պատճառով, կամ այդ անձինք ունեն ժամկետանց, նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր:
Նման վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում նրանց իրավունքների իրացման հարցում: Այսպես. առանց փաստաթղթերի՝ հնարավոր չէ տեղաշարժվել ինչպես իրենց բնակության երկրում, այնպես էլ այդ երկրից դուրս: Բարդություններ են առաջանում աշխատանքի, ուսման, սոցիալական ծառայություններից օգտվելու հետ կապված: Եվ, վերջապես, նման վիճակում գտնվող անձն առավել հարմար թիրախ է տարատեսակ հանցավոր խմբավորումների համար:
Վերոհիշյալ Գործողությունների ծրագրում այս խնդիրների ներառումը թելադրված է այն մտահոգությամբ, որ ուսումնասիրվեն և վերլուծվեն օտարերկրյա պետություններում բնակվող մեր քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված խնդիրները, և միջոցներ ձեռնարկվեն դրանց լուծման նպատակով:
Բնական է, որ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներն առաջին հերթին դիմում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին: Միևնույն ժամանակ միշտ չէ, որ այդ հիմնարկները նրանց հասանելի են զուտ աշխարհագրական առումով: Օրինակ, հսկայածավալ Ռուսաստանի Դաշնության միայն 4 քաղաքներում են (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Ռոստով) գործում նման մարմիններ, իսկ եվրոպական մի շարք պետություններում դրանք ընդհանրապես գոյություն չունեն:
Այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ աջակցություն են փնտրում իրենց բնակավայրում գործող հայկական կազմակերպություններում կամ էլ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք գրություններով դիմեցինք ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խնդրելով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկների, Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների, արտերկրներում գործող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի միջոցով տեղեկություններ տրամադրել՝ փաստաթղթեր չունեցող անձանց հետ կապված իրենց հայտնի խնդիրների վերաբերյալ:

Շնորհակալությամբ պետք է նշել, որ մեր խնդրանքը դրական արձագանք է ստացել: Հիշատակված կառույցների մի մասն արդեն իսկ մեզ են հաղորդել տեղեկություններ, որոնք ընդհանրական բնույթ ունեն և բացարձակապես անհատական չեն:
Կարծում ենք, որ վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խնդիրը վերաբերում է ոչ թե «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր ճանապարհներով արտասահման արտագաղթած ընտանիքների` իրենց կամքին հակառակ Հայաստան վերադարձին» և ոչ էլ, առավել ևս «թեմի տարածքում համապատասխան պարագաներով բնակություն հաստատած հայաստանցիների անուններն ու հասցեները փոխանցելուն», այլ ընդամենը արտասահմանում բնակվող մեր քաղաքացիների փաստաթղղթերի հետ կապված հիմնախնդիրների վեր հանմանը և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակմանը:
Հարկ ենք համարում նաև անդրադառնալ ինչպես հոդվածում, այնպես էլ որոշ մեկնաբանություններում արտահայտված այն մտքին, թե Եվրամիությունը մեծ դրամական միջոցներ է փոխանցում ՀՀ պետբյուջե` դեպորտացիայի ենթարկվող հայերին իրենց նախկին բնակավայրերում վերստին ընդունելու և կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար:
Այո, ԵՄ առանձին պետություններ, իրենց տարածքներում ապօրինի գտնվող անձանց ծագման երկրներ վերադարձի և այնտեղ վերաինտեգրման նպատակով, ծրագրեր են իրականացնում: Դրանք վերաբերում են ոչ միայն ՀՀ, այլև ցանկացած երկրի քաղաքացիներին: Այդպիսի ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են կամ միջազգային, կամ էլ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Գումարները տրամադրվում են այդ կազմակերպություններին (այլ ոչ թե փոխանցվում ՀՀ պետական բյուջե)` ծրագրերի շրջանակներում վերադարձողներին աջակցելու և ծառայություններ մատուցելու նպատակով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
9 օգոստոսի 2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել