
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում Տեսչական մարմինը գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցրել
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացվել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Երևանյան փողոցի 87 հասցեում՝ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտներում։
Տեսչական մարմնից փոխանցում են, որ արդյունքում 2025 թվականի մարտի 27-ին հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ակնհայտնորեն արձանագրված խախտումներն անմիջական և ուղղակի սպառնալիք հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:
«Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել