
Սալմոնելայով թռչնամիսը իրացվել է շուկայում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը կասեցրել է «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը։
2025 թվականի մարտի 24-ին ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով «հավի միս պաղեցված» և «հավի միս սառեցված» արտադրատեսակները չեն համապատասխանել ԵԱՏՄ 051/2021 պահանջներին՝ համապատասխանաբար՝ ախտածին ա/թ սալմոնելաներ և տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս ցուցանիշներով:
Ըստ ՍԱՏՄ տվյալների՝ արտադրանքի աղտոտումը եղել է երկրորդային փուլում, այսինքն՝ չեն պահպանվել հիգիենիկ նորմերը։
Թռչնամսի խմբաքանակը 8586 կգ է, որը պետք է օգտահանվի կամ ոչնչացվի՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի։ Նշված խմբաքանակի մի մասն արդեն իրացվել էր շուկայում, քանի որ նմուշառում իրականացվել էր մարտի 19-ին, իսկ անհամապատասխանությունը լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է մարտի 24-ին։
ՍԱՏՄ-ն կարգադրել է թռչնաֆաբրիկային շուկայից հետ կանչել իրացված թռչնամիսը՝ ոչնչացնելու նպատակով, արդյունքում հետ է կանչվել 120 կգ թռչնամիս։ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, և տրվել է թերությունները վերացնելու համար ժամանակ։ Կազմակերպությունն արդեն դիմում է ներկայացրել՝ սանիտարական և ախտահանիչ գործողությունների կատարման ավարտի մասին:
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ից «Հետքի»-ն հայտնեցին, որ երկրորդ անգամ կատարվել է նմուշառում, և իրենք վերացրել են հայտնաբերված բոլոր թերությունները։ Բայց գործունեությունը վերսկսելու թույլտվության վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության տսեչական մարմինը դեռևս որևէ հաղորդագրություն չի տարածել։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել