HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Ներկայիս Թուրքիայի հիմքում ռասսայական խտրականությունն է». Թաներ Աքչամ

Ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում տեղի ունեցավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպել էին Newmag հրատարակչությունը և ՀԲԸՄ-ն՝ «Ցեղասպանագիտության շաբաթի» շրջանակներում։

Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, ով համարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կարևորագույն դեր ունեցող գիտնականներից։ Նա առաջին թուրք մտավորականներից էր, ով ոչ միայն հրապարակայնորեն ճանաչեց, այլ նաև դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

Ներկայում Աքչամը դասավանդում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում գտնվող Քլարք համալսարանում՝ Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ երկար տարիներ ղեկավարել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնը։

Գիրքը՝ «Ցեղասպան պետության ակունքները», հայերեն թարգմանվել է անգլերենից և ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտի և նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ձևավորման պատմությունը՝ 1918-1923 թվականներին։

Աքչամի խոսքով՝ գիրքը գրելու միտքն առաջացել է 2023 թվականին, երբ նշվում էր Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Գրքում հեղինակը ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ապարտեիդի ռեժիմը նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում։

«Այս հարյուրամյակի ընթացքում գեթ մեկ քրիստոնյա, հրեա, հույն կամ հայ գոյություն չի ունեցել Թուրքիայի բարձրաստիճան օղակներում։ Անատոլիայում հայկական բնակչությունը 1920-ականներին կազմում էր մոտ 5%։ Եվ այդ ընթացքում նրանցից ոչ մեկը չի ընդունվել ռազմական ակադեմիա։ Արդյո՞ք սա պատահականություն է, թե հստակ ծրագրված քաղաքականություն։ Այս հարցին ես ինքս պատասխանել եմ։ Սա պատակահանություն չէ, այլ հստակ միտում։ Եվ ես այն անվանում եմ ապարտեիդի ռեժիմ»,- ասաց Աքչամը։

Պատմաբանի խոսքով՝ ապարտեիդի ռեժիմի հիմքերը դրվել են Թուրքիայի ստեղծման հենց սկզբից, երբ մշակում էին սահմանադրությունը։ Թուրքական խորհրդարանի այն ժամանակվա պատգամավորներից մեկը առաջարկել էր տալ հարցի պատասխանը, թե ով է Թուրքիայի Հանրապետության քաղաքացին։

«Եվ սահմանադրությունում նշվեց, որ մեր քաղաքացին այն մարդն է, որը սունի մուսուլման է և խոսում է թուրքերեն։ Այսպես ձևավորվեց ապարտեիդի ռեժիմի բուրգը, որի վերևում գտնվում են թուրքերը, մեջտեղում ոչ թուրք մուսուլմաններն են, իսկ ներքևում քրիստոնյաներն են, հրեաները և այլն»,- նշեց Աքչամը։

Թաներ Աչքամը բարձրացնում է ևս մեկ հարց՝ ինչու են բոլորը Թուրքիայում խոսում անհավասարության, մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների մասին, բայց չեն նշում, որ ամբողջ օրենսդրական համակարգը ստեղծված է ապարտեիդի ռեժիմի վրա։ Ըստ Աքչամի՝ դա այն պատճառով է, որ Թուրքիայի ներկայիս հանրապետության ստեղծման առաջին հինգ տարիները բոլորը համարում են անկախության համար պատերազմի տարիներ, և ոչ ոք չի ցանկանում այլ տեսանկյունից դիտարկել պատմության այդ շրջանը։

«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Աքչամը կոնկրետ օրինակներով է ներկայացրել ապարտեիդի ռեժիմի դրսևորումները։

«Երբ մի թուրք սպա ամուսնացել է Թուրքիայի քաղաքացի հայուհու հետ, նրան հեռացրել են բանակից՝ պատճառաբանելով, որ նա հանցանք է գործել։ Այսինքն՝ հայ կնոջ հետ ամուսնությունը համարել են հանցանք»,- ասում է Թաներ Աքչամը։

Գրքում նաև ներկայացած են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ թուրքական պետությունը համարակալում է իր քաղաքացիների ծննդյան վկայականներն ու անձնագրերը, որպեսզի իմանա, թե որ ազգին են նրանք պատկանում, և ազգային փոքրամասնությունները չկարողանան հայտնվել բարձրաստիճան պաշտոններում։

«Այդ համարակալման մեջ հույները 1-ին են, հայերը 2-ը, հրեաները 3-ը և այլն։ Եվ եթե նույնիսկ նորածնի ծնողները չիմանան կամ մոռացած լինեն, որ իրենք այս կամ այն ազգային փոքրամասնության ներկայացուցիչն են, պետությունը դա երբեք չի մոռանում»,- ասում է թուրք պատմաբանը։

«Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը «Ցեղասպանության շաբաթ» միջոցառումների շարքից է։ Երեկ տեղի ունեցավ ամերիկահայ իրավագետ և պատմաբան Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Վաղը նախատեսված է շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի շնորհանդեսը։

«Ցեղասպանության շաբաթ»-ի շրջանակում կանցկացվեն նաև պատմագիտական և փորձագիտական քննարկումներ, որոնց ընթացքում ցեղասպանագետներն ու պատմաբանները հանդես կգան զեկույցներով, բանախոսություններով և գիտական վերլուծություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter