Հայաստանում գործում է ավելի քան 150 երիտասարդական ակումբ
Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ օգոստոսի 10-12-ը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական ակումբների համաժողով:
Համաժողովի ընթացքում երիտասարդական ակումների ղեկավարները կքննարկեն երիտասարդությանը հուզող հիմնախնդիրներ, կառաջարկեն լուծումներ, կհանդիպեն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Օգոստոսի 12-ին' երիտասարդության միջազգային օրը, ԵԱԴ-ն համաժողովի մասնակիցների անունից կհրապարակի «Ուղերձ», Երևանի կենտրոնում կկազմակերպվի երիտասարդական ֆլեշ-մոբ:
Համաժողովի նպատակն է Հայաստանում զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել երիտասարդական ակումբների համախմբմանն ու տարածմանը:
ԵԱԴ-ն միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում:
Այսօր հանրապետությունում գործող երիտասարդական ակումբների թիվն անցնում է 150-ից: Բազմաթիվ երիտասարդական ակումբներ, համայնքային զարգացման երիտասարդական կենտրոններ գործում են մեկուսացված, մյուսները համագործակցության փորձ ունեն, իսկ առանձին երիտասարդական ծրագրային խմբեր գործում են միջազգային կամ տեղական կառույցների հովանու ներքո:
Հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, չափանիշեր:
«Մյուս կողմից, պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է աշխատանքը մարզային երիտասարդության հետ, նրանց ներգրավումը ակտիվ հասարակական կյանք' օգտագործելով նաև երիտասարդական ակումբների ու կենտրոնների կարողություններն ու հնարավորությունները»,- հայտնում է Երիտասարդական ակումբների դաշնությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել